Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը». Տիգրան Խաչատրյան

Օգոստոս 07,2026 21:45 Share

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է շինարարների մասնագիտական տոնին և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ շինարարների ստեղծածն ու կառուցածը երկար տարիներ ծառայելու է հանրությանը՝ դառնալով երկրի դիմագծի, զարգացման և առաջընթացի անբաժանելի մասը։ Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյակին՝ փոխվարչապետը կարևորել է Միության դերակատարումը ոլորտի զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի նպաստել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ շինարարության ոլորտի կայուն զարգացումն ու նոր ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունը կապիտալ ներդրումների ընդլայնման իր հանձնառությանը զուգահեռ շարունակելու է ոլորտային կարգավորումների լավարկմանն ու մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությանապահովմանն ուղղված աշխատանքները։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել