Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության ամենաբարձր պետական ձևը դաս քաղելն ու չկրկնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան

Սեպտեմբեր 27,2026 19:37 Share

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր նախ խոնարհման օր է։ Հիշողության ու լռության։ Մեր զոհերի անունների, նրանց չապրած կյանքերի, չվերադարձած որդիների, չկառուցված ընտանիքների առաջ ցանկացած խոսք պետք է սկսվի հարգանքով։ Բայց ես այսօր իմ հարգանքի տուրքը ուզում եմ մատուցել նաև այնպես, ինչպես կարող եմ և պարտավոր եմ իմ մասնագիտությամբ՝ մեր ապրած ցավը փորձելով վերածել պետական գիտելիքի։ Որպես հայ՝ խոնարհվել նրանց հիշատակի առաջ, իսկ որպես մասնագետ՝ փորձել հասկանալ և ձեզ հետ խոսել այն մասին, թե ինչու դա տեղի ունեցավ, ինչ էինք պարտավոր հասկանալ մինչև սեպտեմբերի 27-ը և ինչ այլևս իրավունք չունենք չհասկանալու դրանից հետո։

Վիշտը շատ է լինելու, ցավն էլ, մեղքն ու մեղադրանքն էլ։ Բայց եթե այդ ամենից հետո մենք չկարողանանք հասկանալ, ուժ գտնել, ոտքի կանգնել և ամրանալ, ուրեմն հիշողությունը չենք վերածել պետական փորձի։ Պետությունները պարտությունից դուրս են գալիս ոչ միայն հիշելով իրենց կորուստները, այլ կորուստը գիտելիքի, գիտելիքը՝ քաղաքականության, իսկ քաղաքականությունը՝ նոր պետական կարողության վերածելով։ Ինձ համար սա է նաև զոհվածների հիշատակի նկատմամբ պատասխանատվությունը՝ ոչ միայն հիշել, թե ում ենք կորցրել, այլ անել ամեն ինչ՝ հասկանալու համար, թե ինչու կորցրինք և ինչպես կառուցել պետություն, որը նույն ճանապարհը երկրորդ անգամ չի անցնի։

Ես չեմ ուզում իմ հայրենակցին մենակ թողնել պատերազմի ու խաղաղության, պետության ու անվտանգության մասին բանսարկուների, պատեհապաշտների և քաղաքականությունից քիչ հասկացող, բայց քաղաքականությամբ համառորեն զբաղվող մարդկանց աղմուկի մեջ։

Այնտեղ, որտեղ անհրաժեշտ են քաղաքական միտք, գիտություն, պետականագիտություն և ռազմավարական հաշվարկ, մենք իրավունք չունենք բավարարվելու ահագնացող պոպուլիզմով, երևույթների ձևախեղմամբ, բամբասանքով, պատեհապաշտությամբ, օրվա շահին հարմարեցված կարծիքով կամ հերթական գեղեցիկ կարգախոսով։

Պետությունը զգացմունքով սիրում են, բայց զգացմունքով չեն կառավարում։ Պետական շահը սահմանում են, ռիսկը՝ հաշվարկում, հակառակորդի կարողությունները՝ գնահատում, ուժերի հարաբերակցությունը՝ չափում, իսկ անվտանգությունը՝ կառուցում։ Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների ամբողջ տրամաբանությունն էլ այստեղ սկսվում է շատ պարզ տարբերակումից՝ ինչ ենք մենք ցանկանում և ինչ կարող ենք ապահովել, ինչ է հայտարարում մյուս պետությունը և ինչպիսի կարողություն ունի իրականացնելու իր հայտարարածը, ինչ է խաղաղության խոստումը և ինչն է այն դարձնում կայուն քաղաքական վիճակ։ Մեր տարածաշրջանում այս տարբերությունները չտեսնելու գինը վաղուց տեսական չէ։ Մենք այն վճարել ենք հողով, տներով, գերեզմաններով, պետական կարողությամբ և մարդկանց կյանքերով։

Եվ հենց դրա համար ուզում եմ ձեզ հետ ազնիվ խոսել։ Ոչ թե վախեցնելու, ոչ թե ցավը շահարկելու, առավել ևս՝ պատերազմի անխուսափելիություն քարոզելու համար։ Ես չեմ ուզում պատերազմ, բայց հենց դրա համար էլ խաղաղության մասին խոսակցությունը պետք է լինի ոչ միայն բարոյական ցանկություն, այլ պետականագիտական հաշվարկ։ Խաղաղություն ցանկանալը մարդկային է, իսկ այն ապահովելը՝ պետական գործ։ Իսկ պետական գործը սկսվում է իրականությունը տեսնելուց այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին կուզենայինք, որ լիներ։

Ուստի առաջարկում եմ մի պահ մի կողմ դնել բոլոր կարգախոսները և Ադրբեջանին նայել որպես պետության՝ իր շահերով, պատմական քաղաքականությամբ, ինստիտուտներով, ռեսուրսներով և երկարաժամկետ նպատակներով։

Տարիներ շարունակ այնտեղ քաղաքական, գիտական, կրթական, լոբբիստական, դիվանագիտական, կրոնական ու տեղեկատվական մակարդակներում կառուցվել է մի ամբողջական համակարգ։ Տարածքի, պատմության ու ժառանգության մասին այդ համակարգի պատկերացումները դարձել են նաև ադրբեջանական ազգային ինքնության, պատմական հիշողության և պետական քաղաքականության ձևավորման և հիմնավորման կարևոր բաղադրիչ։ Նույն համակարգը ներսում կառուցում և վերարտադրում է ադրբեջանական ազգային «մենք»-ի որոշակի պատկերացում, իսկ դրսում պատմական հիմնավորում և միջազգային լեգիտիմություն է ստեղծում Հայաստանի նկատմամբ ձևակերպվող քաղաքական պահանջների համար։

Երբ տարածքային կամ պատմական պահանջը մնում է մեկ առաջնորդի՝ այս պարագայում Ալիևի հայտարարության մակարդակում, այն կարելի է դիտարկել որպես ընթացիկ քաղաքական հռետորաբանություն։ Բայց երբ նույն պատկերացումը վերարտադրվում է կրթության, քարտեզագրության, գիտական խոսույթի, մշակութային ժառանգության մեկնաբանության, պետական հաստատությունների և հասարակական հիշողության միջոցով, մենք արդեն գործ ունենք ինստիտուցիոնալացված նարատիվի հետ։ Իսկ ինստիտուցիոնալացված նարատիվը քաղաքականության համար ավելի կայուն ռեսուրս է, քան որևէ մեկ առաջնորդի առանձին հայտարարություն։

Հիմա փորձեք այս ամենը կարդալ ոչ միայն որպես քաղաքագիտական բանաձև, այլ որպես հայ մարդ։ Ադրբեջանի քաղաքական, հանրային, կրթական և պետական մակարդակներում հետևողականորեն վերարտադրվում է այն պատկերացումը, թե այն հողը, որի վրա մեր տունն է, պատմականորեն մերը չէ։ Այն քաղաքը, որտեղ ծնվել եք, ուրիշ անուն ունի։ Լիճը, որի ափին մեծացել եք, ուրիշ անուն ունի։ Ձեր եկեղեցին իրականում ձերը չէ։ Ձեր պատմությունն այստեղ առաջնային չէ։ Իսկ դուք ինքներդ այս տարածքում ոչ թե պատմական սուբյեկտ եք, այլ պատմական շեղման հետևանք։ Հենց այս տրամաբանության մեջ Սևանը դառնում է «Գյոյչա», Երևանը՝ «Իրեվան», Սյունիքը՝ «Արևմտյան Զանգեզուր», Հայաստանի տարածքը՝ «Արևմտյան Ադրբեջան», հայկական եկեղեցական ժառանգության մի մասը՝ «կովկասյան ալբանական»։

Այստեղ քաղաքագիտությունն ու մարդկային զգացողությունը հանդիպում են իրար։ Երբ ուրիշ պետությունը վերանվանում է քո տունը, վերաշարադրում քո պատմությունը և սեփական ազգային հիշողության մեջ քո հայրենիքի մի մասը ներկայացնում որպես իր կորցրած տարածք, պետական մտածողությունը պարտավոր է դա գրանցել որպես ռազմավարական նշանակություն ունեցող փաստ՝ ոչ խուճապով, ոչ ատելությամբ, ոչ էլ ինքնախաբեությամբ։ Պարզապես սառը պետական հաշվարկով։ Որովհետև տեղանունը տարածքի անձնագիրն է, պատմությունը՝ դրա պատկանելության հիմնավորումը, իսկ նարատիվը՝ վաղվա քաղաքական պահանջի նախապատրաստումը։

Գաղափարը դառնում է նարատիվ, նարատիվը՝ ադրբեջանական «մենք»-ի մաս, «մենք»-ը՝ ինստիտուցիոնալ քաղաքականության հիմք, իսկ քաղաքական պահանջը փորձ է արվում դարձնել միջազգային օրակարգ։ Հենց դրա համար այս ամենը չի կարելի չափել միայն Ալիևի այսօրվա կամ վաղվա հայտարարությամբ։ Քաղաքական առաջնորդի հայտարարությունը կարելի է փոխել մեկ օրում, իսկ պետականորեն վերարտադրվող ինքնությունը՝ ոչ։ Երբ գաղափարը հասնում է դասագիրք, քարտեզ, գիտություն, մշակութային ժառանգություն, պետական խոսույթ և հասարակական հիշողություն, այն քաղաքական առաջնորդից ավելի երկար կյանք է ստանում։

Եվ հիմա՝ մեր սեփական փորձը։ Այն, ինչ ապրել ենք մեր անցած ճանապարհի սառը ու ցավոտ տրամաբանությամբ։ Սումգայիթը ցույց տվեց՝ ինչ կարող է անել թշնամական նարատիվը մարդու հետ։ Արցախյան առաջին և երկրորդ քառօրյա պատերազմը՝ ինչ կարող են անել կամքը, կազմակերպվածությունն ու ուժը քաղաքական իրականության հետ։ 44-օրյա պատերազմը՝ ինչ է տեղի ունենում, երբ ուժերի հարաբերակցությունը փոխվում է քո դեմ,իսկ դու այդ ընթացքում ավելի երկրորդայինը դարձնում ես առաջնային , 2023-ը Արցախի կորստով ցույց տվեց, ինչ է տեղի ունենում, երբ կորցնում ես զսպումը և քեզ դուրս դնում բարոյական, ազգային և պետական պատասպանատվությունից հայ մարդու հանդեպ։

Մենք սա չենք սովորել։ Մենք սա ապրել ենք։

Հենց դրա համար սեպտեմբերի 27-ին ուզում եմ հիշեցնել մի բան, որն այլևս մեզ համար տեսություն չպետք է լինի. պատերազմները միշտ չէ, որ սկսվում են առաջին կրակոցով։ Մինչև կրակոցը լինում է պատմությունը, որը վերաշարադրում են։ Քարտեզը, որը վերանվանում են։ Երեխան, որին դպրոցում սովորեցնում են, թե որն է իր «պատմական հայրենիքը»։ Դիվանագիտությունը, որը ձևավորում է միջազգային միջավայրը։ Բանակը, որը զինում են։ Դաշինքները, որոնք կառուցում են։ Եվ ուժերի հարաբերակցությունը, որը տարիներով փոխում են։ Կրակոցը երբեմն պարզապես երկար կառուցված քաղաքականության շարունակությունն է այլ գործիքով։

Հենց այստեղ է իմ սկզբունքային անհամաձայնությունը «իրական հայաստանի» «խաղաղության» կոնցեպտի հետ։ Ես խաղաղության դեմ չեմ։ Ես այնքան եմ ուզում իրական խաղաղություն, որ չեմ կարող բավարարվել դրա անունով կամ քաղաքական բրենդով։ Խաղաղությունը պետության բնական նպատակն է, բայց քաղաքական գիտության մեջ այն ցանկություն չէ, կարգախոս չէ և առավել ևս՝ բրենդ չէ։

Խաղաղությունը կայուն է այն ժամանակ, երբ գոյություն ունի շահերի, կարողությունների, սահմանափակումների և զսպման այնպիսի համակարգ, որի պայմաններում պատերազմն ու պարտադրանքը հակառակորդի համար դառնում են անընդունելիորեն թանկ։ Խաղաղություն ցանկանալն ու խաղաղություն ապահովելը տարբեր քաղաքական կատեգորիաներ են։

Եվ այստեղ ես ունեմ մեկ պարզ պետականագիտական հարց։ Եթե Հայաստանը փոխում է իր քաղաքական լեզուն, հրաժարվում է պահանջներից, վերանայում է անվտանգային պատկերացումները, գնում չլսված զիջումների, հարմարվողականության և այդ ամենը հիմնավորում «խաղաղությամբ», իսկ Ադրբեջանն ինչի՞ց է հրաժարվել։ Հրաժարվե՞լ է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգից, «Գյոյչայի» ու «Արևմտյան Զանգեզուրի» բառապաշարից կամ «վերադարձի» պահանջից։ Հայկական եկեղեցական ժառանգության «ալբանական» վերագրման քաղաքականությունի՞ց։ Եթե ոչ, ապա ես իրավունք ունեմ առնվազն արձանագրելու անհամաչափությունը՝ հայկական կողմը վերանայում է սեփական քաղաքական ու անվտանգային մտածողությունը, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել և զարգացնել իր պահանջների գաղափարական ու ինստիտուցիոնալ ենթակառուցվածքը։

Ադրբեջանցուն ատելը ոչ պետական քաղաքականություն է, ոչ էլ իմ ասելիքը։ Հակառակորդ պետության ռազմավարությունը հասկանալը ատելություն չէ այլ պետական պատասխանատվություն է։ Realpolitik-ը հենց այստեղ է սկսվում՝ պետություններին գնահատել ոչ թե մեր համակրանքներով ու հակակրանքներով, այլ նրանց շահերով, կարողություններով, վարքով և այն գնով, որը նրանք պատրաստ են վճարել իրենց նպատակների համար։

Պարտադիր չէ նույնիսկ պնդել, թե Ադրբեջանի նպատակը Հայաստանի ֆիզիկական վերացումն է։ Պետությունը կարելի է թողնել քարտեզի վրա, բայց այնքան նեղացնել նրա ինքնուրույն որոշումների տարածքը, որ քարտեզի վրա եղած պետությունը գնալով ավելի քիչ կարողանա որոշել իր ճակատագիրը։ Ինքնիշխանությունը միայն դրոշը, սահմանը և ՄԱԿ-ում աթոռը չեն։ Ինքնիշխանությունը նաև կենսական շահիդ հարցում «ոչ» ասելու և այդ «ոչ»-ի հետևանքներին դիմանալու կարողությունն է։

Դրա համար ինձ այսօր ամենից քիչ հետաքրքրում է պարզունակ հարցը՝ «վաղը պատերազմ լինելո՞ւ է»։ Պետական ռազմավարությունը չի կառուցվում գուշակության վրա։ Այն կառուցվում է սցենարների, ռիսկերի, կարողությունների և հակառակորդի հնարավոր վարքի գնահատման վրա։ Ուստի իմ հարցն ուրիշ է՝ ի՞նչ Հայաստան է անհրաժեշտ Ադրբեջանին իր երկարաժամկետ շահերի համար, և ի՞նչ Հայաստան ենք մենք կառուցում ու թողնելու մեր երեխաներին։

Սումգայիթից, Արցախյան առաջին պատերազմից, քառօրյա պատերազմից, 44-օրյա պատերազմից և 2023 թվականի Արցախի կորստից հետո մենք չափազանց թանկ ենք վճարել՝ կրկին «դե դա չի լինի» ասելու համար։ Պետության գործը ապագան գուշակելը չէ։ Պետության գործը հնարավոր վտանգը ժամանակին տեսնելն է, սեփական շահը սահմանելը, ուժ կուտակելը և այնպիսի հարաբերակցություն կառուցելը, որ քեզ պարտադրելը դառնա անընդունելիորեն թանկ։ Կրկնում եմ թանկ, ոչ թե ապանյարդայինացած:

Այսօր մենք հիշում ենք մեր զոհերին։ Բայց հիշողության ամենաբարձր պետական ձևը միայն խոնարհումը չէ։
Հիշողության ամենաբարձր պետական ձևը դաս քաղելն ու չկրկնելն է։

Քարոզչությունն ասում է՝ մի՛ անհանգստացեք, խաղաղություն է։ Պետությունը չի հանգստացնում։ Պետությունը գիտի, հիշում է, մտածում, հաշվարկում, ամրանում և զսպում է։ Զսպում է, ոչ թե ապազգոնացնում։ Զգոն է պահում, ոչ թե օտարի շահից ծնված պատկերացումները սեփական հասարակության մտածողության մաս դարձնում։

Այնպես անենք, որ հաջորդ սեպտեմբերի 27-ը հիշելու օր լինի, ոչ թե նորից կորցնելու։ Փառք զոհվածներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել