Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին չի դրսեւորել վարքագիծ, որի չեզոքացման նպատակով ոստիկանների կիրառած միջոցները հնարավոր լիներ գնահատել որպես համաչափ եւ անհրաժեշտ». վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Հուլիս 29,2026 16:12 Share

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Էդգար Մանասյանի, մերժել է ՀՀ գլխավոր դատախազության դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Բողոքը վերաբերում էր նախորդ տարվա դեպքին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով գետնին պառկեցրել քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը՝ փորձել են ձեռնաշղթաներ հագցնել ու բերման ենթարկել: Այդ ամենը տեղի էր ունեցել նրա տանը։

Տուժողը փաստաբանին նաեւ պատմել էր, որ ոստիկանության բաժին տանելուց հետո էլ են բռնություն կիրառել։ Իսկ բռնության հետքերն ակնհայտ են եղել՝ամբողջ դեմքի այտուցները, կապտուկները, գլխի, մեջքի վնասվածքները։ Սերգեյ Աբրահամյանն Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում խանութից գողության գործով անցնում էր որպես վկա։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը նշում է՝ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ վերահաստատել է առաջին ատյանի դատարանի հիմնավորումները եւ կատարել մի շարք կարեւոր եզրահանգումներ։

Ըստ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ խոշտանգման վերաբերյալ գործերով ենթադրյալ իրավախախտում կատարած պաշտոնատար անձանց ցուցմունքներն ինքնին բավարար չեն նրանց գործողությունների իրավաչափությունը հաստատված համարելու համար, իսկ ոստիկանների կողմից ուժի կիրառումը տվյալ դեպքում չի եղել խիստ անհրաժեշտ։ «Դատարանը նշել է, որ Սերգեյ Աբրահամյանը չի դրսեւորել այնպիսի ագրեսիվ վարքագիծ, որի չեզոքացման նպատակով ոստիկանների կողմից կիրառված միջոցները հնարավոր լիներ գնահատել որպես համաչափ եւ անհրաժեշտ»,- նշում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբանը։

Նրա խոսքով՝ դատարանը նաեւ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել գործի արդյունավետ քննություն՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածով սահմանված պահանջները։

«Այսպիսով՝ թե առաջին, թե վերաքննիչ դատարանները հստակ արձանագրել են, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը չի եղել ոչ անհրաժեշտ, ոչ էլ համաչափ, իսկ գործով իրականացված քննությունը չի համապատասխանել արդյունավետության միջազգային չափանիշներին։ Չնայած դատարանների այս հստակ իրավական գնահատականներին՝ դատախազությունը մինչ օրս չի ապահովել ենթադրյալ մեղավորների արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատականի տրամադրումը։ Արդյունքում պատասխանատու անձինք շարունակում են մնալ անպատիժ, իսկ տուժողը շարունակում է պայքարել իր խախտված իրավունքների վերականգնման և արդարադատության հասնելու համար։ Անպատժելիությունը չպետք է դառնա խոշտանգումների հանդուրժման հիմք»,- եզրափակում է Արա Ղարագյոզյանը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031