Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ի ուսանողների ներկայացումը՝ Avignon Off միջազգային թատերական փառատոնի հարթակում

Հուլիս 30,2026 20:23 Share

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Թատրոնի ֆակուլտետի ուսանողները, Թատերարվեստի ամբիոնի դասախոս Իննա Հախնազարյանի ուղեկցությամբ, օրերս Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնի WYPPAM ծրագրին։ Ծրագրի շրջանակում առաջին անգամ հայ ուսանողները Գրանդ Ավինյոնի կոնսերվատորիայում ներկայացրել են «Բևեռացում հասարակության մեջ» ներկայացումը (բեմադրությունը՝ Իննա Հախնազարյանի)։ Հուլիսի 21-23-ը մասնակցել են «Ժաք Լըքոք» միջազգային թատերական դպրոցի «Դերասան. խաղը շարժման մեջ» խորագրով աշխատարանին՝ ծանոթանալով ֆիզիկական թատրոնի և բեմական շարժման ժամանակակից մեթոդներին։

Մասնակցությունը փառատոնին ուսանողների համար դարձել է միջազգային թատերական միջավայրում հանդես գալու, նոր մասնագիտական փորձ ձեռք բերելու և ժամանակակից ֆրանսիական թատրոնի առանձնահատկություններին ծանոթանալու կարևոր հնարավորություն։ Ծրագրի շրջանակում նրանք խորացրել են իրենց գիտելիքները դերասանական ժամանակակից տեխնիկաների ուղղությամբ, զարգացրել մասնագիտական հմտություններն ու ընդլայնել ստեղծագործական պատկերացումները։

Ծրագրի մասնակից ուսանողները նշում են, որ Ավինյոնի միջազգային թատերական փառատոնին մասնակցությունը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու իրենց աշխատանքը միջազգային հարթակում, ծանոթանալու թատերարվեստի բազմազանությանը և շփվելու տարբեր երկրների արվեստագետների հետ։ Ուսանողների համար առանձնահատուկ էր նաև Ավինյոնի փառատոնային մթնոլորտը՝ արվեստով ապրող քաղաքը, բազմաթիվ ներկայացումները, փողոցային կատարումները և ստեղծագործական միջավայրը։ Նրանց խոսքով՝ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն մասնագիտական զարգացմանը, այլև աշխարհայացքի ընդլայնմանը, մշակութային երկխոսության ձևավորմանն ու սեփական արվեստը միջազգային հարթակում արժևորելուն։

Ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության,  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել