Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում

Օգոստոս 26,2026 22:15 Share

Ստամբուլի հայկական վարժարանները կշարունակեն ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Վերջիններս Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։

Նա թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ։

Սըվաջըօղլուն նշել է, որ «հայկական համայնքին պատկանող վարժարաններում սովորող հյուր-աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա»։

Այսինքն, Հայաստանից մեկնած ու Թուրքիայում աշխատելու կամ բնակության իրավունք ստացած ընտանիքների երեխաները կարողանալու են բնականոն կերպով կրթվել տեղի հայկական դպրոցներում։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ պոլսահայ համայնքում քննարկվում էր լուրն այն մասին, որ Թուրքիայի կրթության նախարարությունից նոր հրահանգ է իջեցվել, որի համաձայն արգելվում էր հայաստանցի երեխաներին կրթվել տեղի հայկական դպրոցներում։ Փոխարենը, ըստ լուրերի, հայտարարվել էր, որ այդ երեխաները պետք է հաճախեն Թուրքիայի պետական դպրոցներ։

Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միության օգոստոսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել էին ինչպես Սըվաջըօղլուն, այնպես էլ Կ․Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am/Agos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել