Հայաստանի մասին պատմող ֆիլմը, որը ստեղծվել է Եվրոպական համերաշխության կորպուսի (European Solidarity Corps – ESC) ծրագրի շրջանակում Հայաստանում կամավորություն իրականացրած չեխ կամավոր Դանիելի կողմից, արժանացել է հեղինակավոր ICJ International Award միջազգային մրցանակին։
Ֆիլմը ստեղծվել է Չեխիայի Cesta Rozvoje կազմակերպության և Հայաստանի Future in Our Hands երիտասարդական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում իրականացվող ESC ծրագրի շրջանակում։
Դանիելը Հայաստան էր ժամանել որպես Եվրոպական համերաշխության կորպուսի կամավոր՝ նպատակ ունենալով իր ստեղծագործական հայացքով ներկայացնել մեր երկիրը միջազգային հանրությանը։ Նրա կամավորական գործունեության ընթացքում կազմակերպությունը ձևավորել էր այնպիսի միջավայր, որը հնարավորություն տվեց Դանիելին կյանքի կոչել իր գաղափարը՝ ստեղծելով ֆիլմ Հայաստանի բնության, մշակույթի, պատմության և մարդկանց մասին։
Արդյունքում ստեղծված ֆիլմը ոչ միայն գեղեցիկ կերպով ներկայացնում է Հայաստանը, այլև արժանացել է միջազգային ճանաչման՝ ստանալով ICJ International Award մրցանակը։
Կարդացեք նաև
Այս հաջողությունը վառ օրինակ է, թե ինչպես կարող են միջազգային երիտասարդական ծրագրերը վերածվել մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիքի՝ Հայաստանի մասին դրական պատմություններ ներկայացնելով միջազգային լսարանին։ Միևնույն ժամանակ այն ցույց է տալիս, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել Չեխիայի և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը։
Մեր նպատակը միայն կամավորների հյուրընկալումը չէ, այլ յուրաքանչյուր երիտասարդի ներուժի բացահայտումն ու այնպիսի հնարավորությունների ստեղծումը, որոնց արդյունքում ծնվում են արժեքավոր նախաձեռնություններ։
«Դանիելի ֆիլմը լավագույն ապացույցն է, որ երբ երիտասարդներին տրվում է վստահություն, ստեղծագործելու ազատություն և աջակցություն, նրանք կարող են ստեղծել աշխատանքներ, որոնք ներկայացնում են Հայաստանը միջազգային հարթակներում և արժանանում բարձր գնահատականի», – նշում են կազմակերպությունից։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















































