Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ներկայացումը՝ միջազգային մրցանակակիր

Հուլիս 13,2026 12:43 Share

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի Լյուդվիգ Հարությունյանի արվեստանոցի ուսանողները մասնակցել են Կասաբլանկայում անցկացված Համալսարանական թատրոնների 38-րդ միջազգային փառատոնին (FITUC 2026)։

Փառատոնի շրջանակում ուսանողների «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» ներկայացումն արժանացել է հանդիսատեսի և մասնագիտական ժյուրիի բարձր գնահատականին՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։ Ներկայացման բեմադրիչներն են Արտուշ Միքայելյանն ու Լյուդվիգ Հարությունյանը, իսկ բեմական խոսքի դասախոսը՝ Արսեն Միքայելյանը։

«Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը» բեմադրվել է ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Կենդանական պատմություններ» պիեսաշարի հիման վրա։

Բեմադրությունը մարդու հոգեբանական աշխարհի խորքային ուսումնասիրություն է, որտեղ կենդանական կերպարների բազմաշերտ խորհրդանշական համակարգի միջոցով բացահայտվում են ժամանակակից մարդու ներաշխարհն ու գոյաբանական որոնումները։ Մեկ ժամ տևողությամբ ներկայացումն անդրադառնում է անհատի և հասարակության բախմանը, ներքին մեկուսացմանը, կախվածություններին, մարդկային թուլություններին և ինքնության ճգնաժամին։ Հերոսները հայտնվում են հոգեբանական փակուղիներում, պայքարում անտարբերության դեմ և փորձում պահպանել հավատը սեփական երազանքների, ընտրության հնարավորության ու ներքին ազատության նկատմամբ։

Ներկայացման մասին FITUC փառատոնի կազմակերպիչները նշել են. «Բարձր կարգապահությամբ, տպավորիչ բեմական ներկայությամբ և բացառիկ դերասանական վարպետությամբ հայկական թատերախումբը ներկայացրեց մի բեմադրություն, որն արտացոլում էր թե՛ հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, թե՛ թատրոնի համամարդկային լեզուն։ Նրանց անկեղծությունը, նվիրվածությունն ու ստեղծագործական կիրքը բեմը վերածեցին երկխոսության, ստեղծարարության և մշակութային փոխանակման յուրահատուկ հարթակի։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հայկական պատվիրակությանը՝ իրենց արվեստն ու ավանդույթները FITUC համայնքի հետ կիսելու համար։ Նրանց ներկայացումը դարձավ գեղեցիկ հիշեցում այն մասին, որ թատրոնը սահմաններ չի ճանաչում՝ մարդկանց միավորելով հույզերի, պատմությունների և փոխըմբռնման միջոցով»։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել