Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Ստեփանյան. «Ինձ համար անհասկանալի է, որ աշխարհի ամենահին, հազարամյա պատմություն ունեցող ազգը պետք է մասնակցեր համաշխարհային քոչվորական խաղերին»

Սեպտեմբեր 02,2026 19:09 Share

«Սկսենք անցած շաբաթվա ձերբակալություններից։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէր, որ Նիկոլ Փաշինյանը ասել էր՝ սրան կբռնեմ, նրան այսպես կանեմ, այնպես կանեմ, կունեզրկեմ, բոմժ կդարձնեմ եւ այլն։ Ես ուղղակի ուզում եմ անդրադառնալ երեկվան, երբ Գագիկ Խաչատրյանին իր տնից տարան։ Բառիս ուղիղ իմաստով եւ միջազգային կոնվենցիաներով դա մարդու խոշտանգում էր, հաշվեհարդար արդարադատության անվան տակ։

Հետագայում կտեսնենք, որ Փաշինյանի թիմից այսինչ այսինչյանը ունի հարյուրավոր անշարժ գույք, կրիպտո արժույթներ, օֆշորային գոտիներում մեծ-մեծ սեյֆերով պահած փողեր։ Ես վստահ եմ, տեսնելու ենք դա։

Անցած օրը Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե ինչո՞ւ ինքը միլիոնատեր չէ։ Այս պահին ոչ մեկը չի կարող ասել՝ ինչու ինքը միլիոնատեր կամ միլիարդատեր չէ։ Բայց երբ որ գա իրապես իշխանություն, որն ուզենա երկիրը երկիր դարձնել, հետ կբերի Նիկոլ Փաշինյանի, գուցե եւ իր թիմի, չեմ կարող ասել՝ ինչքան գումարները, ինչը գուցեեւ տարվել է։ Այս պահին չենք կարող ասել, թե ով՝ որքան։ Բայց լավ գիտենք, չէ՞, որ պատերազմից նոր-նոր դուրս եկած երկրում պետական պաշտոնյան հարյուրավոր անշարժ գույքեր ունի։

Բայց հանուն արդարության եւ հանուն արդարադատության, պիտի ասեմ. վերջ տվեք այս նսեմացնող, զզվելի տեսարաններին։ Տարե՞լ է, թալանե՞լ է։ Հետ վերադարձրեք եւ սահմանված կարգով մարդուն տարեք, պատժեք։

Գագիկ Ծառուկյանի տեսարանը՝ օրեր առաջ էր, Հովիկ Աբրահամյանի որդու տեսարանը՝ օրեր առաջ էր, այս տեսարանը… Մարդու իրավունքների պաշտպանին եմ դիմում։ Ի՞նչ եք մտածում դուք, ի՞նչ է անում ձեր կառույցը։ Սա միջազգային բոլոր կոնվենցիաներով խոշտանգում է մարդու նկատմամբ»,-ասաց «Համահայկական շարժման» անդամ Ռուզաննա Ստեփանյանը «Հայելի» ակումբում։

Տիկին Ստեփանյանը նաեւ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկ այցին։ «Այս օրերին Բիշքեկում անցկացվեցին համաշխարհային քոչվորական խաղերը, որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը։ Նախ, ինձ համար տարակուսելի է, որ աշխարհի ամենահին, հազարամյա պատմություն ունեցող ազգը պետք է ներկայանա քոչվորական խաղերին։ Քոչվորական խաղերին կարող էր ներկայանալ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի ղեկավարը, բայց ոչ հնամենի պատմություն ունեցող  երկիրը։ Կամ եթե ներկայացել է, ինքն ասում էր սպորտային, մշակութային խաղեր են, ես ուշի ուշով նայում էի։ Ադրբեջանը տարբեր ազգային մարզաձեւեր էր ներկայացնում, նաեւ մշակութային։ Ես դեռ մինչեւ այս պահը, թեեւ այդ խաղերը ոնց որ թե դեռ պիտի շարունակվեն, չեմ տեսել, որ Հայաստանը իր ազգային խաղերից կամ մշակույթից նմուշներ ներկայացրել է համաշխարհային քոչվորական խաղերի միջոցառմանը։ Կրկնում եմ, ինձ համար անհասկանալի է Հայաստանի մասնակցությունը քոչվորական խաղերին։ Գուցե, դա դիվանագիտական, քաղաքական ինչ-որ նշանակություն ունի, բայց ես ուզում եմ այդտեղ տեսնել ոչ թե մեր մասնակցությունը, այլ դիվանագիտական այդ հարթության մեջ մեր նշմարումը։

Բիշքեկում Իլհամ Ալիեւը հանդիպեց Իրանի նախագահին։ Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց։ Ավելին ասեմ, Իրանի նախագահը Իլհամ Ալիեւին շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ ծանր պահին նա աջակցել է։ Իսկ որտե՞ղ էր Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, ո՞վ է Նիկոլ Փաշինյանի բարեկամն այս տարածաշրջանում։ Ես այդպես էլ չեմ հասկանում»,-ասաց տիկին Ստեփանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930