«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը. Մաս 3
Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան. հաղորդակցային այլընտրանքները և Հյուսիս–հարավի ռազմավարական նշանակությունը
Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը չի սահմանափակվում Իրանի անվտանգային նկատառումներով, տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու ԱՄՆ-ի ձգտումներով և թուրք-ադրբեջանական նպատակադրումներով։ Դրա ձևավորման վրա ներգործում են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի երբեմն էապես տարբերվող, բայց փոխկապակցվող ռազմավարական շահերը։ Այդ շահերի շրջանակը չի սահմանափակվում հաղորդակցային ուղղությունների զարգացման խնդրով. դրանք միաժամանակ առնչվում են տարածաշրջանում ուժերի հարաբերակցությանը, անվտանգային միջավայրին և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կառուցվածքին։
Հաղորդակցային տարբեր ուղղությունների ձևավորումն ու դրանց հնարավոր փոխկապակցումը, այստեղ ևս պետք է դիտարկել հենց այս ավելի լայն ռազմավարական համակարգի շրջանակում, քանի որ դրանց նշանակությունն ու գործունակությունը մեծապես պայմանավորված են այն անվտանգային և աշխարհաքաղաքական միջավայրով, որի պայմաններում դրանք ձևավորվում են։ Այս տրամաբանության շրջանակում Հյուսիս–հարավ ուղղությունը Հայաստանի համար առանձնահատուկ ռազմավարական նշանակություն է ստանում՝ որպես այնպիսի ուղղություն, որի միջոցով կարող են միմյանց կապվել Ռուսաստանի, ՉԻնաստանի, Հնդկաստանի և այլ դերակատարների շահերը՝ միաժամանակ ընդլայնելով Հայաստանի հաղորդակցային բազմազանությունն ու ռազմավարական մանևրի հնարավորությունները։
Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ոչ միայն տնտեսական և հաղորդակցային տարածք է, այլև իր անմիջական աշխարհաքաղաքական միջավայրի և անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս։ Հետևաբար տարածաշրջանում տեղի ունեցող այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են վերաձևել ուժերի հարաբերակցությունը, արտաքին դերակատարների ներկայության ծավալը կամ հաղորդակցային հիմնական ուղղությունների նկատմամբ ազդեցության կառուցվածքը, Մոսկվայի կողմից ընկալվում են ավելի լայն՝ սեփական աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքերի փոփոխության խորապատկերում։ Այս պատճառով Ռուսաստանի ռազմավարական հաշվարկը չի սահմանափակվում Հարավային Կովկասում տնտեսական ներկայության կամ առանձին հաղորդակցային նախագծերի պահպանմամբ. դրա կարևոր բաղադրիչն է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային կառուցվածքի ձևավորման ու հետագա զարգացման վրա ներգործելու հնարավորության պահպանումը՝ այնպիսի պայմաններում, որոնց դեպքում Մոսկվան կշարունակի ունենալ էական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ որոշիչ ազդեցություն տարածաշրջանային զարգացումների վրա։
Կարդացեք նաև
Ռուսաստանի այս ռազմավարական հաշվարկում առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի ներգրավվածության ընդլայնումը։ Ռուսաստանի ազդեցության հարաբերական թուլացմանը զուգահեռ տարածաշրջանային օրակարգում մեծացել է արտաքին նոր դերակատարների ներգործության ներուժը, իսկ հատկապես ԱՄՆ-ի և Թուրքիայի ակտիվությունը սկսել է ավելի անմիջականորեն առնչվել հաղորդակցությունների, անվտանգային համագործակցության և տարածաշրջանային տնտեսական կապերի ձևավորման ու վերափոխման գործընթացներին։ Մոսկվայի համար խնդիրը, հետևաբար, միայն մրցակիցների ներկայության ընդլայնումը չէ, այլ այն հնարավորությունը, որ այդ ներգործության աճը ժամանակի ընթացքում կարող է վերափոխել Հարավային Կովկասի քաղաքական և անվտանգային հավասարակշռությունը՝ սահմանափակելով Ռուսաստանի ազդեցության պահպանման և վերարտադրման հնարավորությունները իր անմիջական հարավային միջավայրում։
Այս պայմաններում հաղորդակցային համակարգերի զարգացումը Ռուսաստանի համար ստանում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն՝ դառնալով տարածաշրջանում իր ազդեցության պահպանման կարևոր բաղադրիչ։ Հյուսիս–հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը (International North–South Transport Corridor-INSTC) այս ռազմավարական հաշվարկի առանցքային ուղղություններից է, քանի որ այն Ռուսաստանի հարավային և կասպյան հաղորդակցությունները կապում է Իրանի, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի շուկաների հետ՝ միաժամանակ տեղավորվելով դեպի «Գլոբալ հարավ» Ռուսաստանի տնտեսական կապերի ընդլայնման ավելի լայն ռազմավարության շրջանակում։ Ռուսաստանի կառավարությունը վերջին տարիներին առաջնահերթ նշանակություն է տվել INSTC-ի զարգացմանը՝ ներառյալ դրա արևմտյան՝ Ադրբեջանով անցնող ուղղությունը, որի ենթակառուցվածքային կարողությունների ընդլայնման շուրջ Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ձևավորել են գործնական համագործակցության մեխանիզմներ։
Միևնույն ժամանակ, հենց INSTC-ի արևմտյան ուղղության զարգացումը ցույց է տալիս Ռուսաստանի ներկայիս ռազմավարական հաշվարկի կարևոր առանձնահատկությունը. Մոսկվան ձգտում է պահպանել իր ներգործության հնարավորությունները տարբեր հաղորդակցային ուղղություններում՝ միաժամանակ դրանք կապելով Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացման և ավելի լայն եվրասիական տնտեսական կապերի հետ։ Այդ տեսանկյունից Հայաստանի ուղղությունը կարող է ունենալ լրացուցիչ նշանակություն ոչ այնքան որպես Ռուսաստանի համար առանձին նոր երթուղի, որքան որպես այն հաղորդակցային կառուցվածքի հնարավոր բաղադրիչ, որը կկապեր ռուսաստանյան, իրանական և հնդկական շահերը Հարավային Կովկասի միջով։ Հայաստանի ուղղության զարգացումը, այսպիսով, կարող է ընդլայնել Ռուսաստանի համար տարածաշրջանային հաղորդակցային ներկայության շրջանակը և միաժամանակ պահպանել այնպիսի կառուցվածքի հնարավորությունը, որտեղ Հարավային Կովկասի հաղորդակցային վերաձևավորումը չի հանգեցնում Մոսկվայի աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքերի էական կորստի։
Չինաստանի ռազմավարական հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ անհրաժեշտ է դիտարկել նախևառաջ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (Belt and Road Initiative, BRI) ավելի լայն տրամաբանության շրջանակում։ Պեկինի համար այս նախաձեռնությունը միայն առևտրային հոսքերի կամ առանձին ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ծրագիր չէ. դրա հիմքում ձևավորվում է փոխկապակցված տնտեսական և հաղորդակցային համակարգ, որը ներառում է տրանսպորտային, առևտրային, ֆինանսական և ինստիտուցիոնալ կապերի ընդլայնում և որի արդյունավետությունը մեծապես կախված է տարբեր ուղղությունների միջև կապակցվածությունից ու դրանցից որևէ մեկի նկատմամբ չափազանց մեծ կախվածության կանխումից։ Չինաստանի վերջին պաշտոնական նախաձեռնություններում առանձնահատուկ շեշտվում է բազմաչափ հաղորդակցային ցանցերի ձևավորումը, միջազգային տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացումը և դրանց գործունակության ու դիմակայունության բարձրացումը։ Ավելին, Պեկինի կողմից BRI-ի շրջանակում անդրազգային հաղորդակցային ուղղությունների շարքում ներառվել են ինչպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, այնպես էլ Հյուսիս–հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, ինչը վկայում է այն մասին, որ Չինաստանի հաշվարկում տարբեր երթուղիները դիտարկվում են ոչ թե միմյանց բացառող, այլ ավելի լայն եվրասիական հաղորդակցային ցանցի բաղադրիչների տեսանկյունից։
Այս համակարգի արևմտյան և կենտրոնաասիական հատվածների զարգացումը Չինաստանի համար միաժամանակ ունի նաև անվտանգային նշանակություն։ Կենտրոնական Ասիան Պեկինի համար կարևոր է ոչ միայն որպես Չինաստանը եվրոպական և արևմտյան շուկաների հետ կապող տարածք, այլև որպես Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի անմիջական հարևանությամբ գտնվող ռազմավարական միջավայր։ Չինաստանի համար Սինցզյանը միաժամանակ տնտեսական և հաղորդակցային դարպաս է դեպի Կենտրոնական Ասիա և ներքին անվտանգության տեսանկյունից զգայուն տարածք, ինչի պատճառով Կենտրոնական Ասիայի կայունությունը, սահմանային անվտանգությունը, ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելումը Պեկինի տարածաշրջանային քաղաքականության մշտական բաղադրիչներից են։ Պեկինը վերջին տարիներին հենց այս խորապատկերում է Կենտրոնական Ասիայի հետ տնտեսական կապերի խորացումը զուգակցում անվտանգային համագործակցության ընդլայնման հետ։ Հետևաբար, Չինաստանի համար դեպի Կենտրոնական Ասիա և այնտեղից դեպի Սինցզյան ձգվող հաղորդակցային կապերի ընդլայնումը պետք է դիտարկել երկակի հաշվարկի շրջանակում. դրանք մի կողմից ամրապնդում են երկրի արևմտյան տնտեսական կապակցվածությունը, մյուս կողմից՝ մեծացնում են այն անվտանգային միջավայրի նշանակությունը, որի պայմաններում այդ կապերը գործում են։
Այս խորապատկերում Միջին միջանցքի և դրա Հարավային Կովկասով անցնող հատվածի զարգացումը լիովին տեղավորվում է Չինաստանի տարբեր ուղղությունների վրա հիմնված հաղորդակցային հաշվարկի մեջ։ Չինաստանն արդեն ակտիվորեն օգտագործում և ընդլայնում է Տրանսկասպյան ուղղությամբ բեռնափոխադրումները, իսկ 2025–2026 թվականներին Չինաստանից դեպի Ադրբեջան և այնուհետև Եվրոպա նոր բեռնափոխադրումների գործարկումը վկայում է այդ ուղղության գործնական նշանակության աճի մասին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքով նախատեսվող TRIPP-ի ձևավորումը Միջին միջանցքի կառուցվածքում ստեղծում է նոր հաղորդակցային հատված, որը կարող է փոփոխել Հարավային Կովկասում այդ ցանցի աշխարհագրական և կառավարչական կառուցվածքը։ TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը նախատեսում է հաղորդակցային կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Հայաստանի տարածքով և այն ներկայացնում է որպես Տրանսկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ՝ նախատեսելով Հայաստանի տարածքում տարբեր տրանսպորտային համակարգերի փոխկապակցված զարգացում։ Չինաստանի տեսանկյունից նման զարգացումը ինքնին չի հակասում BRI-ի տրամաբանությանը, քանի որ նոր ուղղության ձևավորումը կարող է ընդլայնել ընդհանուր ցանցի կապակցվածությունը։ Սակայն դրա շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և կառավարչական միջավայրը կարող է էապես ազդել այն բանի վրա, թե ինչպիսի դեր կստանձնի Հարավային Կովկասը այդ ցանցում և որքանով տարբեր արտաքին դերակատարների ներգրավվածությունը կփոխի տարածաշրջանային հաղորդակցային ճարտարապետության հավասարակշռությունը։
