Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, մեկ միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ Վարդևանյան

Հուլիս 24,2026 18:20 Share

«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, մեկ միլիարդ դրամ գրավը ո՞րն է, ինչի՞ հիման վրա է այդ գումարը առաջարկվում։ Աբսուրդային է նաև վարչական հսկողությունը՝ էլեկտրոնային սարքով։ Բացակայելու արգելք կիրառելը ներկայացուցչական մանդատ ունեցող անձի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտության գործընթացում չներառվի՞»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով նիստում հանրային մեղադրողի առաջարկի մասով իր տարակուսանքն արտահայտեց պաշտպան Արամ Վարդևանյանը։

Դատախազը, հիշեցնենք, առաջարկել էր մեկ միլիարդ դրամ գրավ, վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքով և սահմանափակումներով։

Արամ Վարդևանյանը պնդեց, որ Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի, բայց եթե դատարանն այնուհանդերձ գրավի անհրաժեշտություն տեսնի, ապա պաշտպանական կողմն առաջարկում է՝ մինչև 40 միլիոն դրամ։

Վկայակոչելով նախկին գումարման խորհրդարանի պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործով նախադեպային որոշումը՝ պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանի իրավունքները խախտվել են, որ նա հունիսի 20-ից ազատ չի արձակվել։ Նա վկայակոչեց նաև ՍԴ 1619 որոշումը, որը սահմանում է՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահին անձը ձեռք է բերում համապատասխան կարգավիճակ և չի կարող անազատության մեջ գտնվել՝ առանց ԱԺ-ի համաձայնության։

Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի՝ իր փաստաբանական գործունեության մասին տարակուսանքին էլ, Արամ Վարդևանյանն ասաց՝ Փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը նախատեսում է կասեցման հիմքը՝ այն պահից, երբ լիազորություններն են սկսում գործել․ որպես պատգամավոր իմ լիազորությունները գործունեության մեջ են լինելու օգոստոսի 2-ից։ Հավելեց՝ ՍԴ որոշմամբ էլ պատգամավորի մանդատ ստանալու պահից 30 օր ժամկետ է տրամադրվում անձին՝ ավարտելու նախկին աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լուսանկարները Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել