Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենամեծ խոչընդոտը հենց Հայաստանի ներսում է»․ Սերգեյ Մինասյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության գործընթացների հնարավոր խոչընդոտների մասին

Հուլիս 06,2026 20:25 Share

«Ամենամեծ խոչընդոտը հենց Հայաստանի ներսում է»,- «Եվրոպական միությունը Հայաստանի համար․ արժեքներ, վստահություն, բարեկեցություն» վերնագրով վերլուծական փաստաթղթի ներկայացման ժամանակ հարցին՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ի անդամակցության հարցում խոչընդոտն առաջիկա տարիներին լինելու Բրյուսելո՞ւմ, այլ երկրներո՞ւմ, թե՞ ՀՀ-ում՝ իր բարեփոխումներով, այսպես պատասխանեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։

Նա հղում կատարեց Կոպենհագենյան չափանիշներին և նշեց՝ իհարկե, ակնհայտ է, որ կան նաև արտաքին աշխարհաքաղաքական շահեր, բայց կան նաև խաղի կանոններ, որոնք ազգային մակարդակում առաջընթացի գործընթացներն են, և երկիրը դրանք պետք է ապահովի։

Հարցին՝ մոտ ապագայում ՀՀ-ն հնարավո՞ր է հայտ ներկայացնի ԵՄ անդամակցության համար, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «Քաղաքական ուղերձների մակարդակում սա արդեն արված է, օրակարգում արդեն հստակ ձևակերպվել է՝ թեև փխրուն, բայց գոնե քաղաքական մակարդակում ՀՀ օրենսդրությունն անցնում է այդ մոտարկմանը։ Աշխարհաքաղաքական տեխնիկական պայմանները դեռ թույլ չեն տալիս դրա մասին խոսել գործնականում, բայց վերջերս հնչող խոսույթը, որը հնչել է մի շարք եվրոպական մայրաքաղաքներից՝ ներառյալ Հայաստանից, խոսում է հնարավոր ճկուն մոտեցման մասին։ Գուցե սա ուղղակիորեն չվերաբերի Հայաստանին, այլ մի շարք այլ արևելյան հարևանության երկրներին, օրինակ՝ Մոլդովային, բայց ոչ սիմետրիկ անդամակցության գործընթացը, որը Ուկրաինայի դեպքում է մեկնարկել, կարծում եմ՝ հնարավոր կարող է լինել նաև Հայաստանի համար»։

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ հատկապես Վրաստանի հետ կատարվողը կարևոր դերակատարություն կարող է ունենալ ՀՀ-ԵՄ անդամակցության հարցում։ Հարցին՝ հնարավո՞ր է ճնշումը պաշտոնական Մոսկվայի կողմից մեծանա ՀՀ-ի վրա, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «ՌԴ-ն ավելի թշնամաբար է մոտենում ՀՀ-ի՝ եվրոպամետ քայլերին, ինչը կապված է նաև ԵՄ-ՌԴ մրցակցության հետ։ Սա ավելի մարտավարական հարց է։ Տնտեսական, քաղաքական, սոցիալական գին վճարելու ենք այս ընտրության համար։ Այս առումով մենք ստիպված ենք լինելու այդ գինը վճարել, որն աստիճանաբար աճում է, բայց պետք է հասկանանք սրա ռազմավարական համատեքստն ու նպատակները։ ՌԴ-ն դեռ զբաղված է Ուկրաինայով, Եվրոպան՝ նույնպես։ Բոլոր տնտեսական և ռազմական ռեսուրսներն այս պահին ներդրվում են Ուկրաինայում, և կարծում եմ՝ այս կարմիր գիծը դեռ չենք անցնի ՀՀ-ՌԴ հարաբերություններում։ Ճնշումը կա, շարունակաբար մեծանում է, ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, նաև ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին էական ճնշման մեծացում կլինի։ Ուկրաինան այս պահին Մոսկվայի ռազմավարական առաջնահերթությունն է, չգիտեմ՝ ՌԴ-ն որքանով հետո կանդրադառնա Հարավային Կովկասին»։

Դիտարկմանը՝ շատերն ասում են, որ հենց պատերազմն ավարտվի, ՌԴ-ն իր ողջ ուժերը կկենտրոնացնի Հարավային Կովկաս ներթափանցելու համար, և հարցին՝ ի՞նչ կասեք այս մասին, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «Այս պահին եղած առաջընթացը Եվրոպայի ամենամեծ հաջողություններից է Մոլդովայում, իսկ Ուկրաինայում անընդհատ սաստկացող ռազմական ու քաղաքական իրավիճակն ավելի շատ ռազմամետ արձագանքներ է առաջ բերում, քան քաղաքականամետ՝ ԵՄ-ի կողմից։ ՀՀ-ն այս դեպքում ԵՄ-ի ամենանկատելի ձեռքբերումներից է։ Հատկապես ԵՄ քաղաքական գործիչները շատ են օգտագործում այս ձեռքբերումը՝ որպես խոշոր խաղաքարտ»։

Ըստ Սերգեյ Մինասյանի՝ հայ հանրության մի մեծ հատված ԵՄ անդամակցությունը դիտարկում է վիզաների ազատականացման տիրույթում․ «Այստեղ մեկ այլ գործոն կա, որը որոշիչ է․ քաղաքական կամքը, առանց որի հատկապես հետընտրական շրջանում դժվար կլինի առաջ գալ»։ Ըստ Սերգեյ Մինասյանի՝ հատկապես ընտրական փուլում եվրոպական օրակարգը քաղաքականացվում է․ «Վիզաների ազատականացումը շատերի համար առաջին շահն է ԵՄ ինտեգրման հարցում։ Բայց մեր հասարակության շատ խմբերի համար կան շատ կարևոր և նաև թունավոր թեմաներ՝ սեռական փոքրամասնությունների, ինքնության հարցերը, այս ֆոնին առավել հմուտ և բազմաշերտ շփումը դառնում է կարևոր բաղադրիչներից մեկը»։

Հարցին՝ առանց ազատ առևտրի համաձայնագրի, Թուրքիայի հետ փակ սահմաններով և ռուսական սուրը գլխներիս կախված՝ ինչպե՞ս կարող է ՀՀ-ն առաջ գնալ ԵՄ-ի հետ հարաբերություններում, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «Երբ ընդհանուր առմամբ խոսքը ինտեգրման գործընթացների մասին է, կարող է առանց անդամակցության առաջարկի ԵՄ-ն ճկունություն ցուցաբերել։ Այդպիսի ճկունություն ցուցաբերել է նաև Ուկրաինայի դեպքում։ Սա կարող է լինել միջնաժամկետ լուծում Հայաստանի համար։ Հարց է, թե ինչպես կարձագանքեն ՌԴ-ն և եվրասիական գործընկերները։ Այս արձագանքման միջոցները թույլ կտան երկարաժամկետ հեռանկարում աշխարհաքաղաքական պատկեր տեսնել։ Ես դեռ շեշտադրում եմ ավելի կարևոր զարգացումների վրա Ուկրաինայում, և դրա հիման վրա կգտնենք պատասխաններ ՀՀ-ԵՄ համագործակցության, ազատ առևտրի պայմանագրի հետ կապված։ Եթե ռազմավարական, անվտանգային տեսանկյունից հնարավոր է ունենալ ՀԱՊԿ սառեցված անդամակցություն, ռուսական բազա, ռուս սահմանապահներ և ԵՄ մշտական առաքելություններ, հնարավոր է այս հարցերն այսպես կառավարել, ապա հնարավոր է կառավարել նաև տնտեսական տիրույթը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031