Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է Լատվիայի հետ ուսումնասիրել ներդրումային կոնկրետ հնարավորություններ և մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 08,2026 12:14 Share

ՀՀ ԱԳՄԱ նախարարի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին Լատվիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Ձերդ գերազանցություն նախարար Բայբա Բրաժե,

Հարգելի՛ գործընկերներ,

Առանձնահատուկ հաճույք է այսօր լինել Ռիգայում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի իմ նոր կարգավիճակով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ ընդգծել, որ նախարար Բրաժեի հետ մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Այսօր ևս մենք բովանդակային քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային հարցերի, Հայաստան–ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ։

Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև։

Այս համատեքստում ես իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնեցի նախարար Բրաժեին՝ Լատվիայի շուկա հայկական որոշ ապրանքների հրատապ արտահանման դյուրացման հարցում նրա արագ արձագանքի և աջակցության համար։ Այս գործնական աջակցությունը մեծապես գնահատվում է և վկայում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը խիստ անհրաժեշտ պահին։

Մենք նաև ընդգծել ենք գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, մեր երկրների մասնավոր հատվածների միջև ուղիղ կապերի, ինչպես նաև երկու երկրների ներդրումների խթանման գործակալությունների միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։ Հայաստանը պատրաստ է Լատվիայի հետ ուսումնասիրել ներդրումային կոնկրետ հնարավորություններ և մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր։

Մենք պայմանավորվել ենք առավել թիրախային և արդյունքահեն համագործակցության զարգացման անհրաժեշտության շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունությունը, թվային փոխակերպումը, առաջատար տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, էլեկտրոնային կառավարումը, կիբեռանվտանգությունը և կրթությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող գործընկերությունը, բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցրել մեր քննարկումներում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող նախաձեռնություններին Լատվիայի հետևողական աջակցությունը։ Այս ուղղությամբ մեր համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է գործող համաձայնագրերի կյանքի կոչումը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև գործընկերության նոր ուղղությունների նույնականացումը:

Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն և ԵՄ-ի հետ մեր ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ է։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը և ակնկալում ենք նրա կառուցողական ներգրավվածությունն այս գործընթացի բոլոր փուլերում: Հուսով ենք, որ Լատվիայի շարունակական աջակցությամբ Հայաստանը կկարողանա առաջ մղել բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որն անկյունքարային նշանակություն ունի երկիրը Եվրոպական միությանը մերձեցնելու մեր ջանքերում։

Մենք նաև քննարկեցինք բազմակողմ ձևաչափերում մեր կառուցողական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում համագործակցության շարունակական զարգացումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ։

Ես ներկայացրել եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, որն անմիջական արդյունքն է մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության և կայունության։ Դրա վառ օրինակ է ԹՐԻՓՓ նախագիծը, որը շուտով կմտնի կառուցման փուլ։ Ես ընդգծեցի, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները զգալի հնարավորություններ են ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխկապակցվածության ծրագրերի առաջմղման համար։

Հարգելի՛ նախարար, սիրելի՛ Բայբա,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների, ինչպես նաև Ձեր գործընկերության և բարեկամության համար։

Հարց. Լատվիայի հանրային հեռարձակող, Լատվիայի հեռուստատեսություն։ Կցանկանայի հարց ուղղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։

Վերջերս Երևանի և Մոսկվայի միջև Հայաստանում տեղակայված ռազմաբազայի վերաբերյալ կարծիքների փոխանակում է եղել։ Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան, ի՞նչ նպատակներ ունեք այդ առումով։ Ինչպե՞ս պետք է դրանք զարգանան։ Եվ ինչ վերաբերում է ԵՄ-ին՝ ինչպե՞ս եք փորձում հավասարակշռել այդ հարաբերությունները։

Արարատ Միրզոյան. Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն այժմ անվանում ենք, և այս բնորոշումը լայնորեն օգտագործում ենք նաև մեր ներքաղաքական քննարկումներում, բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն։

Մենք խորացնում ենք մեր գործընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ մենք հաստատել ենք ռազմավարական գործընկերություններ։

Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացման ուղղությամբ՝ էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Միացյալ Նահանգների հետ մենք նաև զարգացրել ենք Համապարփակ ռազմավարական գործընկերություն և արդեն տեսնում ենք դրանից բխող շոշափելի արդյունքները, այդ թվում՝ արհեստական բանականության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Մենք որևէ առճակատում չենք փնտրում։ Ես հասկացա հարցի ձևակերպման հիմքում ընկած միտքը։ Այո՛, Մոսկվայից ռազմաբազայի վերաբերյալ տարբեր ուղերձներ ենք լսում։

Գիտեք՝ մենք Հայաստանի Հանրապետությունում այս ռազմաբազայի պահպանման որևէ անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն նաև չենք նախաձեռնել ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ քննարկում։ Եթե ռուս գործընկերները շահագրգռված են նման քննարկում սկսելու հարցում, ապա մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ենթակառուցվածքների և համագործակցության ապագայի վերաբերյալ ընթացիկ երկխոսություն ունենք և պատրաստ ենք այդ քննարկումները լրացնել նաև ռազմաբազայի թեմայով։

Եվ այստեղ, գիտեք, ցանկանում եմ միանգամայն հստակ լինել. մենք չենք ցանկանում խզել Ռուսաստանի հետ կապերը։ Մենք չենք ցանկանում առճակատում մեր ռուս գործընկերների հետ, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ ունենք շահեր և փոխադարձ շահեր Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, եվրոպական մայրցամաքի մեր գործընկերների հետ, որտեղ տեսնում ենք հետաքրքրվածություն, և մենք ևս շահագրգռված ենք այդ գործընկերների հետ համագործակցության զարգացմամբ։ Ուստի մենք շարունակելու ենք մեր այս քաղաքականությունը։

Եթե մեր ռուս գործընկերներն այստեղ խնդիրներ են տեսնում, մենք պատրաստ ենք քննարկել դրանք, սակայն ակնկալում ենք ավելի մեծ ըմբռնում և ավելի մեծ անհրաժեշտություն ենք տեսնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամբողջ ճարտարապետությունն առավել բալանսավորման և բալանսավորված ձևով կառուցելու հարցում։ Սա, հավանաբար, ռազմաբազայի վերաբերյալ Ձեր հարցի լավագույն պատասխանն է։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930