«Մեր հետազոտությունները եւ երիտասարդների հետ աշխատանքի ընթացքում արված դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդների զգալի մասը հետաքրքրված չէ քաղաքական գործընթացներով: Դա մի շարք համակարգային խնդիրների պատճառով է, եւ ինչպես ենք հասել այն իրավիճակին, որ 2018թ բավականին ակտիվ մասնակցությունից հետո այժմ նման ցածր քաղաքական մասնակցություն ենք տեսնում»,- Մեդիա կենտրոնում կայացած «Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը:
Նրա խոսքով. «Պատճառներից մեկը հայաստանյան քաղաքական մշակույթն է: Բազմաթիվ երիտասարդներ ասում են, որ քաղաքականությամբ հետաքրքրվելն իրենց համար օրինակելի չէ, հարիր չէ, եւ ընդհանրապես զբաղվելը այդքան էլ բարոյական աշխատանք չէ: Մյուս պատճառը քաղաքական դաշտի դերակատարներն են: Մեր եւ երիտասարդների հետ քննարկումներում շատ հաճախ հնչում է այն միտքը, որ այնտեղ չկան օրինակելի մարդիկ, ումից կարող ենք օրինակ վերցնել, ով մեզ կմոտիվացնի՝ զբաղվել քաղաքականությամբ, այն խոսույթը, ատելության խոսքը, շփման մշակույթը, բռնությունը, որ կա քաղաքական դաշտում, գրավիչ չի դարձնում դաշտը երիտասարդների, կանանց եւ տարբեր խմբերի համար:
Մյուս խնդիրը կուսակցական համակարգի ոչ այնքան կայացած լինելն է: Յուրաքանչյուր երկրում, որտեղ կան այդքան շատ երիտասարդներ, կուսակցությունները պետք է խելամիտ լինեն եւ փորձեն ներգրավել այդ մեծ խումբը, որտեղ նաեւ ընտրողներն են, սակայն միայն ընտրությունից ընտրություն են կուսակցությունները երիտասարդների հետ աշխատանք վարում, մինչդեռ քաղաքականապես հասուն երիտասարդները աճում են կուսակցական պրոցեսների մեջ»: Գրիգոր Երիցյանը հավելեց, որ այլ հարակից խնդիրներ էլ կան, ինչպես օրինակ, քաղաքացիական կրթության վիճակը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդները հակված են ավելի շատ մասնակցելու սոցիալական թեմաներով բողոքի ակցիաների ու շարժումների՝ ապաքաղաքական կոնտեքստում, զբաղվել կամավորական աշխատանքով: Բայց երբ հերթը հասնում է քաղաքական պրոցեսներին, տեսնում ենք ապատիա, հետաքրքրության բացարձակ պակաս:
Կարդացեք նաև
Մի փոքր հարցախույզ էինք իրականացրել, թե 13-20 տարեկան երիտասարդներից քանիսը գիտեն ՀՀ նախագահի անունը: Հասկացանք, որ իրապես երիտասարդների համար քաղաքական համակարգը հասկանալի չէ, ընկալելի չէ, գրավիչ չէ: Երիտասարդներից շատերը նաեւ քաղաքական որեւէ գործչի չէին ճանաչում: Կարծում եմ այստեղ մեր քաղաքական գործիչները շատ թերացել են՝ զբաղվում են ակտիվ գործունեությամբ, կուսակցություններ են բացում, սակայն 100 երիտասարդներից միայն մեկն է իրենց ճանաչում»,-ընդգծեց «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահը:
«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը համաձայնեց Գրիգոր Երիցյանի դիտարկումներին: Նա էլ երիտասարդների՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու այլ պատճառներ հավելեց: «2018թ. հեղափոխությունը կրկին ինչի՞ պատճառ էր՝ գործող անարդար համակարգի, բոլորից զզվելու, երիտասարդական քաղաքականությունը ձախողելու, տարբեր կուսակցությունների, հատկապես քաղաքական մեծամասնության երիտթեւերը ոչ բարոյական ստանդարտներով հավաքագրելու արդյունք էին: Այսինքն, համակարգը կոռոզիայի էր ենթարկվել»:
Նա ընդգծեց, որ 2018-ին երիտասարդությանը տված խոստումներն իրականություն չդարձան. «Մեզ մեղադրում են, որ նաեւ մենք ենք առաջնորդել երիտասարդական շարժումը հատկապես ուսանողական հատվածում, բայց չենք կարողացել այնպես անել, որ գործող քաղաքական մեծամասնությունը իր խոստացած ռեֆորմները կատարի: Ռեֆորմներից մեկը վերաբերվում էր բուհերին: Եթե նայենք, թե 2018-ից հետո բուհերն ինչ վիճակում են, ապա կտեսնենք, որ որոշ հարթությունների վրա ավելի վատ իրավիճակ է ձեւավորվել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի




















































