Երիտասարդ կիթառահար Արի Տագէսեանին առաջին անգամ հանդիպեցինք անցյալ ամառ՝ Play-2 Guitar Festival-ի համերգին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Մեկ տարի է անցել, սակայն այդ ելույթի հիշողությունը շարունակում է մնալ անսովոր՝ ոչ այնքան որպես համերգի հուշ, որքան որպես կայուն զգացական տպավորություն, ընդ որում՝ ոչ միայն մեզ մոտ։ Շատ բան կարելի է հասկանալ թեկուզ հենց պահվածքից, թե ինչպես է արվեստագետը բեմ բարձրանում, խոնարհվում… Արին այն երաժիշտներից է, որոնց կապը հանդիսատեսի հետ անմիջական է ու անկաշկանդ։ Չկա հեռավորություն, չկա ձևականորեն կառուցված խորհրդավորություն՝ միայն անկեղծություն ու երաժշտություն ստեղծելու ակնհայտ ուրախություն։
Կայացած համերգն ուներ մտերմիկ մթնոլորտ, որն առավել ընդգծվում էր այն հանգամանքով, թե որքան նրբորեն էր նա վերաբերվում իր գործիքի սահմանափակումներին՝ դրանք վերածելով արտահայտչական միջոցի։ Այդ մտերմությունը ոչ թե նվազեցնում, այլ խորացնում էր փորձառությունը՝ հանդիսատեսին ներքաշելով ուշադրության և հանդարտ մտորումների մի յուրատեսակ տարածք։ Թեպետ ավելի ուշ պարզվեց, որ նա նվագում է ժամանակակից կիթառով, որն ավելի հնչեղ է, քան ավանդականը, գործիքը պահպանել էր որոշակի «մերկություն»՝ թե՛ զգացական, թե՛ գրեթե ֆիզիկական իմաստով՝ ավելի մոտեցնելով ունկնդրին։
Ծրագրին մի հայացք նետելը բավական էր հասկանալու, որ սա սովորական մենահամերգ չէ։ Այն, օրինակ, ներառում էր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Մեղեդի և Հումորեսկ» ստեղծագործությունը, կոմպոզիտորի, ով երբևէ չի ստեղծագործել կիթառի համար։ Ծրագրում տեղ էին գտել հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ… Հանդիսատեսի պահանջով, այո՛, պահանջով, հնչեցին Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից ևս։ Այս ընտրությունների լայնությունն ու երևակայական մոտեցումը դեռևս նախքան բեմ բարձրանալը մատնում էին Արիի ստեղծագործական մտածողությունը։
Կարդացեք նաև
Ի դեպ, ծրագիրը կառուցված էր զգուշավոր հավասարակշռությամբ՝ միավորելով վիրտուոզությունն ու արտահայտչական խորությունը։ Տագէսեանը վստահությամբ էր անցնում դասական կիթառի բարդագույն էջերով՝ երբեք երաժշտական պատմողականությունը չզոհաբերելով ցուցադրողականության համար։ Հատկապես տպավորիչ էր Էմիլիո Պուխոլի «Իսպանական պիեսներ»-ի մեկնաբանությունը. այստեղ առաջնայինը ոչ թե տեխնիկական վարպետությունն էր, այլ նրբագեղության ու թատերականության վերակենդանացումը՝ մեկ այլ դարաշրջանի շունչը վկայակոչելով։
Այնուամենայնիվ, երեկոյի անժխտելի առանցքը դարձավ «Mediterrations»-ը՝ Տագէսեանի հեղինակային ստեղծագործությունը՝ նվիրված իր տատիկին և Բեյրութում անցկացրած մանկության հիշողություններին։ Այստեղ վիրտուոզը տեղը զիջեց պատմողին։ Իսկ ստեղծագործությունը բացվում էր խորապես անձնական հնչողությամբ, ինչը համընդհանուր արձագանք էր գտնում։ Երաժշտության հյուսվածքներն ու գույներն արթնացնում էին հիշողությունների բեկորներ՝ ծովի ձայն, արևով ողողված ջերմություն, մանկության մշուշոտ, բայց ուժգին նոստալգիա։ Այս պահին արդեն չենք կարող վերհիշել, թե մենահամերգի որ պահին, բայց հաստատ կարող ենք հավաստիացնել, որ եկավ մի պահ, ու թվում էր, թե ժամանակը դանդաղում է, իսկ համերգասրահը վերածվում է տարածքի, որը շատ ավելի անձնական է, քան հանրային…
