Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

Կարդալու, սովորելու հետ կապված դժվարություններ առաջացնող խանգարում՝ դիսլեքսիա

Ապրիլ 26,2023 09:40

Դիսլեքսիան նեյրոկենսաբանական ծագում ունեցող խանգարում է, որն առաջացնում է սովորելու հետ կապված դժվարություններ՝ մասնավորապես կարդալու և կարդալը վերարտադրելու հետ կապված։ Այն վարակիչ չէ և չի առաջանում պատվաստումների հետևանքով։ Ինչպես նաև դիսլեքսիան աուտիզմի տեսակ չի հանդիսանում։

Թեև մարդու մոտ դիսլեքսիայի դեպքում կարող են դժվարություններ ի հայտ գալ հասկանալու, գրելու և կարդալու հետ կապված, սակայն դա չի նշանակում, որ նրա ինտելեկտի մակարդակը ցածր է։ Դիսլեքսիայով մարդն անգամ ինտելեկտի ավելի բարձր գործակից կարող է ունենալ։

Այս խանգարումը բավականին տարածված է և, որոշ գնահատականների համաձայն, հանդիպում է բնակչության 5-10 տոկոսի շրջանում, անգամ կան տվյալներ, որ բնակչության 17 տոկոսը կարդալու հետ կապված խնդիրներ ունի։

Դիսլեքսիայի ախտորոշման կոնկրետ տեսակներ չկան, նախկինում այն մի քանի տիպի էր բաժանվում, իսկ այժմ տարբերակում են դիսլեքսիայի 4 հիմնական տեսակներ՝ հիմնվելով ախտանշանների առանձնահատկությունների վրա։

Ֆոնոլոգիական դիսլեքսիա

Այս տեսակը նաև անվանում են լսողական դիսլեքսիա, որի դեպքում մարդիկ հիմնականում դժվարություններ են ունենում կոնկրետ տառերի կամ վանկերի հնչյունների մշակման հետ և չեն կարողանում համադրել դրանք գրավոր ձևերի հետ։

Մակերեսային դիսլեքսիա

Այս տեսակը անվանում են նաև տեսողական դիսլեքսիա, որը բնորոշվում է ամբողջական բառերի ճանաչման հետ կապված դժվարություններով, ինչը հավանաբար տեսողական կամ գլխուղեղում տեսողական տեղեկատվության մշակման հետ կապված խնդիրների արդյունք է։ Բառերը ճանաչելու բարդության պատճառով այդ խնդիրն ունեցող մարդկանց համար կարող է դժվար լինել այդ բառերը սովորելն ու հիշելը։

Արագ անվանման դեֆիցիտ

Այս դեպքում մարդը դժվարանում է տառի, թվի, գույնի կամ առարկայի անունն արագ ու մեխանիկորեն արտաբերելու հարցում։ Ինֆորմացիայի մշակման արագությունը ցածր է և ժամանակ է պահանջվում դրանց անուններն արտաբերելու համար։

Կրկնակի պակասորդային դիսլեքսիա

Կրկնակի դեֆիցիտային դիսլեքսիա ունեցող մարդու մոտ նկատվում են դժվարություններ ինչպես հնչյունաբանական գործընթացի, այնպես էլ անունների արտաբերման հետ կապված։ Ամենավատ կարդացող մարդկանց մեծամասնության մոտ հենց այս տեսակի դիսլեքսիան է հանդիպում։

Որո՞նք են դիսլեքսիայի զարգացման պատճառները

Դիսլեքսիան բնածին խանգարում է, որի զարգացմանը նպաստող գործոնները բազմաթիվ են՝

  • Ժառանգականությունը,
  • վաղաժամ ծննդաբերությունն ու ցածր քաշով ծնվելը,
  • վնասակար նյութերի, ինչպիսիք են նիկոտինը, թմրանյութերն ու ալկոհոլը, օգտագործումը հղիության ընթացքում կարող է ազդել պտղի գլխուղեղի զարգացման վրա։
  • Հղիության ընթացքում մոր տարած ինֆեկցիաները կարող են խաթարել երեխայի գլխուղեղի նորմալ զարգացումը։
  • Գլխուղեղի՝ կարդալու և հասկանալու համար պատասխանատու հատվածների խանգարումները։
  • Շատ վաղ հասակում սթրեսի ազդեցությունը։

Այս ցանկը վերջնական չէ և շատ դեպքերում դժվար է գտնել խանգարման առաջացման իրական պատճառը։

Թեև դիսլեքսիան բնածին խանգարում է, սակայն գանգուղեղի վնասվածքների, կաթվածի և դեմենցիայի դեպքում մեծահասակների մոտ նույնպես կարող են զարգանալ դիսլեքսիայի ախտանշաններ։

Դիսլեքսիան կարող է վատթարանալ տարիքի հետ։

Դիսլեքսիայի ախտանշանները

Դիսլեքսիա ունեցող մարդիկ, ինչպես նշվեց, դժվարություններ ունեն կարդալու, կարդացածը հասկանալու և բառերը հիշելու հետ կապված։ Սակայն խնդրի վաղ հայտնաբերումն ու համապատասխան օգնության տրամադրումը տարբեր մեթոդների կիրառմամբ կօգնի բարելավել մարդու վիճակը։

Դիսլեքսիայի նախանշանները կարող են ի հայտ գալ դեռ նախադպրոցական վաղ տարիքում։ Մեծահասակների  դեպքուն դրանք մի փոքր տարբերվում են։

Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ դիսլեքսիայի նախանշաններից են՝ 

  • Խոսքի զարգացման դանդաղումը,
  • տառերն ու գույները հիշելու հետ կապված դժվարությունները,
  • ոչ ճիշտ բառերի ընտրությունը, հնչյունները շրջելը, միևնույն հնչողություն ունեցող բառերի շփոթությունը և այլն։

Տարրական և միջին դասարաններում սովորող երեխաների դեպքում դիսլեքսիան առաջացնում է՝

  • Կարդալու հետ կապված դժվարություններ․ երեխան կարդում է ավելի դանդաղ, քան իր դասընկերները,
  • տեղեկատվության մշակման և ըստ հերթականության հիշելու հետ կապված դժվարություններ,
  • գրելն ու կարդալն ավելի երկար ժամանակ է խլում,
  • նոր բառերի, ինչպես նաև նման հնչյուններ ունեցող բառերի արտաբերման հետ կապված դժվարություններ,
  • խուսափում այն խնդիրներից, որոնք կարդալ են պահանջում։

Դեռահասների ու մեծահասակների դեպքում՝

  • Ավելի շատ ժամանակ է հարկավոր մշակելու և ամփոփելու համար այն, ինչ նրանք կարդացել կամ գրել են։
  • Խնդիրներ ուղղագրության և նոր լեզու սովորելու հետ կապված։
  • Բառերի սխալ արտաբերում, տեքստը հիշելու, ինչպես նաև մաթեմատիկական առաջադրանքներ կատարելու հետ կապված դժվարություններ։
  • Բարձր կարդալու հետ կապված խնդիրներ,
  • պատմելու հարցում դժվարություններ,
  • վատ ձեռագիր,
  • վածր առաջադիմություն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930