Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված լուռ է». նոր խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին

Օգոստոս 11,2026 11:50 Share

Հարցազրույց ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Նարեկ Մելիքսեթյանի հետ

Նարեկ, Aravot.am-ը տեղեկացված է, որ ձեր սցենարով և ռեժիսուրայով «Աստված լուռ է» խաղարկային ֆիլմն արդեն հետարտադրական փուլում է, պրեմիերան էլ նախատեսված է աշնանը։ Ուսանել եք Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում, այնուհետև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ թատրոնի ռեժիսուրա բաժնում (ղեկավար՝ Սամսոն Մովսիսյան)։ Բեմադրել եք ուսանողական ներկայացումներ, որոշ թատրոններում էլ ռեժիսորի ասիստենտ եք եղել… Հիմա ձեր առաջին նախագիծը կինոոլորտում է, այն էլ՝ Կոմիտաս և սեփական սցենարով։

— Մարդը, արվեստագետը ամեն ինչ պետք է փորձի կյանքում։ Եթե ռեժիսոր, ինչո՞ւ ոչ՝ կինոռեժիսոր (ժպտում է)։ Անկեղծ ասած՝ դեռ կաշկանդվում եմ ինձ ռեժիսոր անվանել։ Կարծում եմ՝ այդ կոչումը պետք է վաստակել տարիների աշխատանքի, փորձի և ստեղծագործական ճանապարհի միջոցով։ Ինձ համար կինոն պարզապես արվեստ չէ, այն խոսելու, հարցեր բարձրացնելու և սեփական ներաշխարհն անկեղծ արտահայտելու միջոց է։ Այս պահին իմ ստեղծագործական նպատակն է հայ մարդու պատմությունն ու մշակույթը ժամանակակից կինոլեզվով ներկայացնել՝ ստեղծելով ֆիլմեր, որոնք կունենան ոչ միայն գեղարվեստական, այլև մշակութային ու հոգևոր մեծ արժեք և ներկայանալի կլինեն աշխարհին։

— Մեր հանդիսատեսին ծանոթ են Կոմիտասին ներկայացնող ֆիլմերը՝ դեռևս 1989 թ. կինոռեժիսոր Դոն Ասկարյանի, հետո արդեն՝ Վիգեն Չալդրանյանի, Արման Նշանյանի։ Ինչպիսի՞ն է «ձեր» Կոմիտասը։

— Այս ֆիլմը սովորական պատմական կամ կենսագրական ֆիլմ չէ։ Այն մարդու ներաշխարհի, ազգային հիշողության և լռության մասին պատմություն է, որը փորձում է բացահայտել, թե ինչ է կատարվում հանճարի հոգում, երբ նա կանգնած է մարդկային ցավի, կորստի և հավատքի ամենածանր փորձությունների առաջ։ Ֆիլմի առանցքային գաղափարներից մեկն է Կոմիտասին դուրս բերել ցեղասպանության զոհի խորհրդանիշ լինելու ընկալումից և ներկայացնել նրան որպես հայ ժողովրդի, հայկական մշակույթի և հոգևոր վերածննդի խորհրդանիշ, որովհետև ինձ համար Կոմիտասը միայն ողբերգության մարմնացում չէ։ Նա այն մարդն է, որի ստեղծած մշակույթը վերապրեց ցեղասպանությունը և մինչ օրս շարունակում է միավորել հայերին ամբողջ աշխարհում։ Ֆիլմը հենց այդ գաղափարն է փորձում փոխանցել՝ ցույց տալով, որ նույնիսկ ամենախորը լռության մեջ մշակույթը շարունակում է ապրել։

Իսկ սցենարը հիմնված է պատմական փաստերի, արխիվային նյութերի և Կոմիտասի կյանքի վերաբերյալ ուսումնասիրությունների վրա, սակայն պատմությունը ներկայացվում է գեղարվեստական լեզվով՝ փորձելով հնարավորինս հավատարիմ մնալ թե՛ պատմական իրականությանը, թե՛ կերպարների հոգեբանական ճշմարտությանը։ Նշեցի, թե ինչ աղբյուրներից եմ օգտվել, կուզեի առանձնացնել անվանի գրող, դրամատուրգ Ալեքսանդր Ստրոգոնովի պիեսը՝ Կոմիտասի մասին։

— Կներկայացնե՞ք դերակատարներին և թիմն ընդհանրապես։

— Կոմիտաս վարդապետի կերպարը մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը։ Նա առաջինն էր, ով հավատաց այս գաղափարին և սիրով դարձավ նախագծի ամենակարևոր մասնակիցներից մեկը։ Ինձ համար նա ոչ միայն մեծ վարպետ է, այլև ստեղծագործ գաղափարակից ընկեր։ Իսկ երիտասարդ ստեղծագործողի համար մեծագույն երջանկություններից մեկը նման մարդու և արվեստագետի կողքին աշխատելու հնարավորությունն է։ Պանսիոնատի գլխավոր բժշկի կերպարը մարմնավորում է Հայկ Պետրոսյանը, ում կերպարը ներկայացնում է մի մարդու, որն իր աշխարհընկալմամբ հեռու է Կոմիտասի ներաշխարհից և չի կարողանում հասկանալ Վարդապետի լռության պատճառները։ Ֆիլմի առանցքային կերպարներից է նաև Արմինեն, ում մարմնավորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողուհի, անսահման տաղանդավոր և կիրթ դերասանուհի Շահանէ Տոնոյանը։ Նրա կերպարի միջոցով ֆիլմում արտահայտվում են մարդկային ջերմությունը, կարեկցանքը և լուռ հոգատարությունը։ Ներգրավված են նաև մեր օրերի պահանջված և վաստակաշատ դերասաններ՝ Արթուր Կարապետյանը, Արամ Կարախանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Սաթիկ Հախնազարյանը, Յուրա Կոստանյանը, Անի Հովսեփյանը, Համլետ Առաքելյանը, Սենիկ Պողոսյանը և այլք։ Նրանց բոլորին միավորել է ոչ միայն այս պատմության գաղափարը, այլև Կոմիտասի հանդեպ ունեցած խորը հարգանքը։

Մեծ թիմ է մասնակցում նկարահանումներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակաշրջանի ճշգրիտ վերարտադրմանը, պատմական միջավայրին, զգեստներին, գույներին և յուրաքանչյուր մանրուքին, որպեսզի հանդիսատեսը լիովին տեղափոխվի 1930-ականների մթնոլորտ։ Բեմադրող օպերատորներն են Հայկ Սեինյանը, Մանվել Մկրտչյանը, օպերատորը՝ Տիգրան Անանյանը։

Այո, կինոն մեկ մարդու աշխատանք չէ։ Այստեղ յուրաքանչյուր մասնագետի ներդրումը կարող է փոխել ամբողջ ստեղծագործության շունչը։ Ռեժիսորի տեսլականը կենդանանում է միայն այն ժամանակ, երբ կողքին կան մարդիկ, ովքեր հավատացել են ոչ միայն պատմությանը, այլև այն գաղափարին, որի շուրջ կառուցվում է նախագիծը։ Ինձ համար առանձնահատուկ արժեք ունի այն, որ թիմը միավորվել է ոչ միայն մասնագիտական աշխատանքի շուրջ, այլև պատմելու մի պատմություն, որն ունի մշակութային և հոգևոր նշանակություն։ Յուրաքանչյուր կադրի, յուրաքանչյուր հնչյունի և յուրաքանչյուր մանրուքի հետևում կա մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց ուժն ու ստեղծագործական ներուժն են ներդրել այս ֆիլմում։

— Ֆիլմի վերնագիրը՝ «Աստված լուռ է», մտավախություն չունե՞ք, որ այն կարող է ստեղծել տպավորություն՝ Աստծո բացակայության կամ Աստծուն ուղղված մեղադրանքի մասին։

— Ֆիլմի գաղափարը բոլորովին այլ է։ «Աստված լուռ է»-ն Աստծո բացակայության մասին չէ և իր մեջ որևէ մեղադրանք չի պարունակում առ Աստված։ Այն մարդու և Աստծո փոխհարաբերության, հավատքի և ներքին որոնման մասին հարց է բարձրացնում։ Ֆիլմում տեսնում ենք տարբեր աշխարհընկալում, հավատք և ներաշխարհ ունեցող կերպարների, ովքեր ապրում են նույն իրականության մեջ, սակայն յուրաքանչյուրը տարբեր կերպ է զգում Աստծո ներկայությունը կամ լռությունը։ Հենց այդ կերպարների հակադրության մեջ է թաքնված վերնագրի իրական իմաստը։ Իմ ընկալմամբ՝ Աստված չի լռում բոլորի համար։ Նա խոսում է նրանց հետ, ովքեր իսկապես պատրաստ են լսել։ Երբեմն խնդիրը ոչ թե Աստծո լռությունն է, այլ մարդու ներքին աղմուկը, ցավը կամ փակվածությունը, որոնք թույլ չեն տալիս լսել նրա ձայնը։ Կոմիտասի կերպարի միջոցով ֆիլմը չի փորձում տալ այդ հարցի վերջնական պատասխանը։ Այն հանդիսատեսին հրավիրում է խորհելու՝ արդյո՞ք Աստված լուռ է, թե՞ մենք ենք կորցրել նրան լսելու կարողությունը։ Այդ պատճառով «Աստված լուռ է» վերնագիրը ոչ թե դատողություն է, այլ բաց հարց, որի պատասխանը յուրաքանչյուր հանդիսատես պիտի գտնի իր ներսում։ Ես ցանկանում եմ, որ ֆիլմը ոչ միայն հուզի հանդիսատեսին, այլև նոր քննարկումներ սկսի Կոմիտաս Վարդապետի կյանքի, ժառանգության, նրա համամարդկային արժեքի և մշակույթի վերածնող ուժի մասին։

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի
Լուսանկարները՝ նկարահանման հրապարակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31