Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով. Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվության վերաբերյալ, մերժվեց

Օգոստոս 24,2026 09:43 Share

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

Գործը վերաբերում էր 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված մի շարք արտահայտություններին։

Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը նշել էր․

«ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված ա․ նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իրա դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ-ում խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իրա թայֆայով հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտար ա ինքը, իրա մտածելակերպը, իրա գործելաոճը հայ մարդուն օտար է և ինքը օտար է ՀՀ-ում, ․․․ ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք էկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մար-դա-սպան-ներ են․․․ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»

Դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, մերժման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ նման ձևակերպումները տվյալ կոնկրետ խոսքային համատեքստում գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով, սակայն չեն պարունակում որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստացի տվյալ։

Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցների համախմբեր, որոնք հնարավորություն կտային Դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

Այսպիսով, դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցը։

«AM» իրավաբանական գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել