Մոսկվայի «Կնիժնի միռ» հրատարակչությունը լույս է ընծայել աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երկերի ժողովածուի երկրորդ հատորը, որում ներառված են դաշնամուրային դուետի համար գրված երկու ստեղծագործություն՝ «Հայկական ռապսոդիան» և «Տոնականը»։
Դրանք հեղինակել են Առնո Բաբաջանյանն ու Ալեքսանդր Հարությունյանը։
Aravot.am-ը տեղեկացրել է, որ խորհրդային շրջանի հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի բազմահատոր և բազմաժանր երկերի ամբողջական ժողովածուի պատրաստման և հրատարակման լայնածավալ նախագիծն իրականացնում են «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը։ Ժողովածուի առաջին հատորն ավելի վաղ էր լույս տեսել։
Արդեն հրատարակված երկու հատորներում ներկայացված են կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները՝ նոր, ճշգրտված խմբագրությամբ։ Հատորներին կից ներկայացված են հրապարակվող ստեղծագործությունների պատմագրական մեկնաբանություններ, որոնք կազմվել են նախկինում հրատարակված հոդվածների և գրքերի հիման վրա։ Երկու հատորների խմբագիրն արվեստաբան Արտյոմ Անդրեասյանն է, մեկենասը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Կարախանյանը։
Կարդացեք նաև
Մասնագետների գնահատականներով՝ Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական համագործակցությունը կոմպոզիտորական արդյունավետ համատեղ աշխատանքի վառ օրինակ է։ Նրանց հեղինակած «Հայկական ռապսոդիան» և «Տոնականը» առանձնանում են արտահայտիչ ազգային կոլորիտով, մեղեդայնությամբ և վիրտուոզությամբ։ Մինչ օրս դրանք պահպանել են իրենց մեծ ճանաչումն ու պահանջվածությունը աշխարհի տարբեր երկրների պրոֆեսիոնալ դաշնամուրային անսամբլների շրջանում։
Ինչպես նշվում է «Դաշնամուրային դուետներ» հատորում, վերջին տարիների կատարողներից հատկապես առանձնանում են Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը (Հայաստան), Ալեքսանդր Գինդինը և Բորիս Բերեզովսկին (Ռուսաստան), ինչպես նաև Վոլֆգանգ Մանցը և Ռոլֆ Պլագգեն (Գերմանիա)։
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


















































