«Ցավալի դեպք է տեղի ունեցել, շատ դժվար է դեպքի մասին խոսելը։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես ցավում ենք յուրաքանչյուր մահվան դեպքի հետ կապված»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այսօր առավոտյան ՔԿՀ-ում մահացած Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին։
«Ցավոք, նման դեպքեր պատահում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում։ Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից։ Ժամը 07։55-ի սահմաններում բուժակն այցելել ու զննել է նրան, իսկ կարճ ժամանակ անց շտապօգնություն է հրավիրվել և արձանագրվել սրտի կանգ»,- ասաց նա՝ ցավակցելով Արսեն Գևորգյանի հարազատներին ու մերձավորներին։ Նա վստահեցրեց, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել, և նրա ինքնազգացողության վատթարացում չի արձանագրվել։
Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում 20-ից ավելի մահվան դեպքեր են եղել։ Արսեն Գևորգյանի մահն այս տարի չորրորդն է։
Արձագանքելով քաղաքական դաշտից այս առիթով իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին՝ Գալյանն ասաց. «Ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվել։ Բոլորս գիտենք՝ ինչ ենթադրյալ հանցագործության մասին է խոսքը տվյալ դեպքում։ Կարծում եմ, որ պետությունը միշտ պետք է պատշաճ արձագանք տա կատարված ենթադրյալ արարքներին։ Պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին և դրանց բացահայտմանը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ի առավոտյան ինֆարկտից հանկարծամահ էր եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ընտրություններից մի քանի օր առաջ, Հակակոռուպցիոն դատարանն ընտրակաշառքի գործով երկամսյա կալանք էր կիրառել նրա նկատմամբ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































