«ԲՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցման մասով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտահոգություններ ունեցե՞լ է»,- այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն այս հարցը ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությունը, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Մենք չէինք կարող մտահոգություն ունենալ, որովհետև մենք պարտավոր էինք առաջնորդվել Ընտրական օրենսգրքով: Այն, որ տեսնում ենք, որ քաղաքական ուժն օգտվում է Ընտրական օրենսգրքում առկա բացից, դա ընկալել ենք որպես Ընտրական օրենսգրքի կարգավորումներից բխող գործողություն»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը։
Կարդացեք նաև

A special session is underway at the Constitutional Court following applications filed by several political parties regarding the certification of the results of the June 7, 2026 regular National Assembly elections. Yerevan, Armenia
Դատավոր Շաթիրյանը նաև հետաքրքրվեց՝ ԿԸՀ նախնական արդյունքներով ԲՀԿ-ն հաղթահարե՞լ էր 4 տոկոսանոց շեմը։
«Երբ հրապարակել ենք նախնական արդյունքները՝ ոչ, չէր հաղթահարել»,- ասաց Հովակիմյանը։
Դատավոր Շաթիրյանը նաև հետաքրքրվեց՝ այն տեղամասերում, որտեղ անճշտություններ էին արձանագրվել, ու անվավեր էին ճանաչվել ԲՀԿ-ի ձայները, այդ տեղամասերում ԲՀԿ-ի քվեաթերթիկների թվի հանրագումարը որքան է կազմել։ Հովակիմյանը պատասխանեց՝ չգիտեմ։ Դատավոր Շաթիրյանը հարցրեց՝ իսկ ո՞վ կիմանա։
«Պատասխանողը հրապարակել է»,- պատասխանեց Հովակիմյանը։
Դատավոր Շաթիրյանը նաև հարցրեց՝ իսկ վերոնշյալ տեղամասերում ԲՀԿ-ի քվեների անվավեր չճանաչվելու դեպքում ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4 տոկոսանոց շեմը։ Հովակիմյանը կրկին պատասխանեց՝ չգիտի, պարզաբանեց, որ կարող էր պատասխանել, եթե ունենար այդ տեղամասերում վավեր քվեաթերթիկներ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































