Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ

Հունիս 29,2026 14:34 Share

«Դուք պնդում եք, որ ընտրական գործընթացների ժամանակ հրապարակված գաղտնալսումները բացասաբար են ազդել ընտրողների կամարտահայտության վրա ու ընտրությունների արդյունքների վրա: Երեք ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ ՌԴ նախագահի և մի շարք այլ պաշտոնյաների խոսքը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ երեք ուժերին, որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ընտրությունների արդյունքների և ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, ու ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»,- այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը (լուսանկարում) այս հարցը ուղղեց հունիսի 7-ի ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական ուժերին։

«Խնդրում եմ այսուհետ երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցնել, դա տեղավորվում է քաղաքական ուժերից երրորդ անձի քաղաքական պնդումների ներքո: Հակառակ դեպքում խնդրելու եմ քննարկել Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի ներքո»,- արձագանքեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա նաև շեշտեց, որ մի քաղաքական ուժ կա, որը ստացել է անվանական աջակցություն, և այդ աջակցությունն օգտագործել է ընտրական գործընթացների մեջ. դա ՔՊ-ն է:

Օրբելյանի այս արձագանքից հետո Սեդա Սաֆարյանը փոշմանեց, իրեն ուղղեց, որ ԲՀԿ-ին չէր վերաբերում, նկատի ուներ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումի քննությունը, որով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էլ Սեդա Սաֆարյանի հարցին պատասխանելուց առաջ նախ ճշտեց՝ դատավորը քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարց էր տալիս: ՍԴ նախագահը միջամտեց՝ ասելով, թե այս պահին չենք գնահատում՝ իրավակա՞ն է, թե՞ քաղաքական, պարզապես պետք է պատասխանել դատավորի հարցին:

«Այդ հակափաստարկումը կարող էր իրականացվել պատասխանողի կամ երրորդ անձի կողմից, ես գտնում եմ, որ եթե դատավորներից որևէ մեկը գտնի, որ սա կարող է հանդիսանալ հիմք, ապա պետք է վերստին քննարկել դատավորի մասնակցության անհնարինության հարցը»,- պատասխանեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ Սեդա Սաֆարյանի հարցն առաջացրեց անաչառության ու կանխակալության մտահոգություն։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ հարցին պատասխանելուց առաջ խնդրեց, որ դատավոր Սեդա Սաֆարյանը ևս մեկ անգամ կրկնի հարցը, և այս անգամ Սեդա Սաֆարյանը սկսեց պնդումներ անել իր հարցում: Մասնավորապես ասաց. «ՌԴ նախագահը և այլ պաշտոնյաներ պարբերաբար ՀՀ իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ պաշտպանություն են արել, ու դրան հաջորդել են որոշակի գործողություններ՝ Լարսում գործարարներին զրկելու և…»: Սեդա Սաֆարյանի հարցի կրկնությունը կիսատ մնաց, ընդհատեց Արամ Օրբելյանը՝ պնդելով, որ քաղաքական հայտարարություն է արվում, դատավորն իր պնդումները որպես հաստատված փաստ է ներկայացնում: Օրբելյանը նկատողություն ստացավ։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930