Այս պայմաններում INSTC-ը Չինաստանի համար կարող է ստանալ լրացուցիչ ռազմավարական նշանակություն՝ որպես BRI-ի տարբեր ուղղություններով զարգացող հաղորդակցային տրամաբանությանը համապատասխանող այլընտրանք։ Դրա արժեքը հատկապես մեծանում է այն դեպքում, երբ այն դիտարկվում է ոչ թե որպես Միջին միջանցքի մրցակից, այլ որպես Իրանի, Հարավային Կովկասի և ավելի լայն եվրասիական տարածքի միջև ձևավորվող կապերի լրացուցիչ ուղղություն։ Հայաստանի ուղղության հնարավոր ներառումն այս համակարգում կարող է այդ պատճառով հետաքրքրել Պեկինին՝ ոչ այնքան առանձին Հայաստան–Չինաստան հաղորդակցության ստեղծման, որքան ավելի լայն ցանցում նոր կապող օղակի ձևավորման տեսանկյունից։ Հայկական ուղղությունը կարող է կապել Հյուսիս–հարավի իրանական հատվածը Հարավային Կովկասի և Սև ծովի հաղորդակցային համակարգերի հետ՝ ընդլայնելով այն աշխարհագրությունը, որի միջոցով Չինաստանը կարող է բազմազանեցնել իր եվրասիական կապերը։ Այս իմաստով Հայաստանի նշանակությունը Չինաստանի համար կարող է պայմանավորվել ոչ թե մեկ կոնկրետ երթուղու նկատմամբ նախապատվությամբ, այլ այն հնարավորությամբ, որ Սյունիքի և Հայաստանի տարածքով ձևավորվող կապերը միանան ավելի լայն, տարբեր ուղղություններով փոխկապակցված եվրասիական հաղորդակցային համակարգին։
Հնդկաստանի ռազմավարական հետաքրքրությունը Իրանի և Հարավային Կովկասի ուղղությամբ ձևավորվում է հաղորդակցային և անվտանգային շահերի փոխկապակցման պայմաններում։ Չաբահարի նավահանգիստը և INSTC-ը Նյու Դելիի համար կարևոր են ոչ միայն որպես դեպի Կենտրոնական Ասիա, Ռուսաստան և եվրոպական շուկաներ հասնելու հաղորդակցային ուղի, այլև որպես այնպիսի ռազմավարական ուղղություն, որը նվազեցնում է Պակիստանի տարածքով անցնող ուղիներից կախվածությունը և ընդլայնում Հնդկաստանի մուտքը դեպի Եվրասիայի մայրցամաքային հաղորդակցային համակարգեր։ Հնդկաստանի՝ Չաբահարի նկատմամբ երկարաժամկետ ներգրավվածությունը և INSTC-ի զարգացման առաջնահերթությունը հենց այս ավելի լայն հաշվարկի մաս են. 2024 թվականին Նյու Դելին և Թեհրանը ստորագրեցին Չաբահարի Շահիդ Բեհեշթի տերմինալի շահագործման տասնամյա պայմանագիրը, իսկ Հնդկաստանի պաշտոնական գնահատականներում INSTC-ը շարունակում է դիտարկվել որպես Հնդկաստանը Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապող ռազմավարական հաղորդակցային համակարգ։
Այս հաղորդակցային ընտրությունն ունի նաև ավելի լայն անվտանգային նշանակություն։ Հնդկաստանի և Պակիստանի միջև երկարատև ռազմավարական մրցակցությունը, դրա ֆոնին Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իսլամաբադի պաշտպանական կապերի խորացումը, ինչպես նաև 2026 թվականի օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի կնքումը ձևավորում են այնպիսի տարածաշրջանային միջավայր, որը Նյու Դելիի համար մեծացնում է դեպի արևմուտք այլընտրանքային հաղորդակցային ուղղությունների նշանակությունը։ Հնդկաստանի արտգործնախարարության արձագանքը Մեքքայի համաձայնագրին՝ դրա հնարավոր հետևանքները ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության տեսանկյունից ուսումնասիրելու մասին, ցույց է տալիս, որ Նյու Դելին այդ զարգացումը