Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկրթության խաղը մինչեւ վարչապետի խորհրդարան հասնելն է

Օգոստոս 11,2026 10:00 Share

Կառավարող ՔՊ-ն տվել է անհրաժեշտ ձայներ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության թեկնածու Արամ Վարդեւանյանն ընտրվի ԱԺ նախագահի տեղակալ։ Ինչպես շատերը գիտեն՝ համաձայն հայտնի Դոնթի բանաձեւի, Հայաստանի խորհրդարանում երեք փոխնախագահներից մեկի տեղը տրվում է ընդդիմությանը՝ քվոտայով։ Մեծամասնությունը որոշեց չխոչընդոտել այդ քվոտայի իրացմանը, թեեւ ընդդիմությունն էլ ոչ թե ձգտում էր հասնել այդ պաշտոնին, այլ համարում, որ այդ քվոտայի արձանագրումը ոչ թե իրավունք է, այլ պարտավորություն, որը պետք է կատարել։

Բոլոր պարագաներում, առանցքային հարցն այս դեպքում այն էր, թե արդյո՞ք այս պատկերը, երբ մեծամասնությունը քվեարկեց ընդդիմության թեկնածուի օգտին, վկայում է քաղաքական խորհրդարանական մշակույթի փոփոխության մասին, դա այն բարեկրթության վկայությունն է, որին կոչ էր անում ԱԺ նոր նախագահ Ռուբեն Ռուբինյանն այս նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկին։ Թե՞ սա պահ է, կամ ինչպես ասում են՝ «մկան խաղը մինչեւ կատվի մարագ հասնելն է», իսկ բարեկրթության խաղը Հայաստանի խորհրդարանում մինչեւ Փաշինյանի՝ խորհրդարան հասնելն է։ Կհասնի, դարձյալ կմտնի իր տարերքի մեջ, ձգտելով առավելագույն միավորներ հավաքել ընդդիմության հասցեին մեկ վայրկյանում հնչեցվող պիտակավորումների եւ կոշտ հայտարարությունների նոր ռեկորդով։

Եթե Նիկոլ Փաշինյանը հարմարավետ տեղավորվել է «իմ դեմ խաղ չկա» տրամաբանության մեջ, դժվար է պատկերացնել, թե խորհրդարանի մեծամասնությունը, որ ընդամենը Փաշինյանի մտադրությունների եւ կամքի «նոտարական կնիքն» է, կարող է մտածել խորհրդարանական նոր մշակույթի մասին։ Հետեւաբար, հանրությանը թերեւս չարժե պատրանքին տրվել։ Մյուս կողմից՝ այստեղ կա երեւի թե մի շատ էական պահ։ Չունենալ պատրանք կառավարող մեծամասնության բարեկրթության մոտիվացիայի հարցում՝ ամենեւին չպետք է նշանակի չունենալ բարեկրթության սեփական ռազմավարություն ու վարքագիծ կամ հրաժարվել դրանից։

Այդուհանդերձ, քաղաքական եւ հանրային հարաբերությունների մշակույթի հանգամանքը Հայաստանի համար ապագայի հիմնարար նշանակության խնդիր է, հետեւաբար այդ ապագայի հարցում պատասխանատու հանձնառություն ունեցող քաղաքական ցանկացած ուժի էքզիստենցիալ անելիք։ Իհարկե, էքզիստենցիալ անելիք՝ առավելապես հասարակության հետ երկխոսության հարցում։ Բոլոր պարագաներում, ընդդիմության ռազմավարական առավելության գրավականներից մեկն էլ լինելու է հենց այն, թե որքանով արդյունավետ եւ համոզիչ կարող են հանրությանը առարկայորեն ցույց տալ բարեկրթության համեմատական առավելությունը՝ որպես անվտանգ, կայուն ու կենսունակ պետական ապագայի անկյունաքար։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել