Փաստաբան Հակոբ Կյուրեղյանի ՖԲ էջից.
2025 թվականի փետրվարի 13-ին հանրագիր էինք ներկայացրել ՀՀ նախագահին՝ պահանջելով, ի թիվս այլնի, թվարկել այն համապետական և համազգային շահերը, որոնցով ՀՀ նախագահն առաջնորդվում է իր լիազորություններն իրականացնելիս։
ՀՀ նախագահի աշխատակազմից ստացվել էր որոշակիությամբ և հստակությամբ աչքի չընկնող մի պատասխան, որում, այնուամենայնիվ, արձանագրվել էր մի կարևոր ելակետ, որն այսօր առավել քան արդիական է․ ըստ ստացված պատասխանի՝ հանրային իշխանության մարմինների գործունեության նպատակները, լիազորությունները և շարժառիթներն ամփոփված են մի շարք հիմնադրույթների շրջանակներում, որոնցից է հայոց պատմական և մշակութային ժառանգության պահպանությունը։
Գնահատելով մերօրյա իրականությունում տեղի ունեցող իրադարձությունները՝ փաստում ենք, որ հանրային իշխանության ներկայացուցիչների առնվազն հետևյալ գործողությունները որևէ կերպ չեն բխում հայոց պատմական և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրույթից․
Կարդացեք նաև
1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը, Եկեղեցու վարկաբեկումը,
2) Հայ ազգի պատմական, կրոնական, հոգևոր խորհրդանիշ հանդիսացող Արարատ լեռան վերաբերյալ մեկնաբանությունները և դրա առնչությամբ վարվող քաղաքականությունը,
3) Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի ոճրագործության վերաբերյալ հակասական հայտարարությունները,
4) ՀՀ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղման հեռացման վերաբերյալ քննարկումները,
5) Արցախում հայկական հետքի վերացումը, բազմադարյա հուշակոթողների, եկեղեցիների ավերումը որպես Ադրբեջանի ներքին գործ որակելը և նշվածի կանխման ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելը,
6) Ադրբեջանի կողմից պատմական ճշմարտության, պատմական իրողությունների խեղաթյուրմանը, ծաղրի առարկա դարձնելուն որևէ համարժեք պատասխան չներկայացնելը,
7) Լիազորությունները ստանձնած Կառավարության անդամների երդման տեքստից «հանուն համազգային նպատակների իրականացման» եզրույթի հեռացումը։
Պահանջում ենք ձեռնպահ մնալ ապօրինի, համազգային շահերին ու նպատակներին հակասող գործողություններից, կարճաժամկետ քաղաքական նպատակահարմարության փոխարեն առաջնորդվել սերունդների առջև պատասխանատվության հիմնարար սկզբունքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրական շահը։


















































