«Փաստինֆո». Հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման դեմ բողոքներ են ներկայացվել թե՛ դատախազի, թե՛ պաշտպանների կողմից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հունիսի 26-ին, նախնական դատալսումների ընթացքում Արթուր Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել է և որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են տնային կալանքը՝ 3 ամսով և բացակայելու արգելքը: Տնային կալանքի ընթացքում արգելվել է Ավանեսյանին բնակության վայրում հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց՝ բացառությամբ նույն հասցեում բնակվող մերձավոր ազգականների և պաշտպանների, արգելվել է ունենալ հեռախոսային խոսակցություններ՝ բացառությամբ շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերում, արգելվել է մեղադրյալին ունենալ նամակագրություն, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:
Դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազ Արսեն Գևորգյանը՝ պահանջելով բեկանել դատարանի որոշումը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Պաշտպանության կողմը բողոքներով պահանջում է Ավանեսյանի նկատմամբ կիրառել անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Բողոքները վարույթ են ընդունվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի կողմից։ Դատական ակտի հրապարակումը նախատեսված է օգոստոսի 6-ին։
Արթուր Ավանեսյանը, հիշեցնենք, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Հետախույզ Արթուր Ավանեսյանին, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարն է, մեղադրում են՝ իբրև ընտրակաշառք առաջարկելու մեջ։ Ավանեսյանն ինքը մեղադրանքը չի ընդունում, ավելին, ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում հացադուլ է հայտարարել, սակայն օրեր անց դադարեցրել։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ավանեսյանն իբրև խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում Արթուր Իսկանդարյանին պաշտոն՝ ՀՀ Զինված ուժերում, Գեղամ Զաքարյանին՝ ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն։ Մեղադրանքն, ինչպես արդեն նշեցինք, Ավանեսյանը չի ընդունում, ավելին, պնդում են, որ Ավանեսյանը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։ Մեղադրյալի կարգավիճակում են նաև Գեղամ Զաքարյանը և Արթուր Իսկանդարյանը։ Գեղամ Զաքարյանը տնային կալանքի տակ է, Արթուր Իսկանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Կարդացեք նաև
Իզաբել Սահակյան


















































