Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այժմ չի ներկայացվել հստակ պատկերը՝ որտեղից է հայտնվել սնդիկը, և, ամենակարևորը՝ ե՞րբ է Ծավի ջուրը կրկին անվտանգ լինելու. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2026 10:18 Share

Բոլորը ինչ-որ բան ուսումնասիրում են, բայց գրեթե մեկ ամիս անց հանրությունը դեռ չունի ամենապարզ պատասխանը՝ ի՞նչ է կատարվել Ծավի ջրի հետ։

Այնինչ խնդիրը ոչ թե պարզապես թղթապանակում մնացած հերթական վարչական հարցն է։ Խոսքը մարդկանց խմելու և կենցաղային ջրի մասին է։

Առողջապահության նախարարությունն ինքն էր բնակիչներին հորդորել մինչև ջրի որակի վերականգնումը ընդհանրապես չօգտագործել ջուրը՝ ոչ միայն խմելու, այլև կենցաղային նպատակներով։

Արդյունքում Ծավի բնակիչները շուրջ մեկ ամիս ապրում են արտակարգ ռեժիմով։ Ջուրը բնակիչներին մատակարարվում է համայնքային միջոցներով՝ տարաներով և շշալցված տարբերակով։ Մեր տեղեկություններով՝ ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում նաև տվյալ տարածքում գտնվող զորամասում, որտեղ ևս ջրամատակարարման այլընտրանքային միջոցներ են կիրառվում։

Ու այստեղ առաջանում է շատ պարզ հարց․ եթե պետական մարմինները դեռ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ վաղը իրենց ծորակից հոսող ջուրը անվտանգ է։

Առավել ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ջրերն աղտոտելու վերաբերյալ։

Այսինքն՝ պետությունը ոչ միայն արձանագրել էր վտանգավոր ցուցանիշ, այլև հարցը հասցրել էր քրեական վարույթի մակարդակի։ Բայց դրանից հետո էլ հասարակությանը մինչ այժմ չի ներկայացվել հստակ և ամբողջական պատկերը՝ որտեղից է հայտնվել սնդիկը, ինչն է դրա աղբյուրը, ինչ է հայտնաբերվել հետագա ուսումնասիրություններով և, ամենակարևորը՝ ե՞րբ է Ծավի ջուրը կրկին անվտանգ լինելու։

Այս իրավիճակը գնալով սկսում է ավելի շատ նմանվել ոչ թե արագ և համակարգված քննության, այլ պատասխանատվության փոխանցման շղթայի։

Մեկը սպասում է մյուսին, մյուսը՝ փորձաքննության արդյունքներին, երրորդը՝ վարույթի ավարտին։

Իսկ գյուղացին սպասում է ջրին։ Գրեթե մեկ ամիս։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական համակարգում արդեն կա մտավախություն, որ պատմությունը կարող է ավարտվել ոչ թե իրական պատճառի բացահայտմամբ, այլ հերթական «ցուցադրական» աշխատանքով․ երբ ամիսներ շարունակ տարբեր կառույցներ հայտարարում են, որ ուսումնասիրում են խնդիրը, իսկ վերջում հանրությանը ներկայացվում է այնքան ընդհանրական պատասխան, որ այդպես էլ պարզ չի դառնում՝ իրականում ինչ է տեղի ունեցել։

Այսինքն՝ հնարավոր է ստացվի ամենահարմար տարբերակը՝ ոչ ոք պատասխանատու չլինի, ոչ ոք չասի՝ որտեղից է սնդիկը հայտնվել, իսկ ամբողջ պատմությունը պարզապես «փակվի» փորձաքննությունների և իրականացված աշխատանքների մասին ընդհանուր ձևակերպումների տակ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031