Լրահոս
Օրվա լրահոսը

Կայուն քաղաքային զարգացումը միայն ենթակառուցվածքների և ներդրումների մասին չէ․ այն առաջին հերթին մարդկանց, համայնքների և մշակույթի մասին է․ Green Rock-ի գործադիր տնօրեն

Հուլիս 23,2026 16:25 Share

Նախօրեին Դիլիջանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Green Rock-ի համատեղ բացօթյա համերգը՝ նվիրված Դիլիջանին և դիլիջանցիներին։ Ներկա էր նաև Aravot.am-ը։

Մշակութային այս յուրահատուկ երեկոն անցկացվեց Դիլիջանի քաղաքային լճի հարևանությամբ։

Տեղի բնակիչներն ու հյուրերը բնության գրկում վայելեցին հայ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ, հանդես եկավ սիրված երգիչներ Սյուզաննա Մելքոնյանի, Արթուր Աղաջանովի և Ռոման Խնկոյանի մասնակցությամբ։

Ի դեպ, համերգի մուտքն ազատ էր դիլիջանցիների և քաղաքի հյուրերի համար։

Միջոցառման նպատակն էր մշակույթը դարձնել համայնքային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը և նպաստել Դիլիջանի մշակութային միջավայրի զարգացմանը։

Ինչպես մեզ տեղեկացրեց Green Rock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան․ «Կայուն քաղաքային զարգացումը միայն ենթակառուցվածքների և ներդրումների մասին չէ․ այն առաջին հերթին մարդկանց, համայնքների և մշակույթի մասին է»։

Ապա նա նշեց․ «Դիլիջանն ունի բացառիկ ներուժ՝ դառնալու տարածաշրջանի կարևորագույն մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոններից մեկը, և Green Rock-ի տեսլականն է աջակցել այդ ճանապարհին՝ ստեղծելով միջավայրեր, որոնք արժեք են ձևավորում քաղաքի և նրա բնակիչների համար։ Մենք ցանկանում ենք, որ Green Rock-ի տարածքները դառնան վայրեր, որտեղ մարդիկ ոչ միայն կաշխատեն, կհանգստանան և կապրեն, այլև կհանդիպեն, կվայելեն արվեստը և կստեղծեն նոր գաղափարներ»։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ ասաց․ «Դիլիջանը միշտ եղել է Հայաստանի երաժշտական կարևորագույն կենտրոններից մեկը։ Պատահական չէ, որ հենց այստեղ է գտնվում Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը տասնամյակներ շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել մեծանուն կոմպոզիտորների համար։ Մենք անչափ ուրախ ենք, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Green Rock-ի համագործակցությամբ նպաստում ենք այս հրաշալի ավանդույթների վերականգնմանը՝ Դիլիջանի սրտում հնչեցնելով բարձրարժեք երաժշտություն։

Ինչպես նկատեցիք, համերգային ծրագրում ընդգրկել էինք Առնո Բաբաջանյանի սիրված երգերը, ինչը նույնպես խորհրդանշական է, քանի որ նա հաճախ է հյուրընկալվել և ստեղծագործել Դիլիջանում։ Բաբաջանյանի երաժշտական ժառանգությունը հայկական մշակույթի անգնահատելի գանձերից է, որն աչքի է ընկնում իր բացառիկ քնարականությամբ, անսահման ջերմությամբ, ժողովրդական և արդիական հարմոնիաների ու ռիթմերի ինքնատիպ համադրությամբ․ այն ապրում է սերունդների սրտում։ Հուսով ենք, որ այս երեկոն երկար կմնա դիլիջանցիների հիշողության մեջ»։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել