Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել առգրավված առյուծի անկման դեպքի առթիվ

Հուլիս 08,2026 17:39 Share

Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկի անկման դեպքի առթիվ առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա կդարձվի այն նույն քրեական վարույթով, որով ՔԿ-ն իրեղեն ապացույց է ճանաչել առյուծին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք`հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվել, ինչին հաջորդել է վերջինիս ձերբակալությունը, ապա կալանավորումը։

Գործողություններն իրականացվել են՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթների շրջանակներում՝ կապված փողերի լվացման հետ։ Սա, սակայն, ամենը չէր․ ՔԿ-ում ևս մեկ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Քրեական վարույթով որպես իրեղեն ճանաչված ազնվացեղ սպիտակ առյուծներից մեկը, սակայն, Կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո քնեցումից չի արթնացել, անկել է։

Կենդանաբանական այգուց պարզաբանում էին տարածել, թե կենդանին, իբրև, ծեր էր, ուներ առողջական խնդիրներ, մինչդեռ, անկած առյուծն ընդամենը 12 տարեկան էր այն դեպքում, երբ առյուծներն ազատության մեջ ապրում են 20-25 տարի, ավելին, մասնագետները նույնիսկ կասկածներ ունեն, որ անկած առյուծը կարող էր նույնիսկ հղի լինել։ Մասնագետները նաև ընդգծում են՝ Կենդանաբանական այգու աշխատակիցները կատվազգիներին կոպիտ խախտումներով են քնեցրել, տեղափոխելիս նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել, իսկ վզի և գլխի հատվածը տեղափոխելիս կարող էին վնասել՝ կոպիտ տեղաշարժելով։ Ինչ վերաբերում է այգու կողմից մատնանշված հիվանդություններին, ապա պարզ չէ, թե դրանք ա՞յն աստիճանի էին, որ կարող էին հանգեցնել մահվան: Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք այգու աշխատակիցները մինչ քնեցնելը բուժզննության ենթարկել են առյուծներին, թե ոչ, ինչպես են որոշել՝ քնաբերի չափաբաժինը, առհասարակ ինչու որոշվեց, որ կենդանիները պետք է տեղափոխվեն Կենդանաբանական այգի՝ ի պահ, որքանով էր դա իրավաչափ։

Այդուհանդերձ, որպես «իրեղեն ապացույց» առգրավված առյուծի անկման դեպքով առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի, պարզ չէ, թե օրինակ, նախաքննական մարմնի կողմից արդյո՞ք քննության առարկա կդարձվի՝ Կենդանաբանական այգու աշխատակիցների կամ կենդանու քնեցմամբ, տեղափոխմամբ զբաղվող մասնագետների գործողությունները, թե այդուհանդերձ կորոշեն, որ առյուծի անկման պատճառն, օրինակ, նրա՝ նախկինում պահման պայմաններն են եղել։ Հատկանշական է, որ սա ամենևին առաջին կորսված իրեղեն ապացույցը չէ․ ավելի քան մեկ տարի առաջ, օրինակ, ՔԿ-ում պահվող իրեղեն ապացույց 590 000 ԱՄՆ դոլար գումարն էին հափշտակել․․․

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել