«ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 53, «դեմ»՝ 0»,- ԱԺ նիստի ընթացքում, հայտարարելով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Արամ Վարդեւանյանի թեկնածության քվեարկության արդյունքները, ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց։ Նա նշեց․ «Քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ սա այս գումարման ԱԺ-ում առաջին դեպքն է, երբ ԱԺ նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ԱԺ-ի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որն ունի պարոն Վարդեւանյանը ԱԺ նախագահությունում»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «ՔՊ-ն նվազագույն թվով ձայներ է ապահովել, որ պարոն Վարդեւանյանն ընտրվի, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ եթե ՔՊ-ն ադ 13 ձայները չտար, պարոն Վարդեւանյանը չէր ընտրվի, սա՝ չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուներին։ Սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդեւանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր, սա նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, որոնք գործում են»։ Այնուհետև Էդգար Ղազարյանին հորդորեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































