Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարելու հետևանքով հիշողության թուլացման էֆեկտը․ նոր հետազոտություն

Սեպտեմբեր 02,2026 09:30 Share

Ինչ-որ բան հիշելու համար ինքնանկար (սելֆի), լուսանկար կամ դրանկար (սքրինշոթ) անելուց առաջ մի լավ մտածեք, քանի որ այդպիսով կարող եք վնասել ձեր հիշողությանը՝ երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին նշվում է Memory & Cognition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Գիտնականներն այս երևույթն անվանում են «լուսանկարելու հետևանքով հիշողության թուլացման էֆեկտ»։ Այս երևույթը նկատվում է այն դեպքերում, երբ մարդը լուսանկարում է ինչ-որ բան, սակայն հետագայում չի վերանայում այդ լուսանկարները։

Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ լուսանկարները կարող են օգնել երկարաժամկետ հիշողությանը, եթե դրանք հետագայում օգտագործվեն որպես հուշումներ՝ անցյալի իրադարձությունները վերհիշելու համար։

Խնդիրն այն է, որ շատերը միջին հաշվով օրական մոտ 20 լուսանկար են անում։ Հեռախոսում պահպանվող բոլոր լուսանկարները հետագայում դիտելն ու հիշողությունը վերականգնելու համար դրանք օգտագործելը գործնականում չափազանց դժվար է։

Յոթ փորձ՝ լուսանկարելու և հիշողության կապը հասկանալու համար

Հետազոտողները յոթ փորձեր են իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես է լուսանկարելը կապված հիշողության հետ։

Փորձերից մեկում մասնակիցները լուսանկարել են արվեստի գործեր, որից հետո ստուգվել է, թե որքան լավ են նրանք հիշում այդ ստեղծագործությունները։

Մեկ այլ փորձի ընթացքում մասնակիցները մաթեմատիկական խնդիրներ են լուծել, իսկ հետազոտողները գնահատել են, թե ինչպես է լուսանկարելը կամ նկարահանված պատկերների առկայությունն ազդում նրանց մտավոր աշխատանքի վրա։

Փորձերից ոչ մեկը ցույց չի տվել, որ սքրինշոթեր անելն օգնում է հիշողությանը, և, ինչպես նշում է հետազոտության հեղինակներից մեկը, կոճակի մեկ սեղմումով մենք կարող ենք վատացնել տեղեկատվության և փորձառությունների հիշողությունը։

Լուսանկարելն ինչպե՞ս է թուլացնում հիշողությունը

Գիտնականները ներկայացնում են մի քանի հնարավոր բացատրություն։

Առաջինը ուշադրության աղճատումն է։ Երբ մարդը փորձում է միաժամանակ ապրել որևէ պահը և լուսանկարել այն, ուղեղի ուշադրության և ճանաչողական ռեսուրսների մի մասը զբաղվում է լուսանկարելու գործընթացով։ Այդ ռեսուրսները, հակառակ դեպքում, կարող էին օգտագործվել տվյալ փորձառությունը հիշողության մեջ ամրապնդելու համար։

Սակայն հետազոտողները կարծում են, որ սա ամբողջությամբ չի բացատրում երևույթը։ Մասնակիցների մոտ հիշողության նմանատիպ վատացում նկատվել է նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց լրացուցիչ ժամանակ է տրվել արվեստի գործերը դիտելու համար՝ լուսանկարելուց առաջ կամ հետո։

Գիտնականների մեկ այլ բացատրությունը կոգնիտիվ կամ ճանաչողական բեռնաթափումն է։

Դա այն իրավիճակն է, երբ մարդն ակամա ավելի քիչ մտավոր ռեսուրս է հատկացնում որևէ տեղեկություն հիշելու համար՝ իմանալով, որ այդ տեղեկատվությունը պահպանված է արտաքին աղբյուրում՝ օրինակ՝ լուսանկարում կամ դրանկարում։

Այսինքն՝ ուղեղը կարծես «որոշում է», որ ինքը պարտավոր չէ հիշել այդ տեղեկատվությունը, քանի որ այն արդեն պահպանված է։

Երրորդ հնարավոր մեխանիզմը ուշադրության շեղումն է։

Այս վարկածի համաձայն՝ լուսանկարելու կամ դրանկար անելու գործողությունը կարող է մարդուն անգիտակցաբար որոշակիորեն շեղել, հեռացնել տվյալ փորձառությունից։

Օրինակ՝ հետազոտության ընթացքում մասնակիցներն ավելի վատ էին հիշում՝ արվեստի գործը դիտե՞լ են, թե՞ դրանկարն են արել։ Նախկին ուսումնասիրություններից մեկում, որտեղ մարդիկ լուսանկարում էին թանգարանում ցուցադրված արվեստի գործերը, նրանք նաև ավելի վատ էին հիշում, թե ցուցասրահի որ հատվածում էին գտնվում այդ աշխատանքները։

Եթե ուզում եք լավ հիշել՝ վերցրեք թուղթ ու գրիչ

Հետազոտողները խորհուրդ են տալիս հիշողությունը պահպանելու համար երբեմն վերադառնալ ավելի հին ու պարզ մեթոդին՝ գրել ձեռքով։

Նշումներ անելը ստիպում է մարդուն տեղեկատվությունը մշակել, դասավորել և վերածել ավելի հեշտ ընկալվող կետերի, ինչպես նաև կապեր գտնել տարբեր գաղափարների միջև։

Գիտնականները այս գործընթացն անվանում են «ցանկալի դժվարություն»․ որոշակի լրացուցիչ մտավոր ջանք գործադրելը կարող է նպաստել տեղեկատվության ավելի լավ յուրացմանն ու հետագայում հիշելուն։

Սակայն այստեղ նույնպես կա մի կարևոր հակասություն։ Գրառումներ անելը կարող է հանգեցնել նույն ճանաչողական բեռնաթափմանը, ինչ լուսանկարներն ու դրանկարները։

Օրինակ՝ մարդը կարող է մոռանալ ընկերոջ ծննդյան օրը, քանի որ այն արդեն ավելացրել է օրացույցում, կամ չհիշել հեռախոսահամարը, քանի որ այն պահպանված է իր կոնտակտների ցանկում։

Լուսանկարներն ու դրանկարները պետք չէ պարզապես պահել

Հետազոտողները, այնուամենայնիվ, չեն ասում, որ պետք է դադարել լուսանկարել կամ դրանկարներ անել, պարզապես եթե ցանկանում եք, որ դրանք նպաստեն ձեր հիշողության ամրապնդմանը, կարևոր է պարբերաբար դիտել դրանք՝ անցյալի փորձառությունները վերհիշելու համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930