Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը 185.5 միլիոն դրամի գույքային հայց ներկայացրեց Արմեն Աշոտյանի և մյուս մեղադրյալների դեմ

Սեպտեմբեր 25,2026 13:41 Share

ՀՀ Դատախազությունը գույքային հայց է ներկայացրել մեղադրյալներ Արմեն Աշոտյանի, Սարգիս Գասպարյանի և Արթուր Ավագյանի դեմ՝ հօգուտ պետական բյուջեի պահանջելով բռնագանձել 185,500,000 դրամի չափով նյութական վնաս կամ դրամական միջոցներ։ Գույքային հայցը ներկայացվեց այսօրվա նիստում՝ պատճառաբանությամբ, թե վերոնշյալ անձանց գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից դուրս է բերվել 185,500,000 դրամի գույք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նույն չափով նյութական վնաս։

Դատախազի ներկայացրած հայցն անակնկալի բերեց անգամ դատավոր Սարգիս Դադոյանին․ «Տիկի՛ն Սաֆարյան, նույն գույքային հայցը քննարկել ենք, դուք գույքային հայց չէիք ներկայացրել, և քրեական դատավարությունը նախատեսում է նախնական դատալսումների փուլում գույքային հայց ներկայացնել․․․ Ինչո՞ւ նախորդ նիստին ասացիք գույքային հայց չունենք, այս նիստին գույքային հայց եք ներկայացնում»։

Մեղադրողը հակադարձեց՝ ասելով, որ նախորդ նիստին ասել է՝ «Այս պահին չունենք»։

Դատավորը հայտարարեց, որ քննարկվող գույքային հայցն ուղղակի տեխնիկական համապատասխանություն է մեղադրանքին, այսինքն՝ գույքային հայցի բովանդակային ուսումնասիրություն չի իրականացվելու այս փուլում․ «Գույքային հայցի բովանդակային ուսումնասիրությանը, բավարարմանը կամ առանց քննության թողնելուն ըստ էության լուծող վերջնական դատական ակտով կանդրադառնանք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պաշտպանական կողմն առարկեց գույքային հայցի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն Աշոտյանն անդրադարձավ դատախազի այն հիմնավորմանը, թե նախորդ նիստին գույքային հայցը չեն ներկայացրել՝ դատավարության մասնակցի կալանքի տակ գտնվելու հանգամանքը հաշվի առնելով։ Աշոտյանը նշեց, որ այդ «մեծահոգի» փաստարկը տրամաբանական չէ, քանի որ նույն դատախազությունը միջնորդել էր իր կալանքի ժամկետը երկարացնել ևս երեք ամսով:

Դատախազը պարզաբանեց, որ իր խոսքը սխալ է ընկալվել․ ինքը նկատի չի ունեցել «մեծահոգություն», նախորդ նիստին ինքը պատրաստի գույքային հայց չի ունեցել և չի միջնորդել նիստը հետաձգել, որպեսզի արհեստականորեն չերկարաձգի դատական պրոցեսը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գույքային հայցի վերաբերյալ քննարկումը հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա դրան ծանոթանալ, քանի որ դատախազության ներկայացումից հասկանալի չէ նաև, թե ումի՞ց և որքա՞ն պահանջ ունեն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Հիշեցնենք, այս գործով, ըստ մեղադրանքի Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ, իբրև պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Գագիկ Խաչատրյանը 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։

Մեղադրանքի համաձայն՝ Աշոտյանի գործողությունների արդյունքում ՀՀ սեփականության ֆոնդից դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 208,908,500 դրամ արժեքով, առանձնապես խոշոր չափերով՝ 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը, և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ։ Բացի այդ, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։

Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում են հիշյալ ժամանակահատվածում համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը և պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930