Համերգից հետո Արիի հետ զրույցը միայն հաստատեց բեմից ստացած տպավորությունը. բեմից դուրս նա նույնքան անմիջական ու ջերմ է։ Երաժիշտը մանրամասն խոսեց իր մշակումների և առաջիկա կոմպոզիտորական ծրագրերի մասին՝ առաջնորդվելով ստեղծագործելու և կիսվելու անկեղծ ձգտումով։ Տեղեկացանք, որ հինգ տարի նա ուսանում է Royal College of Music-ում՝ հանդես գալով Լոնդոնի հեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Wigmore Hall-ում և Royal Albert Hall-ում, միաժամանակ ակտիվ ներգրավված մնալով Մեծ Բրիտանիայի հայկական համայնքում։

Իմիջիայլոց, հաճելի բացահայտում էր, որ այդ երեկոյի ընթացքում հնչած մի շարք ստեղծագործություններ ընդգրկված են կիթառահարի դեբյուտային «Familiarity with Change» ալբոմում (2024), որը թողարկվել է պրոդյուսեր Ռոբերտ Մելքումյանի համագործակցությամբ։ Երկու խոսք ալբոմի մասին. այն միավորում է Joaquin Rodrigo-ի, Francisco Tárrega-ի և Emilio Pujol-ի ստեղծագործությունները՝ ներկայացնելով կանոնական ռեպերտուարի և քիչ հայտնի գոհարների հավասարակշռված համադրություն։
Արիի զգայունությունը գույնի և կերպարի նկատմամբ մշտապես զգացվում է, իսկ յուրաքանչյուր ստեղծագործության հանդեպ նրա անհատական մոտեցումը պահում է լսողական փորձառությունը կենդանի և թարմ։ Ալբոմի կարևոր դրվագներից է նաև Բաբաջանյանի «Մեղեդի և Հումորեսկ»-ի նրա մշակումը, որը բոլոր սպասելիքներին հակառակ բնականորեն է հնչում կիթառով՝ նոր շունչ հաղորդելով այս երկին։
Կենդանի կատարումը և հետհամերգային զրույցը վկայում են, որ Արին նույնքան բնական է իրեն զգում թե՛ նոր երաժշտություն ստեղծելիս, թե՛ ավանդական ռեպերտուարը մեկնաբանելիս։ Իսկ նրա հետաքրքրությունը՝ ընդլայնելու մշակումների շրջանակը և ստեղծագործելու կիթառի ու կամերային կազմերի համար, հուշում է ստեղծագործական արդեն հարուստ ուղու մասին։
Չենք կարող չբարձրաձայնել երիտասարդ արվեստագետի՝ որպես ընտանեկան արժեքները գնահատող մարդու մասին. նա ջերմությամբ է արտահայտվում իր ընտանիքի մասին, որը 2020 թ. իրադարձություններից հետո Լիբանանից տեղափոխվել է Երևան։ Արին Հայաստան է վերադառնում առնվազն տարին մեկ անգամ՝ նրանց այցելելու և Play-2 փառատոնին մասնակցելու համար, և այդ ընթացքում աշխատում է երիտասարդ երաժիշտների հետ՝ վարելով վարպետության դասեր։ Նա շարունակում է կապված մնալ այն միջավայրին, որը ձևավորել է իրեն՝ ձգտելով վերադարձնել ստացածը։ Ու թեև երիտասարդի առջև բացվում է գաղափարներով ու ծրագրերով հարուստ ապագա, ակնհայտ է, որ նրա ստեղծագործական ուղին դեռ միայն սկսվում է։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Aravot.am-ը ստացավ հետևյալ լուրը. բառացիորեն օրեր առաջ Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս վանքում կայացել է համերգ. Արի Տագէսեանն ու ջութակահար, Լոնդոնի Թագավորական ակադեմիայի շրջանավարտ Պոլինա Շարաֆյանը հնչեցրել են ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո-գրոսսո թիվ 4՝ ՕՐՓԵՈՍ» ստեղծագործությունը։ Տեղեկացնենք, որ Պոլինան կոմպոզիտորի դուստրն է։





















































