2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվեց կրակը դադարեցնելու եռակողմ հայտարարություն եւ Արցախն ու հարակից մի շարք տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Վեց տարի հետո նույն օրը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ՀՀ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, ընտանիքի սոցիալական գնահատման եւ հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը խոսեցին Արցախից տեղահանված անձանց բնակապահոովման, զբաղվածության եւ սոցիալական աջակցության ծրագրերի՝ ընթացիկ արդյունքների եւ նախատեսվող փոփոխությունների մասին։
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրով ներկայումս բավական ակտիվ շրջան է։ Խոսքը վերաբերում է ինչպես դիմելիությանը, այնպես էլ հավաստագրերի իրացմանը։ Այս պահին մենք արդեն ունենք 9042 ընտանիքների հաստատված հավաստագիր։ Դրանք շուրջ 37 հազար անձինք են։ Նրանցից 5372-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Այսինքն, տեղահանված շուրջ 25 հազար մարդ արդեն պետության աջակցությամբ ՀՀ-ում ձեռք է բերել անշարժ գույք կամ ներկայում գտնվում է կառուցապատման փուլում։ Հավաստագիր ստացած ընտանիքներից դեռեւս 396-ն են ընտրել կառուցապատման բաղադրիչը, որոնցից 107-ն են իրացրել։ Բայց այսօր արդեն ունենք մի իրավիճակ, որ երկրորդային շուկայում կարծես թե պատրաստի տները սպառվել են, եւ մեր շահառուների մեծ մասն ապավինում է այլեւս կառուցապատման բաղադրիչին, ինչը ողջունելի է։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք ապահովել կառուցապատման բաղադրիչի ընթացակարգերի բարելավումը, որպեսզի այդ մասով մեր շահառուները բանկերի եւ կառուցապատողների հետ որեւէ խնդիր չունենան»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Իրացված հավաստագրերի մարզային բաշխվածության մասին բանախոսը նշեց, որ առաջատարը Կոտայքն է՝ 1534 ընտանիք, եւ հրապարակեց ըստ մարզերի արձանագրված ցուցանիշները։
Կարդացեք նաև
«Շատ շահարկվում է այն հարցը, որ անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գնաճ, ինչին բոլորս տեղյակ ենք։ Խոսքը հիմնականում վերաբերում է Երեւանին։ Եվ քանի որ մեզ մոտ Երեւանում ամենացածր աջակցության չափն է՝ 3 մլն. դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով, կառավարությունը երբեւէ չի ասել, որ խրախուսվում է Երեւանում անշարժ գույքի ձեռք բերումը։ Երեւանը որեւէ ծրագրով չի խրախուսվում։ Հակառակը, մեզ մոտ խրախուսվում է տարածքային համաչափ զարգացումը։ Եվ ինչքան Երեւանից հեռու, այնքան արտոնությունները շատ են։ Դրա ապացույցը մեր մեկ այլ ծրագիրն է՝ սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման 16 միլիոնների ծրագիրը»,-ասաց տիկին Ղարագյոզյանը եւ հավելեց, որ բյուջեում այս ծրագիրն, ընդհանուր առմամբ կազմել է 31 միլիարդ, որի կեսն արդեն սպառվել է, իսկ հաջորդ տարվա համար պլանավորվել է 42 միլիարդ դրամ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