դիտարկում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև սեփական ռազմավարական միջավայրի խորապատկերում։ Այս տեսանկյունից Հնդկաստանի համար կարևոր է ոչ միայն սեփական տնտեսական և հաղորդակցային ներկայության ընդլայնումը, այլև այնպիսի ռազմավարական դիրքի պահպանումը, որը թույլ կտա նվազեցնել ձևավորվող անվտանգային կապակցվածությունների նկատմամբ իր խոցելիությունը։ Այս պայմաններում Չաբահար–Իրան–Կենտրոնական Ասիա ուղղությունը Հնդկաստանի համար ձեռք է բերում լրացուցիչ ռազմավարական արժեք՝ որպես այնպիսի հաղորդակցային համակարգի բաղադրիչ, որի միջոցով հնարավոր է շրջանցել Պակիստանի աշխարհագրական սահմանափակումը և միաժամանակ պահպանել դեպի Եվրասիա այլընտրանքային ելքերը։ Հայաստանի ուղղության հնարավոր ներառումը այս համակարգում, հետևաբար, պետք է դիտարկել այդ ավելի լայն հաշվարկի շրջանակում՝ Իրանը, Հարավային Կովկասը և Սև ծովը միացնող հաղորդակցային շղթայի տեսանկյունից, այլ ոչ թե որպես առանձին Հայաստան–Հնդկաստան հաղորդակցային նախագիծ։
Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ռազմավարական շահերը նույնական չեն, սակայն դրանց հատման կետում INSTC-ը կարող է ստանալ առանձնահատուկ նշանակություն։ Այն միավորում է մի քանի տարբեր աշխարհագրական ուղղություններ՝ Իրանը կապելով Ռուսաստանի հարավային հատվածների, Հարավային Ասիայի և ավելի լայն եվրասիական շուկաների հետ, և այդպիսով ստեղծում հաղորդակցային այնպիսի կառուցվածք, որի արժեքը պայմանավորվում է ոչ թե մեկ երթուղու գերակայությամբ, այլ տարբեր ուղղությունների փոխլրացմամբ։ Այս հանգամանքը Հյուսիս–հարավին հաղորդում է ավելի լայն ռազմավարական նշանակություն. այն կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը կապող հաղորդակցային օղակ՝ միաժամանակ նպաստելով ավելի լայն եվրասիական համակարգում լրացուցիչ կապերի և փոխկապակցվածության ձևավորմանը։
Հայաստանի համար այդ համակարգի առանձնահատուկ նշանակությունը պայմանավորված է դրա հայկական ուղղության հնարավորությամբ՝ Հայաստան–Իրան կապը շարունակելով դեպի Վրաստան, Սև ծով և եվրոպական հաղորդակցային համակարգեր։ Այս հնարավորության արժեքը չի սահմանափակվում տարանցիկ գործառույթով։ Հայաստանի տարածքով, որոշակիորեն՝ Սյունիքով ձևավորվող այդ կապը կարող է միավորել հարավից և հյուսիսից եկող տարբեր հաղորդակցային ուղղություններ՝ ստեղծելով այնպիսի փոխկապակցվածություն, որի պայմաններում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ մեկ երթուղու սպասարկող տարածք, այլ տարբեր համակարգերի կապակցման հնարավոր օղակ։ Միևնույն ժամանակ, հայկական ուղղությունը կարող է լրացուցիչ կապ ստեղծել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվող հաղորդակցային շահերի համար՝ ընդլայնելով INSTC-ի աշխարհագրական ընդգրկումը և մեծացնելով դրա հնարավոր դերը եվրասիական հաղորդակցային ընդհանուր համակարգում։
INSTC-ի ռազմավարական նշանակությունն առավել ամբողջական է դառնում անվտանգային և աշխարհաքաղաքական մակարդակում։ Թուրք-ադրբեջանական միջանցքային նպատակադրումների պայմաններում դրա զարգացումը կարող է կարևորել ոչ թե մեկ հաղորդակցային ուղղության գերակայությունը, այլ փոխլրացվող կապերի այնպիսի համակարգի ձևավորումը, որը սահմանափակում է հաղորդակցությունների միակողմանի կենտրոնացման հնարավորությունը։ Տարբեր պետությունների տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի