Վերջերս սոցիալական ցանցերում բռնի տեղահանված արցախցիներն իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտում արցախցիներին տրամադրվող լրացուցիչ հրատապ աջակցությունը դադարեցնելու մասին։
Շահառուները հաղորդագրություններ են ստանում աջակցությունը տարբեր պատճառաբանություններով մերժելու մասին։ Առջևում ձմեռ է, մարդիկ կանգնելու են ծանր կացության առաջ, իսկ շատերը նաև կարող են մնալ դրսում…
Գորիս քաղաքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված Լաուրա Բարսեղյանի ընտանիքը մեկն է այն հարյուրավոր ընտանիքներից, որոնք ստացել են մերժման ծանուցումը։ Բարսեղյանների պատմությունը սոցիալական աջակցության դիմումի մերժման դեպք չէ։ Այն միաժամանակ մարդկային ծանր ճակատագրի և պետական սոցիալական պաշտպանության համակարգի նկատմամբ առաջացած լուրջ հարցերի մասին է։
Խոսքը մի ընտանիքի մասին է, որն անցել է պատերազմի, անդառնալի կորստի, բռնի տեղահանության և սոցիալական ծանր պայմանների միջով, սակայն այսօր էլ ստիպված է պայքարել իր նվազագույն սոցիալական իրավունքների պաշտպանության համար։
Կարդացեք նաև
Լաուրա Արմենակի Բարսեղյանը Ստեփանակերտից է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կին, այրի և զոհված զինծառայողի մայր։ Նա կորցրել է ամուսնուն, որդուն՝ հայրենիքի պաշտպանության համար, իսկ Արցախի բռնի տեղահանությունից հետո ստիպված է եղել լքել իր տունն ու հարազատ միջավայրը և մշտական բնակություն հաստատել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Այս ամենի հետևանքով նրա ընտանիքը հայտնվել է կյանքի ծանրագույն սոցիալական և հոգեբանական պայմաններում։
Առողջական խնդիրները, ընտանիքի կորստի ցավը, այրիության հանգամանքը, որդու զոհվելու հետևանքով առաջացած անդառնալի վիշտը և բռնի տեղահանությամբ պայմանավորված կենսապայմանների փոփոխությունը Լաուրա Բարսեղյանի ընտանիքին դարձրել են սոցիալապես առավել խոցելի։ Նման ընտանիքի համար պետական աջակցությունը պարզապես դրամական օգնություն չէ, այլ առօրյա անհրաժեշտ կարիքները հոգալու և արժանապատիվ գոյությունը պահպանելու կարևոր միջոց։
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի համապատասխան որոշումը՝ ընտանիքը 2025 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակի միջոցով դիմել է «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» միջոցառման շրջանակներում նախատեսված աջակցությունից օգտվելու նպատակով։
Դիմումն ընդունվել և բավարարվել է սահմանված կարգով։ Ընտանիքը ճանաչվել է աջակցության շահառու, և համապատասխան վճարումները կատարվել են մինչև 2026 թվականի նոյեմբերի 5-ը։
Սակայն 2026 թվականի նոյեմբերի 5-ին ընտանիքը ստացել է մերժման հաղորդագրություն՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Դիմումը մերժվել է, քանի որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չեք դիմումով ներկայացված բնակության վայրի հասցեով»։
Ընտանիքի պնդմամբ՝ մերժման հիմքում նշված պատճառաբանությունը չի համապատասխանում իրականությանը։ Լաուրա Բարսեղյանը և ընտանիքի անդամները դեռևս 2024 թվականից հաշվառված են Գորիս քաղաքի իրենց բնակության հասցեում, հաշվառումից դուրս չեն եկել, իսկ դիմումում նույնպես ներկայացրել են հենց իրենց պաշտոնական հաշվառման հասցեն։
Այսպիսով, առաջանում է միանգամայն տրամաբանական հարց․ ինչպե՞ս կարող է զոհված զինծառայողի մայրը, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այրի կինը, որը բռնի տեղահանությունից հետո ապաստան է գտել Գորիսում և պատշաճ կերպով ներկայացրել է իր տվյալները, մերժվել այնպիսի պատճառաբանությամբ, որը, իր պնդմամբ, հակասում է պետական ռեգիստրում առկա տեղեկություններին։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ընտանիքի դիմումը նախկինում ընդունվել, ուսումնասիրվել և բավարարվել է, իսկ աջակցությունը տրամադրվել է սահմանված կարգով։ Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում, և ինչո՞ւ է նույն ընտանիքը հետագայում հայտնվել նման իրավիճակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



















































