Շաքիում նախօրեին տեղի ունեցած միջադեպը հասցրել է արժանանալ հանրային բուռն արձագանքի, ինչը միանգամայն բնական է։ Տեղի ունեցածի առիթով կա թերեւս ուշադրության արժանի բավականին հետաքրքիր մի հանգամանք։ Նախօրեին Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպը պաշտոնապես հաստատած ԱԱԾ հաղորդագրությունը սկսում է հետեւյալ պարբերությամբ․ «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը»։
Այդպիսով, սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը Հայաստանին տեղեկացնում է, որ զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է սահմանային ծառայության վայրը։ Սեպտեմբերի 30-ին, Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Այս նիստի մասին տեղեկությունը բավականին ուշագրավ էր հնչում Հայաստան՝ Ռոսատոմ ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Լիխաչեւի այցի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ֆոնին։ Առավել եւս, որ Երեւանից մեկնելիս Լիխաչեւն արել էր բավականին հետաքրքիր ու բազմիմաստ հայտարարություններ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ ըստ էության «յուղ» լցրեց դրանց բազմիմաստության վրա, հայտարարելով, որ մոդուլային ատոմակայանը կարող է չբավարարել Հայաստանի կարիքները։
Բայց, այդ ամենով հանդերձ, հոկտեմբերի 1-ին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպը նոր լույսի ներքո է ներկայացնում սեպտեմբերի 30-ին կայացած ԱԽ նիստը։ Եվ առնվազն հարց է առաջացնում, թե արդյոք նիստի ընթացքում քննարկվե՞լ է այն, ինչ նիստից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին Հայաստանին հայտնել է Ադրբեջանը, զինծառայողի՝ ծառայության վայրը անհայտ հանգամանքներում լքելու մասին։ Համենայնդեպս, տարօրինակ կլինի, եթե ԱԽ նիստում քննարկված չլինի այդ հարցը։ Միեւնույն ժամանակ, երկու՝ քննարկված լինելու, եւ չլինելու պարագայում էլ ինքնին տարօրինակ է, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանը տեղեկանում է փաստացի ռիսկի մասին, բայց չի ձեռնարկում բավարար միջոցառումներ, որ ադրբեջանցի զինծառայողը չհայտնվի հայաստանյան բնակավայրում եւ առավել եւս հնարավորություն չունենա որեւէ կերպ վտանգ ներկայացնել բնակիչների համար։
Այդ իմաստով, Շաքիի դեպքը այն մասին չէ, որ չկա իրական խաղաղություն։ Իրական խաղաղության բացակայությունը չափազանց պարզ է առանց այդ դեպքի էլ։ Շաքիի դեպքը Հայաստանում անվտանգության՝ պետական կենսունակ համակարգի բացակայության մասին է։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



















































