Լրահոս
Օրվա լրահոսը

209 հոգի դուրս է մնացել դրական գնահատականներով. ԳԹԿ փոխտնօրեն

Հուլիս 31,2026 14:51 Share

«Ընդհանուր 2 դրական գնահատական ունեցող, բայց դուրս մնացած դիմորդների թիվը 209 է: Նրանց մի մասն ուղղակի չի ցանկացել մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը: Օրինակ, դիմորդներ կան, որ դիմել են իրավագիտության համար եւ չեն ցանկանում այլ տեղ գնալ, նախընտրում են հեռակա գնալ կամ հաջորդ տարի ընդունվել: Մի խոսքով, ավելի քան 1000 հոգի դիմել էր լրացուցիչ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար, եւ ընդհանուր առմամբ՝ գլխավոր մրցույթի եւ լրացուցիչ թափուր տեղերի մրցույթից դուրս է մնացել 209 հոգի:

Նաեւ այսպիսի բան կա՝ առաջին փուլին էլ չի եկել դիմորդը, ինքն իր գնահատականն է ուզում, որովհետեւ գնալու է հեռակա կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Նրանք քննությունները հանձնում են հունվարին կամ հունիսին եւ ասում են՝ մեզ այլ բան պետք չէ, ստացիոնարի հիմնական եւ լրացուցիչ տեղերի մրցույթներին չենք ուզում մասնակցել, ինչպես արդեն նշեցի, նրանց իրենց գնահատականներն են անհրաժեշտ: Ինչպես արդեն նշեցի, նպատակահարմար են գտնում հեռակա սովորել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյան

«Գիտեք, որ դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչեւ 6 մասնագիտություն, ու եթե այնպիսի մասնագիտություններ է գրել, որտեղ իր միավորները չեն բավարարել, բնականաբար չի ընդունվել, բայց ուրիշ տեղ էլ չի ցանկացել: Լինում են նաեւ մարդիկ, որոնք 5-րդ եւ 6-րդ տողերը գրում են այնպիսի տեղեր, օրինակ՝ ոչ պետական բուհեր, ու միանգամից ընդունվում են:

Բայց ամենավտանգավորն այն է, որ մարդիկ դիմել են, ընդունվել ոչ պետական բուհեր 6-րդ տողով, բայց չեն գնալու: Մեր խորհուրդն այս դեպքում միշտ հետեւյալն է՝ դու գրել ես 6 մասնագիտություն, միեւնույն է՝ քո ցանկացած մասնագիտությունից դուրս ես մնացել, այսինքն՝ պետք է ընտրես՝ ուզո՞ւմ ես ուրիշ մասնագիտությամբ ուսումդ շարունակել, թե՞ ոչ: Եթե ուզում ես՝ գլխավորից հետո եկող քեզ համար նախընտրելի մասնագիտություններն ընտրի: Եթե չես ցանկանում, ուրիշի տեղն անիմաստ մի զբաղեցրու: Այս համակարգը այդ նպատակով է ներդրվել:

Մենք հաստատել ենք, որ մեկ բուհ, մեկ մասնագիտություն գրեն, որովհետեւ իրավագիտությունից դուրս էին մնում, գնում էին միջազգային հարաբերություններ, միջազգայինից դուրս էին մնում, գնում էին արեւելագիտություն, այնտեղից դուրս էին մնում, գնում էին պատմություն… Այսինքն, այդքան մարդիկ իրենց տեղերում չէին լինում: Դրա համար ասացինք, որ դու պետք է մրցես քեզ նման մասնագիտություն ընտրած մարդկանց հետ, եթե ոչ՝ նոր ուրիշ մասնագիտություն ես ընտրում՝ մասնակցում թափուր մրցույթին»,- մանրամասնեց ԳԹԿ փոխտնօրենը:

Նա հավելեց, որ լրացուցիչ փուլի հետ կապված բավականին առավելություններ կան՝ մոտավորապես 1000-ից ավելի մարդ է կրկին ընդունվել: «Մի մասը, եթե զգում է, որ պետական բուհեր չի կարող ընդունվել, նույն մասնագիտությամբ գնում է ոչ պետական բուհ՝ իր գնահատականներով: Իսկ նրանք, ովքեր դուրս են մնացել՝ 209 հոգին, պարզապես չեն ցանկացել մնացած տողերը լրացնել: Նրանց խորհուրդ ենք տալիս կամ գնալ հեռակա, կամ մասնակցել հաջորդ տարի, ավելի բարձր գնահատական ստանալ եւ ընդունվել իրենց ցանկացած մասնագիտությամբ:

Նշեմ, որ 2026 թ. հունվարին ստացած գնահատականը ուժի մեջ է մինչեւ 2027 թ. դեկտեմբերի 31-ը: Այսինքն, այս տարվա բոլոր գնահատականները ուժի մեջ են մինչեւ գալիք տարվա վերջ՝ բացի զինծառայողներից: Վերջիններս գնում են բանակ, իսկ ծառայության ավարտից հետո նրանց գնահատականներն ուժի մեջ են առաջին մրցույթին, եթե քննություն չեն հանձնելու»,- մանրամասնեց Կարո Նասիբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031