Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը ՀՀ կառավարության ղեկավարին եւ անդամներին առաջարկում է՝ երդվել Ադրբեջանին եւ Իլհամ Ալիեւին ծառայելու համար

Սեպտեմբեր 11,2026 18:00 Share

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համար կանխատեսելի էր, որ ընդդիմությունը պետք է բոյկոտի կառավարության անդամների երդման նոր տեքստը:

Հասմիկ Հակոբյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, իր ելույթում իշխող ուժը ներկայացնող պատգամավորն ասաց․ «Բայց ինձ հետաքրքիր է՝ էդ ի՞նչ դեմ բան ունեն մեր գործիչները հանրապետության հարատևության հետ, հանրապետության անկախության հետ, հանրապետության ինքնիշխանության հետ, հանրապետության զարգացման հետ, որ խնդիր են տեսնում այս բառերի հետ, որ կառավարության անդամը կամ պատգամավորը երդվի այս տեքստով:

Կամ այդ «համազգային նպատակ» կոչված տերմինը ի՞նչ չի ներառում իր մեջ այս տեքստից, բացի ի՞նչ է ներառում, որ այս տեքստում չկա: Ես առաջարկում եմ՝ ձեր պատկերացրած համազգային նպատակները գրավոր առաջարկեք տեքստում որպես փոփոխություն: Ի՞նչ է պակասում էդ ձեր պատկերացրած համազգային նպատակներից, ի՞նչ բաղադրիչ է պակասում, առաջարկեք՝ թող ներառեն նախագծի մեջ: Սա նորմալ բան կլինի էլի, կարող է քվեարկվում է և անցնում է, կարող է այնպիսի բան եք առաջարկում, որը չկա և պետք է լինի:

Բայց իմ պատկերացրած ողջ համազգային նպատակը արտացոլում է այս տեքստը, և ես ուրախ եմ, որ հենց այս տեքստով եմ ես երդվել, և կերդվեն նաև կառավարության անդամները:

Բայց այս երդման տեքստի մասին այդպես բուռն ժամկետների խախտման, տեքստի բովանդակության որ լսում եմ ու հիշում եմ, որ մի ամիս առաջ էս մարդիկ չեն երդվել այդ տեքստով, այսինքն՝ եթե երդումը այդքան կարևոր էր, ինչո՞ւ չերդվեցիք Ազգային ժողովի դահլիճում որպես պատգամավորներ: Ի դեպ, ասեմ, որ ընդդիմադիր գործիչները նաև նախորդ «համազգային նպատակներ» տեքստով չեն երդվել նաև 2021 թվականի խորհրդարանում: Այսինքն՝ տեքստը չի հարցը. եթե երդումը ձեզ համար այդպես կարևոր ինստիտուտ է, ինչո՞ւ չեք երդվել որպես պատգամավորներ»։

Հիշեցնենք, Հանձնաժողովում քննարկվում էր կառավարության անդամների երդման տեքստում փոփոխություն կատարելու հարցը։ Հարցը ներկայացվել է 24-ժամյա քննարկման ռեժիմի համար։ Ընդդիմադիր պատգամավորները նախ չէին հասկանում նման հրատապությունը, ապա, խնդիրներ էին տեսնում բուն տեքստում կատարվող փոփոխությունների մասով․ ներկայիս տեքստում հայրենիքին եւ համազգային նպատակներին վերաբերվող հատվածները հանվել։ Նաեւ տարակուսած էին՝ կառավարության ծրագիրն արդեն ընդունվել է, իսկ կառավարության անդամները դեռ չե՞ն երդվել։

Լիաննա Գասպարյան

«Տիկին Հակոբյանը գուցե չէր լսել իմ կողմից հարցադրման տեքստը համազգային նպատակի հետ կապված: Ես հստակ անգամ փորձել էի և դուրս էի հանել Էդուարդ Աղայանի, ինչպես նշեցի, արդի հայերենի բացատրական բառարանից «համազգային» բառի նշանակությունը: Այո՛, ես տեսնում եմ կոնկրետ խնդիր համազգային նպատակների հետ կապված, քանի որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ ամբողջ ազգին, ամբողջ ազգի մասշտաբով, ինչպես նշեցի իմ խոսքում, նաև Սփյուռքի հայությանը: Որը որ այստեղ քննարկումների արդյունքում հանգեցինք նրան, որ Սփյուռքի հայությանը, այո՛, հանում ենք մեր տեսադաշտից, Սփյուռքը մեզ այլևս չի հետաքրքրում»,- իշխանական պատգամավորին հակադարձեց ընդդիմադիր պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

«Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը հեգնեց․ «Փաստորեն նենց է ստացվում, որ այս կառավարությունը մինչև հիմա ինչ ձախողումներ ունեցել է, այս սաղ պատերազմները, Արցախի կորուստը, այս իր գրածները չանելը՝ սաղդ մի երկու նախադասության պատճառով է եղել: Այս մարդիկ որ շուտ գլխի ընկած լինեին, որ այդ երկու նախադասությունը հնարավոր լիներ փոխել, ասենք՝ պատկերացնո՞ւմ եք ինչ երջանկություն լիներ, 18 թվին Նիկոլ Փաշինյանը մտածեր, որ այս տեքստը կարելի է փոխել: Ի՜նչ համազգային նպատակ, ի՜նչ ժողովրդի առջև տված խոստում, ապագա սերունդներ… Եթե այդ պահին գլխի ընկած լիներ, փաստորեն, կարող է պատերազմ էլ չլիներ: Ի՞նչ ենք մենք քաշվել էլի այս մարդու 8 տարի ուշացնելուց հետո»:

Իր բնութագրմամբ, այս ամենը լրջություն չունի․ «Եվ ես, անկեղծ ասած, հաշվի առնելով, որ այս փոփոխությունը վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, և իրենք պիտի այդ տեքստը հնչեցնեն, ես տեքստին լրիվ նոր խմբագրություն եմ առաջարկում, գրավոր էլ կներկայացնեմ իմ առաջարկությունը: Ուզում եմ ընթերցել, պատկերացրեք այդ տեքստը: Ասում է Նիկոլ Փաշինյանը կամ Մհեր Գրիգորյանը, կամ կառավարության ցանկացած անդամ.

«Ստանձնելով Հայաստանի հանրապետության կառավարության անդամի բարձր կարգավիճակը՝ երդվում եմ ծառայել Ադրբեջանի հանրապետությանը և դրա շահերին, կատարել Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի առաջ ստանձնած բոլոր խոստումներն ու պարտավորությունները, բարեխղճորեն կատարել նրա բոլոր հանձնարարությունները, բռնաճնշումներ գործադրել Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների, մտավորականների, գործարարների դեմ, կեղեքել և հարստահարել հայ ժողովրդին, «խաղաղության» անվան տակ հրահրել նոր պատերազմներ՝ ապահովելով Հայաստանի հանրապետության աստիճանական կործանումը ու այդ տարածքի վրա «Արևմտյան Ադրբեջանի» հանրապետության ստեղծումն ու զարգացումը»:

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հակադարձեց․ «Ինձ թվում է՝ պարոն Էդգար Ղազարյանը քիչ առաջ ընթերցեց այն տեքստը, որով, իմ կարծիքով, որքան հասկացա, պարոն Սամվել Կարապետյանը մտել է այն կառավարության նիստին, երդվել է այս տեքստով, ենթադրում եմ, ու մտել է այն կառավարության նիստին, որին մեր գործընկերները մասնակցել են: Ճի՞շտ եմ հասկանում, պարոն Ղազինյան, ենթադրում եմ այնտեղ… Ենթադրում եմ։ Այնպես է ստացվել, որ պարոն Ղազարյանը շատ ազնիվ մարդ է, ու ինձ թվում է՝ Սամվել Կարապետյանը պարոն Ղազարյանի նկատմամբ՝ որպես կուսակցության նախագահ, որոշակի կարգապահական սանկցիա կկիրառի իրենց ներքին կուսակցական գաղտնի փաստաթղթերը բարձրաձայնելու ու հանրության դատին հանձնելու համար, որովհետև, կարծում եմ, Սամվել Կարապետյանը երբ որ ինչ-որ մութ սենյակում երդվում էր այս տեքստով, այդ ժամանակ չէր ենթադրում, որ պարոն Էդգար Ղազարյանը պիտի այս տեքստը բերի ու ներկայացնի հանրության դատին: Բայց մյուս կողմից էլ՝ կասկածում եմ, որովհետև վստահ չեմ, որ Սամվել Կարապետյանը կկարողանար ընթերցել այս տեքստը ամբողջությամբ հայերենով, դրա համար ենթադրում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյան իր ելույթում անդրադառնալով Էդգար Ղազարյանի առաջարկին՝ նկատեց՝ ընդդիմադիր պատգամավորի արած հայտարարությունը հետեւանք է ունենալու։ Թե կոնկրետ Էդգար Ղազարյանի համար ի՞նչ հետեւանք կունենա՝ Անդրանիկ Քոչարյանը չգիտե։

Անդրանիկ Քոչարյան

Նախագիծը արժանացավ հանձնաժողովի՝ իշխանական անդամների հավանությանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930