Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի մասին խոսելիս իշխանությունը սիրում է բարձր տոկոսները։ Բայց երկրի ապագան որոշվում է նրանով, թե այդ տոկոսների հետևում ինչ է ստեղծվում. Դավիթ Անանյան

Հոկտեմբեր 06,2026 17:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է 2026 թվականի հունվար–օգոստոսի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող հիմնական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.3 տոկոս է։ Սակայն այդ թիվը տնտեսական հաջողություն ներկայացնելուց առաջ արժե բացել նույն վիճակագրության հաջորդ էջերը։

Արդյունաբերության ութամսյա աճը 7.4 տոկոս է, բայց օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդեն արձանագրվել է 4.3 տոկոս անկում, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 6.8 տոկոս։ Հունվար–օգոստոսին հանքագործությունն աճել է 24.3 տոկոսով, մինչդեռ մշակող արդյունաբերությունը՝ ընդամենը 5 տոկոսով։ Աճի ընդհանուր ցուցանիշը քողարկում է դրա կառուցվածքային անհամաչափությունն ու վերջին ամիսների թուլացումը։ Իսկ էլեկտրական սարքավորանքի արտադրության 9.6 և մեքենաների ու սարքավորանքի առանձին ենթաճյուղի 52.1 տոկոս անկումները հարց են առաջացնում՝ նախկին աճը որքանո՞վ էր տեղական արտադրական կարողությունների ամրապնդման, որքանո՞վ՝ դեպի Ռուսաստան առևտրային ու վերարտահանման հոսքերի հետ կապված ժամանակավոր ակտիվության արդյունք։

Արտահանման կառուցվածքն ավելի խոսուն է։ Ապրանքների արտահանումը նվազել է 6.5 տոկոսով՝ կազմելով 4.62 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 9.3 տոկոսով՝ հասնելով 8.65 մլրդ դոլարի։ Ապրանքային առևտրի պակասուրդն ընդլայնվել է մոտ 36 տոկոսով՝ գերազանցելով 4 մլրդ դոլարը։

Կասեն՝ արտահանման անկումը թանկարժեք մետաղների ու քարերի հոսքերի նվազման հետևանք է։ Սակայն այդ բացատրությունը պատկերի միայն մի մասն է։ Թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից իրերի ապրանքախումբը բացառելու դեպքում արտահանումն իսկապես աճում է մոտ 15 տոկոսով։ Բայց եթե բացառենք նաև հանքահումքային արտադրանքը, մնացած արտահանումը նվազում է մոտ 1.9 տոկոսով։ Հանքահումքային արտադրանքի կշիռն ընդհանուր արտահանման մեջ մեկ տարում 14.5 տոկոսից հասել է 27.6 տոկոսի։ Այսինքն՝ արտահանման կառուցվածքում հումքային ուղղվածությունն ուժեղացել է, իսկ մյուս ուղղությունների համախառն ընդլայնում չի արձանագրվել։

Շինարարությունն աճել է 24.7 տոկոսով, սակայն զարգացման տեսանկյունից վճռորոշ է՝ ինչ ենք կառուցում։ Շինարարության ընդհանուր ծավալի 50.7 տոկոսը բաժին է ընկնում անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, իսկ մշակող արդյունաբերությանը՝ ընդամենը 1.6 տոկոսը։ Կրթական և ենթակառուցվածքային ծրագրերի կարևորությամբ հանդերձ՝ այս կառուցվածքը ցույց է տալիս, որ շինարարական աճը հիմնականում կենտրոնացած է անշարժ գույքի ոլորտում։ Հետևաբար, կառուցապատման բարձր տեմպը դեռ չի նշանակում, որ նույն թափով ընդլայնվում են երկրի արտադրական ու արտահանման հնարավորությունները։

Բյուջեում ևս ամփոփ թվերն ու ծախսերի կառուցվածքը տարբեր պատկերներ են բացահայտում։ Եկամուտներն աճել են 14.4 տոկոսով, ընթացիկ ծախսերը՝ 17.8 տոկոսով։ Միաժամանակ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) 356.5 մլրդ դրամից նվազել են մինչև 267.5 մլրդ՝ նվազելով 89 մլրդ դրամով կամ 25 տոկոսով։

Այս պայմաններում արձանագրվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդ։ Եթե կապիտալ ծախսերը պահպանվեին նախորդ տարվա անվանական մակարդակին, ապա այլ հավասար պայմաններում հավելուրդի փոխարեն կունենայինք մոտ 71.3 մլրդ դրամ պակասուրդ։ Հետևաբար՝ հավելուրդի մասին խոսելիս պարտադիր է բացատրել նաև, թե ինչ ծախսերի նվազման պայմաններում է այն ձևավորվել։ Բյուջեի հաշվեկշիռը դեռ զարգացման արդյունքի գնահատական չէ։

Տնտեսական աճի սոցիալական արդյունքը պետք է գնահատել նաև նրանով, թե որքանով է այն մարդկանց աշխատանքով ապահովում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբաղվածների թիվն ավելացել է 29.7 հազարով։ Սակայն աշխատաշուկա մուտք գործող մարդկանց թիվն ավելի արագ է աճել, և նրանց մի մասը աշխատանք չի գտել, մասնավորապես, գործազուրկների թիվը 166.3 հազարից հասել է 182 հազարի, իսկ գործազրկության մակարդակը՝ 12.3 տոկոսից 13 տոկոսի։ Ավելին՝ երկարատև գործազուրկների թիվը 88.7 հազարից հասել է 101 հազարի։ Այսինքն՝ զբաղվածության աճը բավարար չի եղել գործազրկությունը նվազեցնելու համար, իսկ երկար ժամանակ աշխատանք չգտնող մարդկանց թիվն ավելացել է։

Տնտեսական աճի մասին խոսելիս իշխանությունը սիրում է բարձր տոկոսները։ Բայց երկրի ապագան որոշվում է նրանով, թե այդ տոկոսների հետևում ինչ է ստեղծվում՝ արտադրակա՞ն կարողություն, մրցունակ արտահանո՞ւմ, կայուն աշխատատե՞ղ, թե՞ հերթական հաշվետվությունը զարդարող շրջանառություն։

Այո՛, կան նաև հեռանկարային աճող ուղղություններ․ տեղեկատվության և կապի ոլորտն աճել է 14 տոկոսով, մասնագիտական, գիտական ու տեխնիկական ծառայությունները՝ 12.2 տոկոսով։ Հենց այդ հնարավորությունները պետք է վերածել զարգացման կայուն հենարանների։ Սակայն առանձին հաջողություններով ամբողջ կառուցվածքի խոցելիությունը քողարկելն արդեն տնտեսական քաղաքականության փոխարեն դրա գովազդն է։

Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն, ավելի բազմազան արտահանում և ավելի կայուն աշխատանք։

Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում։ Իսկ ապագայի արտադրական հիմքը չամրապնդող աճը կարող է գեղեցիկ հաշվետվություն ապահովել՝ առանց նույնքան ամուր տնտեսություն ստեղծելու։

ՀՀ վիճակագրական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031