Լրահոս
Օրվա լրահոսը

Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ սեղանների տակով վազվզում էր, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան

Օգոստոս 04,2026 15:08 Share

«Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ դեռ մի 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր այս կողմ, այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս։ Արել եմ, անում եմ ու անելու եմ, որովհետեւ դա անում եմ ՀՀ-ի, հայ ժողովրդի ու ամբողջ հայության համար։ Ինձ ոչ մեկը չի կարող զրկել այդ ցանկություններից»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի որակումները, թե թալան ու օլիգարխիական աջակցություն է բարեգործությունն այն համայնքներին, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է։

Անդրադառնալով հարցին, թե դա սպառնալիք չի՞ համարում, որ իր այլ բիզնեսներ եւս պետական կառավարման կհանձնվեն, Կարապետյանը պատասխանեց. «Թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես, գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն իրենց կյանքում, տալիս ենք, թող կառավարեն։ Հրազդանի ցեմենտը քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն։ Հետո կտեսնեք՝ ինչ կանեն ցեմենտի, կոնյակի գործարանի, ՀԷՑ-ի հետ»։

Պատասխանելով մյուս հարցին, թե դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չէ՞, Կարապետյանն ասաց. «Իրենց օրոք ՀՀ-ում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դրանք նախընտրական հայտարարություններ էին։ Ուսումնասիրեք՝ 2024, 2025-ին, 2026-ի վեց ամիսն անցավ՝ քանի միջազգային ներդրող է եղել ու ինչքան գումար է ներդրել»։

Անդրադառնալով քաղաքական համախմբման մասին իր հայտարարությանը՝ Կարապետյանն ասաց, որ գլխավոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, բայց ինքը այս փուլում չի կարող մանրամասներ ներկայացնել. «Առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, հանդիպում ենք այն մարդկանց հետ, որոնք դեռ կալանավորված չեն։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը»։

Կարապետյանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։

Հարցին՝ թեժ աշնան են սպասում, պատասխանեց. «Չեմ ուզում աշունով, գարունով սահմանափակենք, երբ կգա օրը, մենք կասենք մեր լուրջ խոսքը… Մեր երկիրը չենք տանելու ցնցումների»։

Կարապետյանն ասաց՝ օրինական ճանապարհով ինչ հնարավոր է՝ անում են, որ հեռացնեն այս իշխանությանը. «Մենք ամեն ինչ անում ենք։ Բայց կրկնեմ՝ սա մարդ չէ, սա մեխանիզմ է, մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որ վերջնական հաղթանակ տանենք, իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետեւ այն ստեղծել են շատ լուրջ, ոչ բարեկամ պետություններ։ Քանդելը ժամանակ է պահանջում, շատ դժվար է։ Ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման, նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանին»։

Կարապետյանը նաեւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը, բոլորը պետք է երազեն, որ ինքը մնա պայքարի մեջ. «Որ սրանց հեռացնենք, որովհետեւ առանց ինձ դուք չեք կարող սրանց հեռացնել»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել