Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Մինչև ինչ-որ սահմանների սահմանազատումը, Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջանը դուրս հաներ իր զավթիչ զորքերը ՀՀ տարածքից»

Սեպտեմբեր 14,2026 13:00 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, օրերս տեղեկություն եղավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Ի՞նչ է ենթադրում սա, ինչո՞ւ նախ չեն վերադարձվում Հայաստանի օկուպացված տարածքները։

-Երբ 2024 թվականին սահմանազատման կանոնակարգը ներկայացվեց խորհրդարան, դա հարց էր, որը ես տվեցի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ասացի՝ ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չեք սկսում հյուսիսարևելքից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այդ հատվածից, այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից ավելի շատ տարածք է գրավել, հարավային ուղղության վրա՝ սկսած Շուռնուխի ճանապարհից, Շուռնուխ, Սև լիճ, Իշխանասար, Ջերմուկ։ Եվ շատ հետաքրքիր ու պարադոքսալ էր Արարատ Միրզոյանի պատասխանը՝ «եթե ինձնով լիներ․․․»։ Այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցը Հայաստանի կառավարությունով չի, իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։

Այստեղ ակնհայտ է, թե Ադրբեջանն ինչ է պահանջելու, պահանջելու է այսպես կոչված ու ինչ-որ անհասկանալի «անկլավներ»։ Նիկոլ Փաշինյանն այդ ինչ-որ անհասկանալի անկլավներին անծանոթ ադրբեջանական անուններ է տալիս, և ես կարծեմ, այդ գործընթացի արդյունքում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որոշ հատվածներ կփոխանցվեն Ադրբեջանին։ Կստանա՞ արդյոք Հայաստանը Բերքաբերի շրջանում 800 հա տարածք՝ Բերքաբերի ջրամբարի ուղղությամբ, շատ եմ կասկածում։

Իսկ ձեր տված հարցը, իհարկե, տրամաբանական է և ճիշտ։ Մինչև ինչ-որ սահմանների սահմանազատումը, Ադրբեջանը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանի դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածքից, որն իրենք օկուպացրել են 44-օրյա պատերազմի հետևանքներով։ Եկեք ընդունենք, որ թե 2021 թվականի մայիսի ներխուժումը Խոզնավարի և Սոթքի հատվածներում, թե 2022 թվականի հարձակումը 44-օրյա պատերազմի ուղղակի շարունակությունն էին։ Պատերազմը 44 օր չի տևել, այն սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ ակտիվ փուլը վերջացել է, երբ Ադրբեջանը հայաթափեց Արցախի Հանրապետությունը։ Դրանք մեկ պատերազմի փուլեր են։

Ինչևէ, այսինքն՝ ամբողջովին ձեզ հետ համաձայն եմ, որ Հայաստանը պետք է պահանջեր, որ Ադրբեջանը դուրս հաներ իր զավթիչ զորքերը։ Դա սահմանազատման հետ որևէ կապ չունի։ Սահմանազատումն ուղղակի սահմանների ճշգրտումն է, այստեղ ճշգրտման հարց գոյություն չունի։ Բայց Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ իրենով չէ այդ գործընթացը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ասիմետրիան, երբ Ադրբեջանը ասում է, պարտադրում է, պաշտոնական Երևանը սիրահոժար կատարում է։

Տեսնելով այս գործընթացները՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել՝ Ադրբեջանն ամենևին էլ մտադի՞ր չէ վերադարձնել ՀՀ օկուպացրած տարածքները։

-Ոչ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ «Քյարքիի» մասին՝ ի նկատի ունենալով Տիգրանաշենը կամ հին հայկական Քարքին։ Ասում է՝ «ես ասում եմ Քյարքի, որպեսզի լարվածությունը նվազի»։ Բայց մեզանից որևէ մեկը չի լսել, որ որևէ ադրբեջանցի պաշտոնյա օգտագործի Արծվաշեն տեղանունը և ասի, որ Արծվաշենը հայկական տարածք է։ Իրենք խոսում են ինչ-որ անհասկանալի Բաշքենդի մասին։ Այսինքն՝ ի՞նչ, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ էսկալացիան չլինի, իսկ Ադրբեջանը գնում է էսկալացիայի՞։ Դա պարզ մի անուն ունի՝ դա ուղղակի անվերապահ կապիտուլյացիան է, որը Փաշինյանը ստորագրել է իր իշխանավարումը երկարաձգելու կամ ապահովելու համար։

Շատ դժվար է համաշխարհային պատմությունից հիշել ևս մեկ օրինակ, երբ հաղթող պետությունը չպահանջի պարտված պետության ղեկավարի փոփոխություն։ Դաշնակից ուժերը եւ Ռուսաստանը հաղթեցին նացիստական Գերմանիային, փոխվեց իշխանությունը, հաղթեցին Ճապոնիային, փոխվեց կառավարությունը, և կայսեր լիազորությունները խիստ սահմանափակվեցին։ Եվ բոլոր պատերազմների ժամանակ է այդպես եղել՝ Ամերիկան հաղթեց Իրաքին, Սադամը չկա կամ հիմա հաղթեցին Վենեսուելային, Չավեսը չկա, հաղթեցին Պանամային, Մանուել Նորյեգան չկա։ Ինչպե՞ս եղավ, որ պատերազմում հանկարծ պարտված ղեկավարը շարունակեց պաշտոնավարել․ որովհետև Ադրբեջանը, շատ մեղմ ասած, ակնկալիքներ ունի պարտված առաջնորդից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել