Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետական մակարդակով հրաժարվել է արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսելուց, բայց դա Ադրբեջանի ոչ մի պահանջ չի պակասեցրել»

Օգոստոս 13,2026 17:47 Share

«Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում եւ արտաքին քաղաքական առաջնային նպատակ ունի Հայաստանում բնակեցնել ադրբեջանցիներ։ Թե ինչ թվով կլինի, թիվը չէ խնդիրը, իրենց խնդիրը մեր ներքին գործերին միջամտելու անսահման գործիքակազմ ունենալն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ո՞նց պիտի դիմագրավենք սրան՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը մեզ՝ դուք խոսում եք արցախահայերի վերադարձի իրավունքից, դրա համար էլ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների այստեղ բնակեցումից։ Սխալ եք ասում՝ նախ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով չի խոսում, հրաժարվել է արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսելուց։ Դա Ադրբեջանի ոչ մի պահանջ չի պակասեցրել»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ հայկական պետությունը պաշտպանող իշխանությունը պետք է հետեւյալ կերպ դիմագրավեր այս սպառնալիքին․ «Արտաքին գործերի նախարարությունը վաղուց արդեն զբաղված կլիներ Բաքվում, Սումգայիթում, ադրբեջանական մյուս քաղաքներում ապրած հայերի իրավունքների պաշտպանության փաթեթներ կազմելով, որոնք ջարդերի հետեւանքով են լքել Ադրբեջանը, եւ այս երկու օրակարգերն իրար հակադրելով, միեւնույն ժամանակ պաշտպանելով արցախահայերի վերադարձի իրավունքը»։

«Մեզ ասում են՝ մի զենքայնացրեք ցեղասպանության ճանաչումը, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցով նույն բանը կարող ենք ասել։ Կներեք, իսկ ո՞վ է ասել, որ չպետք է զենքայնացնենք։ Զենքն ի՞նչ է, զենքը պաշտպանական գործիք է, «Կալաշնիկով» չէ, բայց պաշտպանական վահան է։ Ինչո՞ւ պետք է վայր դնենք մեր բոլոր զենքերը։ Այսինքն՝ ձեր մոտեցումը ո՞րն է՝ հնարավորինս անզեն, հնարավորինս առանց պաշտպանության մերկ կանգնել սպառնալիքների առա՞ջ։ Չէ, մենք ասում ենք՝ վերցնենք բոլոր զենքերը, որոնք ունենք եւ դրանով պաշտպանվենք»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ «խաղաղության պայմանագրին», բայց պետք է լինի խաղաղություն, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգությունը։ «Մեզ ինքնանպատակ խաղաղություն, ուղղակի որ ասենք՝ խաղաղություն է, պետք չէ, որովհետեւ խաղաղ է նաեւ գերեզմանում։ Մեզ պետք չէ այնպիսի խաղաղություն, որը հիմա կա Արցախում՝ խաղաղություն առանց հայերի։ Մեզ պետք է խաղաղություն, որը կապահովի մեր անվտանգությունը, այլապես անիմաստ է»,- նշեց Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31