Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՊՄԿ 2025 թվականի հաշվետվությամբ ՀՀ-ն հայտնվում է հետաքրքիր քարտեզի վրա. Արմեն Ստեփանյան

Սեպտեմբեր 15,2026 22:33 Share

«Հանքարդյունաբերության ոլորտում միշտ էլ աղմուկը շատ է։ Այդ աղմուկը որոշ դեպքերում մասնագիտական առումով հիմնավորվում է, որոշ դեպքերում՝ կրկին մասնագիտական առումով, դրան փորձում են հակադրվել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման զեկույցը համակարգի համար իմունիտետի բարձրացում է, հանքարդյունաբերության շուրջ առկա բոլոր տեսակի աղմուկը մեղմելու և հավատ ձևավորելու արդյունաբերության նկատմամբ, որ նպատակը մեկն է՝ նպաստել տնտեսության առաջընթացին, մարդկային կապիտալի զարգացմանը, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով երկրում մարդկային կապիտալի ձևավորմանը՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ պահպանելու շրջակա միջավայրը, ընդերքը, ջուրը և պետությունը»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)՝ կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Նա խոստովանեց, որ այդ հաշվետվությունն իր համար շատ հետաքրքիր և կարևոր խորհուրդ ունի. «Քանի որ լավագույն ուղերձն է մասնավոր ինդուստրիալ ոլորտից, թե ինչպես պետք է բովանդակային զեկույցները ներկայացվեն ու դրանց մասին երկխոսություն ձևավորվի հենց ակադեմիական կառույցներում։

Իմ խորը ընկալմամբ՝ կայուն զարգացման զեկույցը լոկ մասնագիտական տերմինոլոգիաներով ձևակերպված փաստաթղթի մասին չէ, այլ զեկույց է հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանման և գործունեության իրականացման մեջ նոր մասնագիտական փիլիսոփայության և մոտեցումների մասին է։ Այս զեկույցը բացառապես պատրաստվել է տարբեր ժամանակաշրջանում իրականացված հետազոտությունների եզրահանգման արդյունքում»։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինն էլ ասաց, որ ի սկզբանե իրենք առաջնորդվել են այն համոզմամբ, որ կայուն զարգացման հաշվետվությունը չպետք է լինի պարզապես կորպորատիվ ձևական հրապարակում. «Մեզ համար այն ընկերության հաշվետվողականության, կառավարման և շարունակական կատարելագործման գործիք է։

Վերջին տարիներին մենք առաջընթաց ենք գրանցել բազմաթիվ ուղղություններով՝ կորպորատիվ կառավարման, բնապահպանական կառավարման, կլիմայական օրակարգի, համայնքների հետ փոխգործակցության, թափանցիկության և ռիսկերի կառավարման ոլորտներում։ Սակայն կայուն զարգացումը չի չափվում ընդունված քաղաքականությունների կամ հաշվետվության էջերի քանակով։ Այն չափվում է նրանով, թե որքանով են այդ սկզբունքները դառնում արտադրությունում ամենօրյա որոշումների անբաժանելի մասը»։

ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրինության ղեկավար Արմեն Ստեփանյանն էլ նկատեց, որ ԶՊՄԿ 2025 թվականի հաշվետվությամբ ՀՀ-ն հայտնվում է հետաքրքիր քարտեզի վրա. «Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ կայուն զարգացումը բիզնես գործընթացներում ներդրված գործընթաց է»։

Ի դեպ, այսօր համալսարանի, ԶՊՄԿ-ի և ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել