Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ականատես եղանք, որ Սահմանադրական դատարանում պատասխանողն օգտվեց լռելու իրավունքից, երբ դատավորներից մեկի ուղիղ հարցմանը պատասխան չտրվեց. Վարդևանյան

Հուլիս 01,2026 11:54 Share

«Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն։ Այս խոսքերը 2026-ին հենց այս ընտրության արդյունքների վեճի շրջանակներում շատ ավելի մեծ իմաստ են ձեռք բերել»,– այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի այս խոսքերով սկսեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ մենք Սահմանադրական դատարանում տեսանք, որ գործով պատասխանողը պատասխան չունի մի շարք հարցերի վերաբերյալ. «Դատաքննության ժամանակ տեսանք, ինչպես է հնարավոր մի շարք հարցերի չպատասխանել։ Սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում, առաջին անգամ ականատես եղանք, որ Սահմանադրական դատարանում պատասխանողն օգտվեց լռելու իրավունքից, երբ դատավորներից մեկի ուղիղ հարցմանը պատասխան չտրվեց։ Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան ու չեն եղել ազատ ու հավասար։ Մենք ներկայացրինք ատելության խոսքի մասշտաբայնությունը, որի վերաբերյալ կա Վարչական դատարանի իրավական ակտը։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի, ներկայացրինք կրկին դատական ակտ, հիմնավորեցինք, որ այս ընտրական գործընթացի, վեճի շրջանակներում լիազոր մարմինն ունեցել է անկախության դեֆիցիտ։

Տեսանք, ինչպես ՍԴ-ն իր կազմի փոփոխություն ունեցավ մասնակցության անհնարինության որոշումներով, որը բնավ տեղի չի ունեցել ԿԸՀ-ի դեպքում»։

Վարդևանյանը շեշտեց՝ ԿԸՀ նախագահը ՔՊ հիմնադիր անդամ է եղել. «Արդյոք սա կասկածի տեղիք տալի՞ս է, թե՞ ոչ, չի՞ ստվերում ամբողջ ընտրական գործընթացը, թե՞ ոչ։

Այն, որ պետք է լինեն հավասար ընտրություններ, իսկ այս ընտրությունները չեն եղել, դա փաստ է։ Հավասար ընտրությունների մասին, երբ դատողություններ ենք անում, ՍԴ-ն իր որոշումներում միշտ ընդգծել է, որ հավասարության երաշխիքը Սահմանադրության 7-րդ հոդվածից բխող ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին։ «Ուժեղ Հայաստանը» չի ունեցել դրա նվազագույն երաշխիքը, դրա համար ապրիլի 7-ին Ընտրական օրենսգիրք է փոփոխվում, որ Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի, քվեաթերթիկում հանկարծ չհիշատակվի, ամբողջ ընտրական գործընթացում լինում է տնային կալանքում։ Եթե նման պայմաններում լիներ մյուս ուժը, ում շահերին վերաբերում է այս վեճը, արդյոք կլինեին ընտրության արդյունքներն այնպիսին, ինչպես հրապարակել է ԿԸՀ-ն։ Թույլ տվեք պնդեմ՝ ոչ։

Հավասարության տեսանկյունից արդյոք կարող էինք նաև մենք, որպես ընտրությունների մասնակից ուժ, փետրվարի 7-ին հաջորդած ժամանակաշրջանում, օրինակ, նպաստները բարձրացնեինք, դրա մենաշնորհը պատկանում էր միայն մեկ կուսակցության։ Փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում ՀՀ-ում կենսաթոշակները բարձրացվում են 10.000 դրամով ու ներկայացվում է որպես մի գործողություն, որը կապ չունի քաղաքական գործընթացի հետ։ Եթե կապ չուներ, ապա ինչո՞ւ էր 2025 թվականի դեկտեմբերին այդ նույն կուսակցության առաջնորդը ԱԺ ամբիոնից, որպես վարչապետ, հայտարարում, որ դրա կարիքը չկա»։

«Շատ քննարկվեց Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների հարցը՝ հարուցված քրեական վարույթներ, մեղադրյալներ։ Բայց Հակակոռուպցիոն կոմիտեն կամ դատախազությունը բնավ չէին խոսելու այն մասին, որ այդ նույն քրեական վարույթների, կալանքի միջնորդությունների ինչ մեծ զանգված հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժվել է, դրա մասին հաղորդագրություն չի տարածվել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է 16.000 քվեարկողների հնարավոր կրկնաքվեարկության ռիսկերին, Վարդևանյանն ասաց՝ դրա վերաբերյալ որեւէ բովանդակային հակափաստարկ չեն ստացել և այդ կասկածը որպես խարան մնալու է. «Այս ընտրությունները պետք է արձանագրենք որպես Հայաստանում կուսակցապետության հիմնարար մշակույթի ձեւավորման մի ճանապարհ»:

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031