հատումը Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղղությունների հետ կարող է ստեղծել բազմակողմ փոխկապակցվածություններ, որոնց պայմաններում Հայաստանի աշխարհագրական դիրքը ձեռք է բերում ավելի լայն ռազմավարական արժեք։ Այս իմաստով INSTC-ը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին տարանցիկ երթուղի, այլ որպես Հայաստանի հաղորդակցային ռազմավարության, ռազմավարական ընտրության և արտաքին ուժերի միջև ձևավորվող փոխկախվածություններից սեփական առավելություն ստանալու հնարավորության կարևոր բաղադրիչ։
Եզրակացություն
Հայաստանի համար Սյունիքում ձևավորվող հաղորդակցային համակարգերի ռազմավարական արժեքը որոշվելու է ոչ միայն դրանց տնտեսական արդյունավետությամբ, այլև այն աշխարհաքաղաքական և անվտանգային կառուցվածքով, որը կարող է ձևավորվել Հայաստանի շուրջ։ Այս տեսանկյունից TRIPP-ի նշանակությունը պայմանավորվում է ոչ այնքան նրա՝ որպես առանձին հաղորդակցային նախագծի գործառույթով, որքան այն հանգամանքով, որ դրա տնտեսական արդյունավետությունը ժամանակի ընթացքում կարող է նպաստել հաղորդակցային հոսքերի և շահերի կենտրոնացմանը մեկ առանցքի շուրջ, իսկ դրա երկարաժամկետ կառավարչական և արտաքին ներգրավվածությունը՝ մեծացնել այդ առանցքի քաղաքական և ռազմավարական կշիռը։ Եթե այդ գործընթացի արդյունքում TRIPP-ը աստիճանաբար վերածվի Հայաստանի հաղորդակցային քաղաքականության գերակա կամ փաստացի հիմնական հենարանի, ապա հարցը կարող է դուրս գալ տնտեսական կամ ենթակառուցվածքային կախվածության սահմաններից՝ հասնելով ռազմավարական ինքնուրույնության մակարդակին։ Մեկ ուղղության նկատմամբ ենթակառուցվածքային, տնտեսական և կառավարչական կախվածության աստիճանական խորացումը կարող է ոչ միայն սահմանափակել Հայաստանի այլընտրանքների գործնական նշանակությունը, այլև ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ այդ ուղղության պահպանման անհրաժեշտությունը սկսում է ազդել արտաքին քաղաքական և անվտանգային որոշումների վրա։ Այդ դեպքում Հայաստանը կարող է աստիճանաբար զրկվել ոչ միայն իր տարածքում ձևավորվող ենթակառուցվածքի նկատմամբ ազդեցության որոշակի հնարավորությունից, այլև տարբեր ուղղությունների միջև ընտրություն կատարելու, դրանց հարաբերակցությունը վերաձևելու և արտաքին ճնշումների պայմաններում սեփական ռազմավարական առաջնահերթություններն ինքնուրույն վերանայելու կարողությունից։
Հայաստանի համար ռազմավարական խնդիրը Սյունիքում ձևավորվող հաղորդակցային համակարգի նկատմամբ սեփական դիրքի և դրա հետագա ձևավորման վրա ազդելու կարողության պահպանումն է։ Այս խնդիրը առանձնապես սուր է դառնում TRIPP-ի պարագայում, քանի որ դրա պաշտոնապես համաձայնեցված ձևաչափի և դրա շուրջ ձևավորվող թուրք-ադրբեջանական ռազմավարական մեկնաբանության միջև առկա է էական տարբերություն։ TRIPP-ի շրջանակային ձևաչափը իրավական առումով հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանման վրա։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է Հայաստանի տարածքով նախատեսվող այս հաղորդակցությունը ներկայացնել որպես «Զանգեզուրի միջանցք»՝ այն կապելով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ ցամաքային կապի իր նպատակադրման հետ։ Թուրք-ադրբեջանական ռազմավարական հաշվարկում, սակայն, Սյունիքով անցնող այս ուղղության նշանակությունը չի սահմանափակվում Ադրբեջան–Նախիջևան կապի ապահովմամբ. այն դիտարկվում է նաև որպես Միջին միջանցքի կարևոր օղակ՝ Հարավային Կովկասով