ՀՀ-ից որոշ ժամանակով բացակայող կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները բացառապես քաղաքացիության ուժով ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք, և կրում են ՀՀ քաղաքացիների պարտականությունները, որոնցից արտերկրում բնակվելու ուժով չեն ազատվում, օրինակ՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու։
Նախագծի ընդունման այն հիմնավորումը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղղորդված, մտացածին է և ոչ ապացուցահեն։ Հետևաբար, անհրաժեշտ է առաջնորդվել ազդեցության գնահատման իրատեսական հեռանկարներով, այլ «ոչ արտերկրից ընտրողների հիպոթետիկ ներխուժման շուրջ հանրային վախով»։
Ավելին, ընտրական օրենսդրության բարեփոխումների արդյունավետ իրականացումը պահանջում է հետընտրական շրջանում խնդիրների հավաքագրում և գնահատում, շահագրգիռ կողմերի ու լայն հանրային քննարկումների իրականացում ու հիմնավորված օրենսդրական կարգավորումների ընդունում։
Կրկնենք, ընտրական իրավունքին վերաբերող օրենքի նախագիծը թեև ուներ հանրային բարձր կարևորություն և ՀՀ քաղաքացու իրավունքների վրա մեծ ազդեցություն, չի քննարկվել ո՛չ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, ո՛չ հասարակության առավել լայն խմբերի հետ: Նախագիծը հապշտապ առանց որևէ պատշաճ հիմնավորման և ազդեցության գնահատման ընդգրկվել է լիազորությունները ավարտող ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում՝ որպես արտահերթ քննարկման ենթակա օրենսդրական նախագիծ, ինչը խաթարում է ժողովրդավարական կառավարման սկզբունքները։
Կարդացեք նաև
Հայտարարության ամբողջական տեքստն՝ այստեղ:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ


















































