Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Ըստ նրա՝ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ «էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը»։
Պաշտոնական Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը։
Ընդ որում, Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»։
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև TRIPP նախագծի մասին՝ կրկին անվանելով այն «Զանգեզուրի միջանցք». «Այդ նախագծին աջակցում է նաև ԱՄՆ-ը։ Այդ ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Միևնույն ժամանակ TRIPP-ի մուտքային և ելքային հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, այդ պատճառով ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացնում են գործընթացի մասին։ Մեզ տրված խոստումների համաձայն՝ գործընթացն առաջ է շարժվում, այժմ փաստաթղթերի նախապատրաստման փուլն է»։


















































