«Դատարանը շատ ծանրաբեռնված է, դիմումները թիվը մեծ է, նյութն ահռելի է, շատ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատում են՝ դիմող կողմն էլ, դատարանն էլ»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) փակ նիստից առաջ, որտեղ քննվում են հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Արտակ Զեյլանյանը։
Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ՝ նա չի մասնակցում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությանը, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Լրագրողները փաստեցին՝ ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն էր ներկայացրել, որ ՍԴ-ն իրենց դիմումները քննի ամբողջական կազմով, որը մերժվեց և հարցին՝ Դուք համաձա՞յն էիք այդ միջնորդությանը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Ես կառաջնորդվեմ բացառապես ՍԴ աշխատակարգային որոշմամբ և կմնամ դրա սահմաններում»։ Հիշեցմանը՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն էլ հայտարարել էր, որ դժվարությամբ են բաժանվել իրենց գործընկերներ Արտակ Զեյնալյանից և Վլադիմիր Վարդանյանից և հարցին՝ արդյոք կրճատ կազմով ավելի ծանր չի՞ լինի աշխատանքը ՍԴ-ի համար, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Անշուշտ, ավելի ծանրաբեռնված է»։
Լրագրողների հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կտա ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի այն հայտարարություններին, թե ՌԴ-ն ազդեցություն է ունեցել ՀՀ-ում ընտրությունների վրա, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Ընտրական գործընթացներն իրավական լինելուց զատ՝ նաև քաղաքական են կամ հակառակը, և այդպիսի պնդումներ կամ հարցապնդումներ կարող են լինել ՍԴ-ում»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ դեռ ՍԴ-ն որոշում չի կայացրել, բայց արդեն իշխող կուսակցությունը խորհրդարան է ձևավորում, խոսվում է կառավարության ձևավորման մասին և հարցին՝ դա ճի՞շտ մոտեցում է, թե՞ պետք է սպասեին ՍԴ-ի որոշմանը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Քաղաքական կազմակերպությունները, կուսակցություններն իրենք են որոշում՝ ինչպես վարվել, իրավական մարմինն իր գործընթացներն ու օրակարգն ունի։ Դա իրենց խնդիրն ու իրավունքն է։ Ազատ են»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































