ԱԺ այսօրվա նիստում փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդեւանյանի թեկնածության քվեարկության ժամանակ ՔՊ-ական պատգամավորներ Լեւոն Լեւոնյանը եւ Սիսակ Գաբրիելյանը հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հետ ինչ-որ բան էին քննարկում։ Նրանց զրույցում մի թեթեւ լարվածություն էր նկատվում։
Aravot.am-ը Մեսրոպ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչի շուրջ էր զրույցը։
«Լեւոն Լեւոնյանին շատ ուղիղ առաջարկել ու պահանջել եմ, որ հրապարակի մեկ տեսանյութ, որտեղ Մանուկյան Մեսրոպը հրաժարվում է իր հարաբերություններից Ռոբերտ Քոչարյանի կամ «Հայաստան» դաշինքի հետ։ Դա կատարյալ սուտ է եղել։ Եվ չհրապարակելու պարագայում Լեւոն Լեւոնյանը ինձ համար կհամալրի Թագուհի Ղազարյանի շարքերը։ Նա նույնպես ԱԺ ամբիոնից սուտ տեղեկություն էր հրապարակում։
Եթե Լեւոն Լեւոնյանը փորձի ամբողջական ներկայացնել իմ նախկին գործընկերների կարծիքը, իսկ իմ գործընկեր եղել է «Մայր Հայաստան» դաշինքը, որը ձեւավորված է եղել «Ինտելեկտուալ Հայաստանի» եւ «Երկիր Ծիրանիի» հետ համագործակցության արդյունքում, եւ մնացած գործընկերների խոսույթը ինձ վերագրել, դա, կարծում եմ, առնվազն գեղեցիկ չի լինի։ Սուտ ինֆորմացիա թիվ մեկ ամբիոնից հրապարակելը պատիվ չի բերում։ Հակառակը՝ միշտ ասել եմ, որ ունեցել եմ ջերմ հարաբերություններ, եւ դրանից հետո ամբողջ քաղաքապետարանը լալկվել է, ձայն չի եղել։
Կապված պարոն Սիսակ Գաբրիելյանի հետ։ Խոսքը վերաբերում էր հայտնի մանկապարտեզին, որի մասին ես հնչեցրեցի՝ կապված Նիկոլ Փաշինյանի երեխաների քավորի հետ։ Ասում էր՝ կարծում եմ ՊՈԱԿ է։ Ես ասել եմ, որ այնտեղ մի քանի հատ կա եւ պարոն Սիսակ Գաբրիելյանին նույնպես ուղիղ եթերով առաջարկել եմ, որ եթե ժամանակ կունենա, այցելենք թիվ 95 մանկապարտեզ եւ այն կրթահամալիրները, որոնց մասին ես խոսել եմ։ Ես պատրաստ եմ։ Խոսո՞ւմ եք մանկապարտեզների մասին։ Մանկապարտեզներից մեկն էլ հանձնված է այդ մարդուն, չնայած ինձ համար նորմալ է, այդ նույն մանկապարտեզների տարածքը ծառայում է մեր երեխաներին կրթելու համար։
Կարդացեք նաև
Իսկ այն մանկապարտեզները, որոնք ութ տարի իշխանություն են ու հետ չեն բերում, իրենց խնդիրն է։ Երեք տարի քաղաքապետարանում անընդմեջ ասել եմ՝ գնացեք, հետ բերեք։ Ութ տարի իշխանության եք, մի մանկապարտեզ, եթե ապօրինի է եղել ու հետ չեք բերել, ուրեմն տեղում չեք։ Ներողություն խնդրեք ու գնացեք։ Երեք տարի խոսել եմ։ Հանձնաժողով ստեղծեցին, ասացին այդքան մանկապարտեզ օտարել ենք։ Իսկ հետո ի՞նչ է եղել։ Իրավական գնահատական տրվե՞ց, քանի՞ մանկապարտեզ հետ բերվեց։ Զրո»,-պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































