Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական վարույթում Ավետ Կոնջորյանի մարմնական վնասվածք չի արձանագրվել․ փաստաբան

Հուլիս 28,2026 23:25 Share

ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեղադրյալ Աբովյանի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի պաշտպանը դեպքի վերաբերյալ Հայկ Կոնջորյանի այսօրվա հայտարարությունը համարում է իրավապահ համակարգի վրա ազդեցություն գործելու փորձ։

«Իհարկե, հենց այդպես է դրսևորվում։ Բայց հնարավոր է՝ պարոն Կոնջորյանը նկատի է ունեցել նաև իր եղբորը։ Օրինակ՝ նկատի է ունեցել, որ եղբոր արարքում խուլիգանության հանցակազմ կա, և եղբայրն էլ պետք է պարտադիր պատասխանատվության ենթարկվի։ Դրա համար չեմ շտապի ավելի մանրակրկիտ մեկնաբանել հայտարարությունը։

Եթե նման ձև է նկատի ունեցել՝ իր եղբոր գործողությունները ներառյալ, ուրեմն որոշակի առումով օբյեկտիվ կարծիք է։ Բայց քանի որ նշել է բռնություն, ենթադրում եմ՝ հնարավոր է կոնկրետ նկատի է ունեցել գործով անցնող մեղադրյալների գործողությունները։

Հաշվի առնելով, որ ինքը նաև ԱԺ փոխնախագահի թեկնածու է, իհարկե, դա նաև առնվազն ազդեցության փորձ է իրավապահ մարմինների վրա»,- Aravot.am-ին ասաց Նաիրի Հակոբյանի պաշտպան Աբգար Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանն այսօր հրապարակային գրառում էր արել սոցիալական ցանցերում՝ հայտնելով, որ բռնության ցանկացած դրսևորում՝ լինի ֆիզիկական, հոգեբանական կամ այլ տեսակի, անընդունելի է՝ անկախ այն գործադրող անձից, և անպայման այդ անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն։

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալ Նաիրի Հակոբյանը ոչ մեծ ծանրության արարքի մեջ է մեղադրվում, և հաշվի առնելով, որ նախկինում էլ դատապարտված չի եղել, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ 2 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը, չափազանց խիստ է․

«Առհասարակ խափանման միջոց պետք է չլիներ կամ, գոնե, միայն բացակայելու արգելք»։

Փաստաբան Աբգար Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Ավետ Կոնջորյանի հայհոյանքների վերաբերյալ, որոնք, ըստ փաստաբանի, ենթադրյալ խուլիգանության հանցակազմ են պարունակում։ Ի պատասխան՝ փաստաբանն ասաց․

«Քանի որ տեսաձայնագրությունը երեկ է տրամադրվել քննչական մարմնին, զերծ կմնամ պնդելուց, որ որևէ գործողություն քննչական մարմինը չի պատրաստվում կատարել։ Կոնջորյանի արարքում ենթադրյալ խուլիգանության մասով առնվազն վարույթ հարուցելու համար այդ տեսաձայնագրությունը բավարար է։ Եթե տեսնենք, որ որևէ գործողություն չի կատարվում, նոր մեր քայլերը կձեռնարկենք»։

Փաստաբանից հետաքրքրվեցինք նաև՝ ծեծի արդյունքում ինչ վնասվածքներ է ստացել Ավետ Կոնջորյանը։ Ի պատասխան՝ ասաց․

«Որևէ մարմնական վնասվածքի մասին ոչ միայն տեղեկություն չունեմ, այլև վարույթում նման տվյալ չկա։ Որովհետև եթե որևէ մարմնական վնասվածք լիներ, մեղադրանքը կլիներ ըստ հետևանքի, ոչ թե ֆիզիկական ներգործության մասով։ Հետևաբար՝ չկա»։

Թե ովքեր են այս գործով մյուս չորս մեղադրյալները, մեր զրուցակիցն ասաց, որ տեղյակ չէ, սակայն վստահեցրեց, որ Բաբկեն Հովակիմյանը՝ «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը, որի անունը մամուլի տեղեկությունների համաձայն կապվում էր Կոնջորյանի ծեծի մասնակիցների հետ, այդ վարույթով որևէ կարգավիճակ չունի։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել