Քաղաքական միավորների առաջնորդների հռետորաբանությունը կարո՞ղ էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամարտահայտման ու ընտրությունների վերջնարդյունքի վրա: Այսօր Սահմանադրական դատարանում դատավոր Էդգար Շաթիրյանն այս հարցը ուղղեց երրորդ անձ ներկայացնող ՔՊ ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությունը, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Միանգամից պատասխանեմ՝ ոչ, վերջնական արդյունքների վրա էական ազդեցություն չէր կարող միանշանակ գործել»,- պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ չափազանցված է համարում նման խոսքի հնարավոր ազդեցությունը։
Կարդացեք նաև
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ շարունակեց՝ նշելով, որ պետք է տարբերակենք ատելության խոսքը, քարոզը, ապատեղեկատվությունը ու չափենք դրա ազդեցությունը ընտրության արդյունքի վրա. «Պետք է տարբերակենք, երբ խոսում ենք ատելության խոսքի մասին, որը, ըստ դիմումատուների, այն մակարդակի է եղել ՔՊ-ի կողմից, որ ահաբեկել է ժողովրդին, դրդել է գնալ ու քվեարկել նրանց օգտին: Նախորդ օրը փորձեցինք հասկանալ, ինչի մասին է խոսքը, ասվում է՝ վարչապետն ասել է՝ ինչո՞ւ չեք զոհվել, դա մարդկանց մեջ վախ է առաջացրել, դրանից հետո անհասկանալի է՝ ի՞նչ է եղել, մարդիկ վախեցե՞լ են դրանից, գնացել են ընտրե՞լ, թե՞ ոչ»։
Ըստ Գալյանի՝ քարոզարշավի ընթացքում հնչեցված արտահայտություններից որոշների արդյունքում ինչ-որ առումով կարելի է խոսել վարկանիշի նվազման մասին, ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































