«Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ՍԴ-ին ներկայացված դիմումում այս պահանջներն են ներկայացված։
Դիմումում մի շարք փաստական հանգամանքներ են ներկայացված՝ վարչական ռեսուրսի չարաշահման, քաղաքական ուժերի հավասարության սկզբունքի բացակայության մասին, ու ամրագրված է․ «Սույն դիմումով ներկայացված փաստական հանգամանքները վկայում են, որ ընտրական գործընթացի տարբեր փուլերում խաթարվել են ընտրությունների ազատության, հավասարության, մրցակցայնության և թափանցիկության սահմանադրական երաշխիքները։ Հետևաբար արձանագրված խախտումները պետք է գնահատվեն՝ որպես Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարական ընտրակարգի և ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքի էական խաթարում»։
Դիմումում, ներկայացնելով վարչական ռեսուրսի չարաշահման փաստական տվյալներ, հետևյալ պնդումն է արվում․ «Սույն դիմումում ներկայացված փաստական տվյալները վկայում են ոչ թե առանձին և պատահական խախտումների, այլ ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում դրսևորված համակարգային խնդիրների առկայության մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ազատության, հավասարության և արդարության վրա»։
Խախտումները դիմումում ներկայացվում են հետևյալ խմբերով՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների սկզբունքի խախտում, ընտրական գործընթացին միջամտություն, վիրավորական, զրպարտչական և ատելության խոսք պարունակող քարոզչական նյութերի լայն տարածում, խախտումներ քվեարկության և ձայների հաշվարկման փուլում․ «Ավելին, քվեարկության արդյունքների ամփոփման փուլում ԿԸՀ-ի կողմից ակնհայտորեն խախտվել է ԸՕ-ի ուղիղ ամրագրված նորմը վերաքվեարկության վերաբերյալ, և հենց այդ գործողությունը ևս էական բացասական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա՝ առաջացնելով հենց Սահմանադրական դատարանի կողմից հաղթահարման ենթակա վեճ»։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան»-ի դիմումում ներկայացված մի քանի փաստեր մեջբերենք, որոնք դիմումում դրված են վարչական ռեսուրսի չարաշահման պնդման հիմքում․ «ՔՊ-ի կողմից քարոզարշավի ընթացքում կիրառվել է նաև վարչական ռեսուրս, որը դրսևորվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Փակցվել է ՔՊ-ի նախընտրական պաստառը՝ դրա ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկարով»։
Այնուհետև նշվում է, որ այս և այլ խախտումների մասին պարբերաբար ահազանգել են ԿԸՀ-ին, սակայն այդ կառույցն իր լիազորությունների շրջանակում ոչ մի գործողություն չի իրականացրել։
Ըստ «Ուժեղ Հայաստանի»՝ ընտրողների զգալի մասը չի ունեցել բավարար տեղեկացվածություն նոր կարգավորումների մասին․ «Անվավեր քվեաթերթիկների թիվը գրեթե քառապատկվել է, ինչը հիմնավորում է այս մտահոգությունները»։
Կենսաթոշակների բարձրացումը դիտարկելով միջազգային իրավական չափանիշների դիտանկյունից՝ «Ուժեղ Հայաստանի» դիմումում նշված է․ «Այս լույսի ներքո կենսաթոշակների բարձրացումը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ այն իրականացվել է հերթական ընտրությունների նշանակման մասին ՀՀ նախագահի հրամանագրի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ արդեն մեկնարկած ընտրական գործընթացի պայմաններում»։ Հիմնվելով այն փաստի վրա, որ կենսաթոշակների բարձրացումը ՀՀ կառավարության ծրագրով նախապես սահմանված գործողություն չի եղել, դիմումում այսպիսի պնդում է արվում․ «Հետևաբար կենսաթոշակների բարձրացումը տվյալ ընտրական համատեքստում պետք է որակվի՝ ոչ թե որպես չեզոք սոցիալական միջոցառում, այլ որպես պետական ֆինանսական և վարչական ռեսուրսի չարաշահմամբ իրականացված ընտրական միջամտություն»։
Դիմումում նաև հետևյալ փաստական տվյալն է ներկայացվում․ «ՔՊ-ի նախընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմված է եղել պետական և հանրային հատվածի աշխատողներից, այդ թվում՝ պետական ծառայողներից, պետական պաշտոնատար անձանցից և ԱԺ գործող պատգամավորներից, ինչն անուղղակիորեն ստեղծել է միջավայր, որ վարչական ռեսուրսն օգտագործվի կազմակերպված եղանակով և ունենա զանգվածային բնույթ»։
Ըստ «Ուժեղ Հայաստանի»՝ խորհրդարանական ընտրությունների ողջ գործընթացն ընթացել է ընտրական իրավունքի առանցքը կազմող ազատության և հավասարության սկզբունքների կոպտագույն խախտումներով։ Որպես օրինակ՝ բերվում են ՔՊ-ի կողմից տարածվող նյութերը, որոնք վարկաբեկում են քաղաքական ուժերին՝ այդ թվում «Ուժեղ Հայաստանին»․ «Հրապարակված նյութերում տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը», «պատերազմի եռագլուխ կուսակցություն», և այլն։ Ուժեղ Հայաստանին են վերագրվել իրականությանը չհամապատասխանող և կուսակցության բարի համբավն արատավորող գործողություններ, ինչպիսիք են «ձայներ գնելը», «ժողովրդին խաբելը», «պատերազմ հրահրելը», «Հայաստանի անկախությունը վերացնելը» և այլն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































