Լրահոս
Օրվա լրահոսը

Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը․ «Միասնության Թևեր»

Հուլիս 05,2026 11:18 Share

2026 թվականի հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Սահմանադրական դատարանը, շրջանցելով ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարեց իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան։

2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը․ ընտրություններին մասնակցություն՝ չհայտարարված ծախսերով, պետական համակարգի ծառայեցում ՔՊ իշխանության վերարտադրությանը, իշխանությունը համատարած վախեցնում ու սպառնում էր քաղաքացիներին հանուն սեփական վերարտադրության, պետական մարմինները ցուցաբերում էին աննախադեպ անգործություն՝ հովանավորելով իշխանության խախտումները և այլն։

Այս ընտրություններին աննախադեպ էին միջամտությունները օտար մայրաքաղաքներից՝ Մոսկվայից, Անկարայից, Բաքվից, Վաշինգտոնից ու Բրյուսելից։ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացուն պարտադրվեց ընտրություն կատարել՝ ղեկավարվելով արտաքին ուժերի նախընտրություններով։

Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք։

ՍԴ այս որոշումը նաև ծածկում է մեր քաղաքական համակարգի արատավոր և քրոնիկ խնդիրները՝ ընտրակաշառքներով, ճնշումներով, վարչական ռեսուրսների չարաշահումներով ընտրությունների վտանգավոր պրակտիկան։ Փոխանակ վեր հանելու, հանրային ուշադրության արժանացնելու և բուժելու այս խրոնիկ հիվանդությունը, Սահմանադրական դատարանի որոշմամբ այն փաստացի օրինականացվում է, իսկ այդ արատավոր մեխանիզմները դառնում՝ հանդուրժելի։

ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ։

ՍԴ այս որոշումն ակնհայտորեն բացասական է ազդելու նաև երկրի հանրային-քաղաքական կյանքի վրա՝ խորացնելով պառակտումն ու հուսահատությունը, ինչպես նաև ընկալումները, թե միևնույն է՝ ոչինչ փոխել հնարավոր չէ, և որ Հայաստանի քաղաքացին չէ Հայոց պետականության կերտողը։

«Միասնության Թևեր» կուսակցությունը հայտարարում է իր ամբողջական և սկզբունքային անհամաձայնությունը ստեղծված իրավիճակի հետ։ Մենք պատրաստ ենք մեր գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը, ընտրական արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ու ժողովրդավարության պաշտպանությանը։

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031