անցնող դրա արևմտյան հատվածում։ Հետևաբար, TRIPP-ի ռազմավարական նշանակությունը չի կարող գնահատվել միայն դրա իրավական կարգավիճակով․ էական է նաև այն, թե ինչ տեղ է այն զբաղեցնելու ձևավորվող տարածաշրջանային հաղորդակցային ճարտարապետության մեջ, որքանով է Հայաստանը կարողանալու ազդել դրա հետագա զարգացման և գործարկման վրա, և ինչ դեր է այդ համակարգում վերապահվելու Հայաստանին։ Եթե TRIPP-ի շուրջ ձևավորվող տնտեսական հոսքերը, կառավարչական մեխանիզմներն ու արտաքին դերակատարների ներգրավվածությունը ժամանակի ընթացքում նպաստեն մեկ ուղղության գերակշռությանը, ապա Հայաստանի ինքնիշխանությունը կարող է իրավական առումով պահպանվել, մինչդեռ այդ ենթակառուցվածքի նկատմամբ պետության փաստացի ռազմավարական ազդեցությունը՝ աստիճանաբար նվազել։ Այդ դեպքում ռիսկը չի սահմանափակվի տնտեսական կամ տարանցիկ կախվածությամբ․ այն կարող է աստիճանաբար վերաճել ռազմավարական մանևրի սահմանափակման՝ նվազեցնելով Հայաստանի հնարավորությունը՝ սեփական հարավային ուղղության զարգացումը կապելու այլ հաղորդակցային համակարգերի հետ և պահպանելու դրանց միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։
Հենց այստեղ է առավել հստակ ուրվագծվում Սյունիքի ռազմավարական խնդրի էությունը։ Հայաստանի համար որոշիչ հարցը ոչ թե այն է, թե քանի ճանապարհ կարող է անցնել Սյունիքով, այլ՝ ով է սահմանելու այդ ճանապարհների դերն ու նշանակությունը ձևավորվող հաղորդակցային համակարգում, դրանց փոխհարաբերությունը և դրանց միջոցով ստեղծվող կապակցվածությունների բնույթը։ Տարանցիկ տարածքն առաջին հերթին սպասարկում է արդեն ձևավորված կամ ձևավորվող հոսքերը, մինչդեռ ռազմավարական հանգույցը պետությանը հնարավորություն է տալիս իր տարածքային դիրքի միջոցով ներգործելու այդ հոսքերի ուղղության, հարաբերակցության և փոխկապակցման վրա։ Սյունիքի դեպքում հանգույցի ռազմավարական արժեքը բխում է նրանից, որ դրա միջոցով տարբեր հաղորդակցային ուղղություններ կարող են կապվել միմյանց, իսկ տարբեր դերակատարների շահերը՝ միավորվել նույն համակարգում՝ ձևավորելով փոխադարձ կախվածություններ։ Հետևաբար, արտաքին ուժերի շահերի հատման գոտում գտնվելը ինքնին ռազմավարական առավելություն չէ. այն այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կարողանում է այդ փոխադարձ շահերից և դրանց միջև ձևավորվող կախվածություններից ստեղծել սեփական ռազմավարական նպատակներին ծառայող ազդեցություն։
Այս դիտանկյունից Հորմուզի և Սյունիքի համեմատությունը ձեռք է բերում իր ամբողջական իմաստը։ Հորմուզն ու Սյունիքը էապես տարբեր աշխարհագրական բնույթ ունեն, և դրանց ռազմավարական նշանակության ձևավորման մեխանիզմները նույնական չեն։ Հորմուզը բնական ծովային chokepoint է, որի աշխարհագրական դիրքը սահմանափակում է դրա շրջանցման գործնական հնարավորությունները, բարձրացնում այլընտրանքային երթուղիների որոնման տնտեսական և ժամանակային գինը և, այդպիսով, խորացնում արտաքին դերակատարների կախվածությունը նեղուցի անխափան գործունակությունից։ Սյունիքը չունի նման բնական առավելություն. այն չի կարող իր ռազմավարական նշանակությունը կառուցել որևէ երթուղու նկատմամբ բացառիկ վերահսկողության վրա։ Սակայն այս տարբերությունը չի վերացնում համեմատության արժեքը։ Ընդհակառակը՝ այն ցույց է տալիս, որ աշխարհագրական առավելությունը աշխարհաքաղաքական ազդեցության վերածելու սկզբունքը կարող է իրագործվել տարբեր մեխանիզմներով։ Իրանը Հորմուզի դեպքում իր աշխարհագրական դիրքի շուրջ ձևավորված արտաքին կախվածությունը վերածել է ռազմավարական ազդեցության հնարավորության։ Հայաստանի խնդիրը Սյունիքում նույն արդյունքին հասնելն է այլ ճանապարհով՝ ոչ թե որևէ մեկ ուղղության անշրջանցելիությունից բխող առավելության, այլ տարբեր հաղորդակցային համակարգերի փոխկապակցման և դրանցից ձևավորվող փոխադարձ կախվածությունների միջոցով։
