Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա գրված սցենար։ Օրինակ, որ կընդունես, հետո կասես՝ դու չես, կգցես ինչ-որ մեկի վրա, որը հնարավոր չի լինի ապացուցել». Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Նոյեմբեր 25,2026 20:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես համոզված եմ, որ Գեւորգ Հարությունյանը գիտի ավելին, քան ասում է»,- դատարանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի հարցաքննության ավարտից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Այն ցուցմունքը, որ ինքը տվել է նախաքննության փուլում, այնպիսի մանրամասներ է պարունակում, որոնց առկայությունը, լինել կամ չլինելը կապ չուներ, ինչպես ինքն էր ձեւակերպում, մեղքն իր վրա վերցնելու հետ։ Հետեւաբար, տրամաբանական հարց է առաջանում. ինչպես եւ ինչու էր այդպես մանրամասնորեն նկարագրում ամբողջ ընթացքը։ Դատավորը տվեց տրամաբանական հարցեր։ Ի լրումն դրա, ես նույնպես ունեմ մի քանի այլ հարցեր, թե ինչպե՞ս կարող ես դու այդպիսի տեքստ արտաբերել, եթե դու անձամբ այնտեղ չես եղել կամ չես լսել, կամ թե չես տեսել։

Հետեւաբար, այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք գործ ունենք ստախոս մարդասպանի հետ։ Ես չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, երբ դատավարությունը դեռ ընթանում է։ Բայց ակնհայտ է, որ նա ստախոս է։ Եվ դա արդեն իսկ ապացուցված է։ Նրա խոսքերին հավատալը պիտի լինի շատ ծանրակշիռ ապացուցողական հիմքով։

Շատ տրամաբանական հարց է տալիս դատավորը, որ նա բերում է մի հանգամանք, որն ըստ էության անհնարին է բացահայտել կամ պարզել։ Հետեւաբար, կա գրված սցենար։ Օրինակ, որ կընդունես, հետո կասես՝ դու չես, կգցես ինչ-որ մեկի վրա, որը հնարավոր չի լինի ապացուցել։

Ես առիթ եմ ունեցել անցած անգամ ասելու։ Հայաստանի դատավարական պատմության մեջ կա՞ արդյոք ոստիկան կամ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյա, որը նման բանի համար դատվել է, դատարանի որոշում կա՞, թե ոչ։

Ինքը գիտի, որ պաշտոնյան նման հիմքերով չի դատվում։ Հետեւապես, այստեղ ամբողջ սցենար է գործում։ Որ սա կազմակերպված է, որ այստեղ ամբողջ պրոցեսին օգնող կա, ինձ համար ակնհայտ է։ Այս տղան կատարողն է, թե ոչ, ապացույցները դեռ կզննվեն, բայց ես հակասություններ եմ տեսնում նրա խոսքերի մեջ։ Ուստի, ես պիտի շարունակեմ համոզմունք հայտնել, որ այնուամենայնիվ, եթե նա կատարողը չէ, ապա վստահ տիրապետում է ավելի ինֆորմացիայի, քան ասում է»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30