Հորմուզի օրինակի գլխավոր դասը աշխարհագրական դիրքը ռազմավարական ազդեցության վերածելու սկզբունքն է։ Սյունիքի դեպքում այդ սկզբունքը կարող է իրագործվել միայն այն պայմաններում, երբ Հայաստանը սեփական տարածքում ձևավորվող հաղորդակցային փոխկապակցվածությունը դիտարկի որպես քաղաքական և ռազմավարական ռեսուրս և կարողանա դրա շուրջ ձևավորել այնպիսի փոխադարձ կախվածություններ, որոնք կմեծացնեն Հայաստանի ազդեցությունը արտաքին դերակատարների ռազմավարական հաշվարկների վրա։
Այս իմաստով Հայաստանի ռազմավարական նպատակը չպետք է կառուցվի որևէ մեկ արտաքին ուժի կամ որևէ առանձին նախագծի գերակայության վրա։ Ո՛չ TRIPP-ը, ո՛չ Հյուսիս–հարավը, ո՛չ էլ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ առանձին հաղորդակցային կապերը ինքնին չեն կարող փոխարինել այնպիսի ռազմավարությանը, որի հիմքում տարբեր ուղղությունների և շահերի համադրումն է։ Հայաստանի առավելությունը կարող է ձևավորվել հենց այդ բազմազանության արդյունավետ կառավարման միջոցով՝ այնպիսի պայմանների ձևավորմամբ, որոնց դեպքում տարբեր դերակատարների շահերի իրացումը կապվում է Հայաստանի հետ ձևավորվող հաղորդակցային փոխկապակցվածությունների հետ, սակայն դրանցից որևէ մեկը չի դառնում Հայաստանի միակողմանի կախվածության գործոն։ Այդպիսի մոտեցումն է, որ կարող է ընդլայնել Հայաստանի քաղաքական մանևրի հնարավորությունները և պահպանել ռազմավարական ինքնուրույնության համար անհրաժեշտ ընտրության դաշտը։
Հորմուզի և Սյունիքի միջև ռազմավարական զուգահեռը աշխարհագրական նմանության մեջ չէ. այն նույն սկզբունքի տարբեր դրսևորումն է՝ աշխարհագրական դիրքը ռազմավարական ազդեցության վերածելու։ Հորմուզի պարագայում Իրանի առավելությունը պայմանավորված է ոչ միայն նեղուցի բացառիկ աշխարհագրական դիրքով, այլև այն քաղաքական կարողությամբ, որի միջոցով Թեհրանը այդ դիրքը վերածել է իր շահերի հաշվառումը պայմանավորող գործոնի։ Հայաստանի համար Սյունիքի հարցը նույնպես պետք է դիտարկել ոչ միայն դրա աշխարհագրական նշանակության, այլև այն քաղաքական կարողության տեսանկյունից, որով այդ նշանակությունը կարող է վերածվել պետության ռազմավարական դիրքի ամրապնդման միջոցի։ Սյունիքի նկատմամբ արտաքին դերակատարների աճող հետաքրքրությունն ինքնին դեռևս ոչ ռազմավարական առավելություն է, ոչ էլ գոյութենական բնույթի մարտահրավեր․ դրա հետևանքը որոշվում է այդ հետաքրքրությունների բնույթով և այն հանգամանքով, թե Հայաստանը ինչպես է արձագանքում դրանց։ Հենց այստեղ է անցնում պետության աշխարհաքաղաքական սուբյեկտայնության սահմանը. Սյունիքը ռազմավարական արժեք կդառնա այն ժամանակ, երբ դրա շուրջ ձևավորվող ռազմավարական հաշվարկներում Հայաստանը ոչ թե կդիտարկվի որպես օբյեկտ, այլ հանդես կգա որպես ինքնուրույն սուբյեկտ՝ ազդելով այդ հաշվարկների ձևավորման և ուղղության վրա։
Արամ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ-ԻՐԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԵՏ


















































